22/11/2024

Հայաստանը դառնում է Ռուսաստանի եւ Իրանի հակառակորդ, ինչը կարող է բերել ծանր հետեւանքի

Հայաստանի ՊՆ-ում ամերիկացի ռազմական խորհրդատուի մասին պաշտոնական տեղեկությունը, որ հրապարակվեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցի միջոցով, Հայաստանում առաջացրեց բավականին բուռն քննարկումներ եւ տարբեր գնահատականներ:

Խնդրո առարկա հարցին անդրադառնալու առիթ ունեցել եմ, շարադևելով հարցադրումներ, որոնց պատասխանները միայն կօգնեն հասկանալ, թե ինչի՞ հետ գործ ունենք՝ ամերիկյան քաղաքական ազդեցության գործիքի՞, թե Հայաստանի պաշտպանական կարիքները բավարարելու միջոցի:

Մի բան կասկածից վեր է, որ անվտանգության, պաշտպանության ոլորտներում ցանկացած արդյունավետ, արդիական, առաջադեմ փորձի կիրառում Հայաստանի համար շատ կարեւոր է, իսկ այդ հարցում ԱՄՆ անվիճելի առաջատարներից մեկն է, եթե ոչ՝ առաջատարը:

Հարցն այն է, թե կոնկրետ գործիքը ինչպիսի տրամաբանությամբ է կիրառվելու, ըստ այդմ՝ Հայաստանի պաշտպանական համակարգի ռեֆորմի համար ինչպիսի արդյունավետությամբ: Այդ ամենով հանդերձ, ժամանակավրեպ են թերեւս դիտարկումներն այն մասին, որ արեւմտյան գործընկերների հետ պաշտպանական հարաբերությունը խորացնելով, Հայաստանը դառնում է Ռուսաստանի եւ Իրանի հակառակորդ, ինչը կարող է բերել ծանր հետեւանքի:

Անկասկած է, որ Ռուսաստանի եւ Իրանի հակառակորդ դառնալը կբերի ծանր հետեւանքի, սակայն Հայաստանի գործընկերությունը արեւմտյան երկրների հետ, չի կարող ինքստինքյան դիտվել Իրանի եւ Ռուսաստանի հետ հակառակորդության «ակտ» կամ «մեկնակետ»: Այդ չափումները գործնականում ժամանակավրեպ են եղել միշտ, եւ այսօր առավել եւս, այն դեպքում, երբ Ռուսաստանն ինքը հայտարարում է Եվրասիական անվտանգության համակարգի մեծ տրանսֆորմացիայի շուրջ քննարկումների անհրաժեշտության մասին, ենթադրելով նաեւ այդ քննարկումներին ՆԱՏՕ անդամ երկրների ներգրավում:

Աշխարհում փոխվում է ոժային հարաբերությունների համակարգը լայն իմաստով, փոխվում է պետությունների ներուժը, տնտեսական հարաբերությունների քարտեզն ու տրամաբանությունը:

Աշխարհակարգային այս մեծ դիմակայությունը ըստ էության հենց այդ ուժերի հարաբերակցության փոփոխության հետեւանք է, որովհետեւ նոր հարաբերակցությունը ենթադրելու է արդեն համաշխարհային լայն եւ բազմաշերտ փոխհարաբերությունների նոր համակարգ: Հայաստաննի պաշտպանական համակարգի կոնցեխտուալ վերանայման հրամայականը նույնիսկ 44-օրյա պատերազմի պարտությունից չէ, որ բխում է:

Անգամ այդ պատերազմի եղած չլինելու, եւ նույնիսկ պատերազմի որոշակի այլ արդյունքի պարագայում անգամ, Հայաստանի պաշտպանական փիլիսոփայությունը միեւնույն է պետք է վերափոխվեր եւ համապատասխանեցվեր համաշխարհային իրողությունների եւ փոփոխությունների ընթացքին:

Անկասկած է, որ Հայաստանի անվտանգային միջավայրում գործնականում բացառվելու է մեկ խաղացողի գերակայության ռեժիմը: Խոսքը Կովկասի, Սեւծովյան ավազանի, Մերձավոր Արեւելքի շղթայի մասին է: Ինչպիսին է լինելու նոր համակարգը, շատ անորոշ է, բայց, հենց այդ անցումային անորոշությունը Հայաստանի համար մեծ հաշվով պարտադիր է դարձնում բազմակողմանի աշխատանքը, իհարկե այդ ընթացքում որեւէ նոր ուղղությամբ բեկման եւ հավասարակշռության նոր խախտում թույլ չտալու աչալրջության անհրաժեշտությամբ:

Հանրագումարում, Հայաստանի խնդիրը իհարկե պետք է լինչ ոչ թե բանակի մոդելային փոփոխությունը «վեկտորային» տրամաբանությամբ, այլ հայկական պաշտպանական մոդելի ձեւավորումը՝ լավագույն միջազգային փորձի ադապտացման միջոցով, բայց սեփական մշակութային նկարագրով եւ կենսափիլիսոփայությամբ: