26/12/2024

ԱՄՆ նախագահի ընտրությունը և ներքաղաքական կյանքը ենթարկվում են շրջադարձի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ի վերջո հայտարարել է նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին: Նա նշել է, որ դա պահանջվում է երկրի ու կուսակցության լավագույն շահից, և ինքը կենտրոնանում է միայն նախագահի պարտականությունները կատարելու վրա:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեկնածությունը հանելու մասին խոսակցությունները սկսեցին Տրամպի հետ նրա առաջին հեռուստաբանավեճից հետո, որտեղ Ջո Բայդենը կրեց ջախջախիչ պարտություն:

Դրանք ուժգնացան Տրամպի հանդեպ անհաջող մահափորձից հետո ինչը էապես բարձրացրեց նրա հաղթանակի հավանականությունը: Ի վերջո, դեմոկրատական կուսակցությունում հաղթեց այն թևը, որը անհրաժեշտ էր համարում Բայդենի հրաժարումը ընտրապայքարից և թեկնածուի փոփոխությունը:

Նրա փոխարեն նոր թեկնածուի ամենից հավանական տարբերակ է դիտվում փոխնախագահ Կամալա Հարիսի առաջադրումը: Բայդենն իր հրաժարման տեքստում չի խոսել որևէ այլ թեկնածուի մասին: Ավելի վաղ հրապարակվում էին տեղեկություններ, որ նա կհանի թեկնածությունը, սակայն չի հայտարարի որևէ նոր թեկնածուի աջակցության մասին:

Նախագահի թեկնածու Տրամպը արդեն իսկ հասցրել է թիրախավորել Կամալա Հարիսին, ինչը թերևս նշանակում է, որ հենց նա է դիտվում նրա հավանական նոր մրցակիցը: Ընդ որում, հարկ է գուցե հիշել օրեր առաջ Պոլիտիկո պարբերականում հրապարակված մի տվյալ, ըստ որի սոցհարցումը ցույց է տվել, որ Հարիսը վարկանիշով գերազանցում է Տրամպին:

Իհարկե, դա մինչև Տրամպի հանդեպ մահափորձն էր, ինչպես նաև բարդ է միարժեք ասել, թե պետքարտուղարության հետ ասոցացվող պարբերականի հրապարակած տեղեկությունը որքանով է ստույգ և որքանով էր պարզապես արտացոլում դեմոկրատական կուսակցության ներսում եղած պայքարը՝ Բայդենի թեկնածությունը հանելու շուրջ:

Բոլոր դեպքերում անկասկած է, որ ԱՄՆ նախագահի ընտրությունը և ներքաղաքական կյանքը ենթարկվում են շրջադարձի, քանի որ մի բան էր Բայդեն-Տրամպ մրցապայքարը, մեկ այլ բան է լինելու Տրամպ-Հարիս պայքարը կամ թեկուզ՝ Տրամպի և որևէ այլ դեմոկրատ թեկնածուի պայքարը:

Առավել եւս, որ բավականին նկատելի էր, որ նախկին նախագահ Տրամպը իր պայքարում շեշտը դնում էր Բայդենի անկենսունակության վրա՝ կոգնիտիվ կարողությունների լրջագույն խնդիրների վրա, որոնք տեսանելի էին անզեն աչքով: Հասկանալի է, որ այլ թեկնածուի պարագայում դրանք չեն լինելու, հետեւաբար Տրամպի համար առաջանալու է նոր մարտավարության եւ շեշտադրումների հարց, որոնց հաջողությունն արդեն կարող է չթվալ այդքան միանշանակ:

Միեւնույն ժամանակ, հարկ է թերեւս նկատել նաեւ, որ Բայդենը հրաժարվել է ոչ միայն իր թեկնածությունից, այլ դե ֆակտո նաեւ նախագահի պաշտոնից: Մարդը, որ մեծ հաշվով անմրցունակ է նախագահի ընտրապայքարում, հազիվ թե ի վիճակի է լիարժեք կատարել նաեւ նախագահի պարտականությունները, եթե կատարում էր դրանք մինչ այդ: Անկասկած է, որ Սպիտակ տունն այժմ ղեկավարում է դեմոկրատական կուսակցության այն թեւը, որը հասել է Բայդենի թեկնածությունը հանելուն, հաշվի առնելով այն, որ կար նաեւ այդ որոշմանը դիմադրող կուսակցական թեւ:

Այդպիսով, սա ըստ էության նշանակում է ոչ միայն այն, որ ԱՄՆ կունենա նոր նախագահ բոլոր դեպքերում, այլ նաեւ այն, որ ներկայումս ԱՄՆ-ը ունի նախագահ միայն դե յուրե, իսկ դե ֆակտո մեծ հաշվով արդեն իսկ ստեղծվել է բավականին արտառոց «անցումային» մի վիճակ: