Հուլիսի 10-ին, ՌԴ նախագահ Պուտինի մասնակցությամբ, Սանկտ-Պետերբուրգում գումարվել է ԲՐԻԿՍ-ի տասներորդ խորհրդարանական ֆորումը, որտեղ ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի լուծարված Միլլի մեջլիսի նախագահ Գաֆարովան:
Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությամբ խրախուսում է երկխոսությունը և համերաշխությունը՝ ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ բազմակողմ ձևաչափում: Մասնավորապես, դա վերաբերում է ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությանը, որին անդամակցելու ցանկություն Ադրբեջանը հայտնել է, – ասել է Գաֆարովան:
Ինչ նպատակ է հետապնդում Ալիևը, և որքանո՞վ ադրբեջանական ժողովրդի համար օգտակար կլինի ԲՐԻԿՍ-ին անդամակցությունը: Քաղաքագետ Նահիդ Ջաֆարովի գնահատմամբ՝ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հիմնական պատճառն արևմուտքի հետ Իլհամ Ալիևի լարված հարաբերություններն են, և ավելացնում, որ արևմուտքում «կաշառքի միջոցով հարցեր լուծելու համակարգը փլուզվել է, իսկ դա իշխանությանը զրկում է մանևրի հնարավորությունից»:
ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ալիևի ձգտումը նա պատճառաբանում է ռուս-ադրբեջանական հարաբերություններով, երբ «Ադրբեջանի արտաքին քաղաքականության մասին արդեն դիրքորոշում է հայտնում ՌԴ ԱԳՆ-ն»:
Ամփոփելով՝ ադրբեջանցի քաղաքագետը նշում է, որ ԲՐԻԿՍ-ի հիմնադիր անդամ երկրների, հատկապես Չինաստանի և Հնդկաստանի տնտեսական, գիտական, և մարդկային ռեսուրսները հաշվի առնելով՝ այդ կառույցին Ադրբեջանի անդամակցությունը «նրա ժողովրդին գործնականում ոչինչ չի տա, բայց իշխանությունը լուրջ դիվիդենտներ կստանա»: Ջաֆարովը շատ ուշագրավ դիտարկում է անում, որ Ադրբեջանում ամբողջատիրական համակարգի հովանավորը Ռուսաստանն է. «Եթե Պուտինը պատերազմում պարտվի, Իլհամ Ալիևը կզրկվի հովանավորից, իսկ եթե Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցի, ապա Ռուսաստանին կփոխարինի Չինաստանը, որը նույնպես ամբողջատիրական է»:
Ջաֆարովը փաստացի ասում է, որ Իլհամ Ալիևը ձգտում է ԲՐԻԿՍ-ի ձևաչափում օրինականացնել դինաստիական իշխանությունը, ինչի մասին փորձագետները խոսում են վաղուց: Այս առումով ուշագրավ երևույթ է դիտարկել Եվրոպայում գործող MeydanTV-ն: Ուսումնասիրելով ԿԸՀ ներկայացված պատգամավորության թեկնածուների ցուցակները, լրատվամիջոցը բացահայտել է տասնյակ անուններ, որոնք ֆորմալ առումով նոր են, բայց իրականում հանդիսանում են նախկին պատգամավորների, նախարարների, քաղաքային և շրջանային գործադիր իշխանության ղեկավարների զավակներ:
Լրատվամիջոցն արձանագրել է, որ իշխանամետ կուսակցություններն ու առանձին գործիչները նույնպես այդ սկզբունքով են առաջնորդվել, բերել է օրինակներ և տպավորություն փոխանցել, որ Ադրբեջանի խորհրդարանը «վերածվում է դինաստիական իշխանության քաղաքական հենարանի»:
Ռուսաստանին, անկասկած, ձեռնտու է, որ Ադրբեջանը կամ ասոցացվի ԲՐԻԿՍ-ին, կամ լինի դիտորդ-անդամ: Ջաֆարովը գտնում է, որ «Չինաստանը կարող է էժան աշխատուժով հեղեղել Ադրբեջանը»: Սակայն ԲՐԻԿՍ-ի հիմնադիր անդամ է նաև Հնդկաստանը, որի դեմ հուլիսի 12-ին Իլհամ Ալիևը չափազանց կոշտ հայտարարություն է արել և Ջամու-Քաշմիրի հարցում Պակիստանին նույնիսկ ռազմական օժանդակություն է խոստացել:
Հուլիսի 20-ին Իլհամ Ալիևը մինչև տարեվերջ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման անոնս է արել: Հոկտեմբերին Կազանում գումարվում է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը: Ալիևն այդ միջոցառմանը պատվավոր հյուրը կլինի՞: ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցության մասին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ասել է, որ կազմակերպության ընդլայնման ծրագիր չկա: Մոսկվան կարո՞ղ է Նյու-Դելիին համոզել, որ ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի անդամակցությունը ձեռնտու է նաև Հնդկաստանին: Իսկ Հնդկաստանը կհամաձայնի՞, որ Ռուսաստանի հետ կոմունիկացիան անցնի Պակիստանի ռազմավարական դաշնակից Ադրբեջանի տարածքով: ԲՐԻԿՍ-ին անդամակցության Ալիևի հայտը դինաստիական իշխանությունն ապահովագրելու՞, թե՞ աշխարհաքաղաքական դերակատարության հասնելու նպատակ ունի: Ալիևը փորձում է երկուսը մեկտեղե՞լ:
Բաց մի թողեք
COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»