08/09/2024

«Միութենական պետության» հայաստանյան «դիակները» կրկին վերակենդանացել են՝ հարամելու ԵՄ-ին անդամակցության գործընթացը․ Լուսանկար

Ժողովրդավարական ուժերի հարթակը սկսում է ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ստորագրահավաք սկսելու գործընթացը։ ՀՀ-ի՝ եվրաինտեգրման հավակնությունները և այդ ճանապարհին՝ հանրային մակարդակում որոշակի նախապատրաստական աշխատանքները, ինչպես հայտնի է, ջղագրգիռ արձագանքների են արժանանում ոչ միայն դաշնակից երկրի քաղաքական վերնախավի, դրան սպասարկող ագիտատորների կողմից, այլև հայաստանյան ընդդիմադիր դաշտի որոշ մարգինալ ուժերի կողմից։

Խոսքը մասնավորապես պրոռուսական՝ «հայոց լիս աշխարհը» մտած «ռուսի ոտը», եթե կուզեք՝ «կալոշը» օրհնող-երկրպագողների մասին է։ Հայտնի է, որ վերպետական այս կամ այն ինտեգրացիոն կառույցին նախապատվություն տալու առումով մեր երկրում բանավեճը ծավալվել է ԵՄ-ի և տխրահռչակ «Միութենական պետություն» երկընտրանքի շուրջ։

Եվ եթե առաջինին անդամակցել-չանդամակցելը Հայաստանի, ինչպես ընդունված է ասել, «քաղաքակրթական ընտրությունն» է (որն, անշուշտ, պետք է ամրագրվի հանրաքվեի արդյունքներով), ապա երկրորդի՝ Միութենական պետության անդամ դառնալը, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, կլինի ՀՀ-ին պարտադրված մեռելածին որոշում՝ “Куда они денутся? Армении деваться некуда… Вы что думаете, они кому-то нужны?» սկզբունքով, որի պրոզայիկ բանաձևումը, ինչպես հայտնի է, տվեց Միութենական պետության անդամ, Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն։

Եվ պատահական չէ, որ այս օրերին մոբիլիզացվել են («կալոշի» տիրոջ իջեցրած հրահանգով ենթադրաբար) «Միութենական պետությանը» ՀՀ-ի անդամակցության դավանորդները։ Եթե ոչ «Միութենական պետությանը» միանալու բացահայտ, ուղիղ ջատագովությամբ, ապա ԵՄ-ի անդամակցության ուղղությամբ գործընթաց սկսելը հեգնելով, թունավորելով, արժեզրկելով են զբաղված ինստիտուցիոնալ ընդդիմության որոշ կարկառուն ներկայացուցիչներ, որոնք միաբերան գուժում են՝ Հայաստանին այսպիսով սպառնում է «ուկրաինացումը»։

Պրոռուսական քարոզչական անսամբլը համալրվել է նաև «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» անունով, թող թույլ տրվի ասել՝ քաղաքական անմեղսունակների շարժումով, որի անդամները հուլիսի 20-ին խորհրդաժողով են անցկացրել ու… շենշող մի «բանաձև» ընդունել։

ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված կառավարող ուժին որակելով որպես «իշխանությունը զավթած Արևմուտքի կամակատար խմբակ», որը «հետևողականորեն իրականացնում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից տարանջատվելու և Թուրքիայի ու Եվրամիության հետ մերձենալու արտաքին քաղաքականությունը», հայտարարում «Եվրամիության հետ հնարավորինս մերձենալու, ընդհուպ Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին», մարգինալների խմբակը մասնավորապես ազդարարել է. «Հայաստանի Հանրապետության պետականության, հայ ժողովրդի քաղաքական սուբյեկտայնության ու ինքնիշխանության պահպանման, ինչպես տարածքային ամբողջականության ապահովագրման ճանապարհը դա ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումն է, դրանց տեղափոխումը դեպի նոր մակարդակներ, ընդհուպ մինչև Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության մեջ անդամագրումը, որպես այդ Միության իրավահավասար կողմ:

Հայաստանում արտաքին կողմնորոշման վերաբերյալ հանրաքվեն առավել ևս ԵՄ-ին անդամագրության հայտ ներկայացնելու հարցի շուրջ պետք է ունենա ՀՀ քաղաքացու համար իրական ընտրության հնարավորություն, այսինքն` պարունակի Միութենայան պետության մեջ մտնելու, որպես ինքնուրույն միութենական սուբյեկտ տարբերակը» (ներկայացրել ենք տառացի-խմբ.): Կրեմլի քարոզչական թեզերի «ցրիչները» աշնանն ընդառաջ նորից մտնելու են խաղի մեջ և, ձայնակցելով արձակուրդից վերադարձած «սրբազանիստներին», փորձելու են իրենց ձեռքից եկածի չափով, այսպես ասած, հարամել «եվրաինտեգրման» և փառաբանել «միութենաինտեգրման» օրակարգերը։ Ինչն է զավեշտական՝ «միութենականներն» իրենց հայտարարել են ՀՀ «ներկայիս իշխանությունների միակ իրական ընդդիմությունը», «ընդդիմության միջուկը», «որի շուրջ կարող է ձևավորվել «երրորդ ուժը»։ Անշուշտ՝ պահանջել նաև իշխանափոխություն։

Նշենք այդ միջուկի ներկայացուցիչներից մեկին՝ Հայկ Բաբուխանյան՝ Սահմանադրական իրավունք միության նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, որին 2014-ին Սերժ Սարգսյանը պարգևատրել է Մովսես Խորենացի մեդալով։

Ի դեպ, այս «գրանդիոզ» շարժման մասին ազդարարվեց 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ սպասարկելու այդ օրերի հանրային տրամադրությունները՝ «կործանվող Հայաստանի» միակ փրկությունն ու պայծառ ապագան եղել է և կլինի ՌԴ-ի փեշի տակ։ Խմբակն այս, որի կազմկոմիտեի մեջ էին որոշ մարդ-կուսակցությունների ղեկավարներ, մասնավորապես «Ազգային միաբանության» նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգամավորներ Արտաշես Գեղամյան, «Ռեֆորմիստներ»-ի Վահան Բաբայան, «Ղրիմի աշխարհազորայինների գունդ» ՀԿ նախագահ Սամվել Մարդոյան, մեկումեջ կլոր սեղաններ, երթեր ու այլ զանգվածային ակցիաներ էր իրականացնում։

Երկու օր առաջ տեղի ունեցած խորհրդաժողովին, նկատենք, Արտաշես Մամիկոնիչն ու Վահան Բաբայանը նստած չէին Բաբուխանյանի կողքին, տեսնես՝ ինչո՞ւ։