26/12/2024

Շատ չեղավ․ ծառայողական էլեկտրամոբիլ համայնքապետի տեղակալի համար․ Լուսանկար

Ծաղկաձորի համայնքապետարանը որոշել է այս անգամ էլ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի` Ոսկան Եղիազարյանի համար նոր ծառայողական էլեկտրական ավտոմեքենա ձեռք բերել: Քաղաքապետի այս որոշումը հուլիսի 12-ին հաստատել է ավագանին: 

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ոսկան Եղիազարյանից հետաքրքրվեցինք, կա՞ր արդյոք ծառայողական մեքենա, այն էլ թանկ էլոկտրոմոբիլ, ձեռք բերելու անհրաժեշտություն եւ քանի ծառայողական մեքենա ունի այս պահին համայնքապետարանը.

«Միանշանակ: 2 ծառայողական մեքենա ունի համայնքապետարանը, էնպես չի, որ այդ մեքենաները հենց ինձ ու Հարությունյանի համար են ծառայում, ողջ համայնքապետարանի աշխատակիցների համար էլ են ծառայում: Համայնքը մեծ է, մոտ 40կմ երկարություն ունի, մեքենաներն էլ այնքան հնամաշ են, խնդիր են ստեղծում, ու այս էլեկտրոմեքենան ձեռք ենք բերում նրա համար, որ ընթացիկ ծախսերը կրճատվի: Մոտավոր հաշվարկել ենք էլեկտրական ավտոմեքենան մեր վրա տարեկան 4 հազար դոլարի խնայողություն է բերում, քանի որ մենք մեր գյուղական համայնքապետարաների վրա ունենք տեղադրված արեւային կայաններ, ու ստացվում է, որ մենք այդ մեքենան շահագործում ենք շատ էժան, համարյա՝ ձրի»:

Ավագանու նիստում նաեւ քննարկման է դրվել համայնքապետարանի մեկ այլ ծառայողական մեքենայի աճուրդային վաճառք կազմակերպելու հարցը, որքան գումար եք սահմանել այդ մեքենան վաճառելու համար: Դա վաճառում եք, որ նո՞րը գնեք: Որքան գումար եք նախատեսել նոր մեքենան ձեռք բերելու համար.

«2մլն դրամ է սահմանվել վաճառքի գինը, վթարված մեքենա է: Իսկ նոր մեքենայի գինը դեռ չենք որոշել, դա ընդամենը ավագանիով անցել է, ո՛չ մի որոշում չկա, ո՛չ էլ մրցույթ է հայտարարվել: Մենք շատ բարձրակարգ մեքենաների հետեւից չենք ընկնում, մենք նայում ենք, որ որակյալ լինի: Դեռ չենք ուսումնասիրել ավտոշուկան, երբ որ կուսումնասիրենք ու կհասկանանք` ինչ արժեքից է սկսվում, ինչ կարգի մեքենա է մեզ պետք, որը կծառայի մեր պայմաններում, ըստ դրա՝ կորոշենք: Եթե շատ թանկ լինի, չենք հայտարարի, եթե նորմալ գին լինի՝ կհայտարարենք»:

Հիշեցնենք, որ վերջերս Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը 17 մլն 600 հազար դրամ արժողությամբ 2023 թվականի արտադրության Տոյոտա Քեմրի 2.5լ Էլեգանս մակնիշի ծառայողական ավտոմեքենա էր ձեռք բերել:

Ծառայողական էլեկտրոմոբիլ՝ այս անգամ էլ համայնքապետի տեղակալի համար