23/12/2024

Երևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել, ուշագնաց եղել ու տեղափոխվել հիվանդանոց

Հուլիսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդվելու հետևանքով ուշագնաց լինելու պատճառով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության 55 խումբը «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի, ում առողջական վիճակը ծանր է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ երեխան Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Դ․-ն է։

Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 15։00-ի սահմաններում, Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանության ժամանակ Դ.Դ․-ին ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 13-ամյա Պ․ Ա․-ն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Պ.Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ: