Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձ է ծրագրվել:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հետաքննում է Ուկրաինայում բնակվող Վրաստանի կառավարության նախկին ներկայացուցիչների կողմից իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստությունը։
Այս մասին ասված է երկրի Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 18-323 («Ահաբեկչության նախապատրաստում») և 315 («Դավադրություն կամ ապստամբություն Վրաստանի սահմանադրական համակարգը բռնի փոխելու նպատակով») հոդվածներով։
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտնել էին, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը սկսել է հարցաքննության կանչել Ուկրաինայում որպես վարձկաններ կռված մարդկանց։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաստատելով այս տեղեկությունը, նշել է, որ մահափորձը նախապատրաստել են նույն ուժերը, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։
«Վերջին շրջանում երկու ահաբեկչություն է իրականացվել. մեկը՝ Սլովակիայում, երկրորդը՝ ԱՄՆ-ում, սա ընդհանուր ոճ է, որը բնութագրում է նույն համաշխարհային քաղաքական ուժերին»,- ասել է Կոբախիձեն:
Նա հավելել է, որ Վրաստանում ահաբեկչության նախապատրաստումը մտահոգիչ է, և այն, որ վրացական հատուկ ծառայությունը հետաքննում է Իվանիշվիլիի սպանության նախապատրաստումը, վկայում է այն մասին, որ վտանգներ կան նաև Վրաստանում։
Մայիսին մահափորձ էր կատարվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ, իսկ հուլիսի 13-ին՝ Դոնալդ Թրամփի դեմ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Բաց մի թողեք
Ուկրաինայի բարձրաստիճան պատվիրակությունը Վաշինգտոնում է՝ քննարկելու ռազմական աջակցությունն ու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (СБУ) հայտարարում է՝ Կերչի կամուրջը վնասվել է ստորջրյա պայթեցմամբ
Պատրաստվում են պատերազմին