08/09/2024

Ընդդեմ Հայաստանի՝ Պուտին – Ալիև նոր համաձայնագիր է մշակվում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի խնդիր չկա: Նա ընդգծել է, որ խնդիրներ չկային արդեն ռազմավարական համագործակցության մասին 2022 թ. փետրվարի 22-ի Հռչակագիրն ստորագրելու պահին:

Ալիեւը հիշեցրել է ապրիլին Մոսկվա կատարած իր այցը և հուլիսի սկզբին ՌԴ նախագահի հետ Աստանայում ունեցած հանդիպումը՝ անոնսավորելով մինչեւ տարեվերջ ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի ևս մեկ շփում:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 23-ին փոխարտգործնախարար Գրուշկոն ադրբեջանցի պաշտոնակից Շարիֆովի հետ խորհրդատվություններ է ունեցել: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի եւ սահմանակից տարածաշրջանների ընթացիկ իրավիճակը:

Մտքերի փոխանակություն է անցկացվել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ում իրավիճակի եւ տարածաշրջանում Եվրոպայի խորհրդի գործունեության պրոբլեմատիկայի շուրջ: Արծարծվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ միջազգային թեմաներ: Հանդիպումն անցել է ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերություններին բնորոշ ավանդական բարեկամական եւ վստահության մթնոլորտում:

Օրակարգային հարցերի սոսկ թվարկումն իսկ հուշում է, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ լրջագույն քննարկումներ են ընթանում, եւ Գրուշկո-Շարիֆով «խորհրդատվությունների» մասին տեղեկատվությունը միայն այսբերգի վերջրյա մասն է: Ըստ երեւույթին, նման քննարկումներ ընթանում են նաեւ ռազմական գերատեսչությունների եւ հատուկ ծառայությունների մակարդակով:

Քննարկված հարցերի շրջանակը հուշում է, որ Մոսկվան եւ Բաքուն մտել են իրավա-պայմանագրային այլ որակի եւ ծավալի հարաբերությունների համաձայնեցման ռեժիմի մեջ կամ, պարզ ասած, ռուս-ադրբեջանական նոր պայմանագիր են մշակում: Ալիեւի հուլիսի 20-ի մամուլի ասուլիսի գլխավոր մեսիջը դա էր:

Մնում է փորձել հասկանալ, թե «խորհրդատվություններն» ինչ փուլում են: Քաղաքական պայմանավորվածություն, ամենայն հավանականությամբ, ձեռք է բերվել ապրիլի 23-ին՝ Մոսկվայում Պուտին-Ալիեւ հանդիպմանը: Շանհայի համագործակցության կազմակերպության Աստանայի գագաթաժողովին Ալիեւի ներկայությունը պատահական չէր, ոչ էլ Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության մասին «մտադրությունների արձանագրության» ստորագրումը:

Գրուշկո-Շարիֆով «խորհրդատվությունների» ընդհանուր թեմատիկան ընդգծված հակաեվրոպական է, հակաարեւմտյան: Զգաստացնում է, մանավանդ, երկու հանգամանք. կողմերն անդրադարձել են տարածաշրջանում Եվրոպայի խորհրդի գործունեությանը եւ ԵԱՀԿ-ում իրավիճակին:

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին եւ մեկ անգամ չէ, որ ՌԴ ԱԳՆ-ն նրան վերագրել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ «հետախուզություն իրականացնելու գործառույթ»: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, ապա հայտնի է, որ Ռուսաստանը դադարեցրել է կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովին անդամակցությունը, իսկ Բաքուն դրել է Մինսկի խումբը լուծարելու նպատակ:

Եթե ռուս-ադրբեջանական նոր պայմանագիր է քննարկվում, ապա հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթացի ակնկալիք չպետք է ունենանք: Ըստ երեւույթին, քաղաքակրթական-ռազմա-տնտեսաքաղաքական բաժանարար գծվում է, որ արդեն ռուս-ադրբեջանական չի լինի, այլ՝ աշխարհաքաղաքական: Խնդիր է, թե ո՞րն է Հարավային Կովկասում նրա սահմանը: Մոսկվա-Բաքու «խորհրդատվություններում» Հայաստանի եվրասիական «ներկալման» հարց դրված է: