23/12/2024

Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձ է ծրագրվել

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձ է ծրագրվել:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հետաքննում է Ուկրաինայում բնակվող Վրաստանի կառավարության նախկին ներկայացուցիչների կողմից իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստությունը։

Այս մասին ասված է երկրի Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 18-323 («Ահաբեկչության նախապատրաստում») և 315 («Դավադրություն կամ ապստամբություն Վրաստանի սահմանադրական համակարգը բռնի փոխելու նպատակով») հոդվածներով։

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտնել էին, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը սկսել է հարցաքննության կանչել Ուկրաինայում որպես վարձկաններ կռված մարդկանց։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաստատելով այս տեղեկությունը, նշել է, որ մահափորձը նախապատրաստել են նույն ուժերը, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

«Վերջին շրջանում երկու ահաբեկչություն է իրականացվել. մեկը՝ Սլովակիայում, երկրորդը՝ ԱՄՆ-ում, սա ընդհանուր ոճ է, որը բնութագրում է նույն համաշխարհային քաղաքական ուժերին»,- ասել է Կոբախիձեն:

Նա հավելել է, որ Վրաստանում ահաբեկչության նախապատրաստումը մտահոգիչ է, և այն, որ վրացական հատուկ ծառայությունը հետաքննում է Իվանիշվիլիի սպանության նախապատրաստումը, վկայում է այն մասին, որ վտանգներ կան նաև Վրաստանում։

Մայիսին մահափորձ էր կատարվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ, իսկ հուլիսի 13-ին՝ Դոնալդ Թրամփի դեմ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։