Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը:
«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:
Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, բազմիցս նշել ենք, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի: Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում:
Նաև հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով և հրապարակային Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ ստեղծել և համապատասխան պայմանագիր կնքել, ինչը նույնպես Ադրբեջանը թողել է անպատասխան: Չնայած սրան, նաև այս առաջարկն է շարունակում մնալ ուժի մեջ»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ արձագանքել էր հայ-ադրբեջանական զորավարժություններին, մեղադրանքներ հնչեցրել ու սպառնացել Հայաստանին։
«ԱՄՆ կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքով զինելը և Եվրոպական միության կողմից Հայաստանին նախնական փուլում խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի տակ տասը միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն ցուցաբերելը ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին նման սադրանքներ իրականացնելու և վկայում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվելու մասին:
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ նրանք պետք է զերծ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից: Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկվեն ինքնապաշտպանության նպատակով՝ օգտագործելով Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցները»,- ասված է տեղեկատվության մեջ:
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը