08/09/2024

Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի Սերժ Սարգսյանի կոստյումից միայն մի դեպքում

Թեպետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հայտարարեց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկել է հրաժարվել ընտրություններից հետո խորհրդարանում «կայուն մեծամասնություն» ձեւավորելու սահմանադրական պահանջից, սակայն հանձնաժողովում ընդգրկված քաղհասարակության ներկայացուցիչները լուրջ կասկածներ ունեն, որ իշխանությունը դեմ է այդ փոփոխությանը, հակառակ դեպքում Խորհրդի նախօրեի նիստը, որի օրակարգում կայուն մեծամասնությունից հրաժարվելու դրույթի քննարկումն էր, չէին տապալի` քվորում չապահովելով։

«Հրապարակ» թերթը գրում է.  Խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում գրել է. «Եթե այդ որոշումն առաջիկա շաբաթներում խորհրդում չընդունվի, ապա իրատեսական չի լինի Սահմանադրության (ու ապա՝ Ընտրական օրենսգրքի) համապատասխան փոփոխությունների կատարումը (կայուն մեծամասնության մեխանիզմից ձերբազատումը), նախքան 2026 թվականի ԱԺ ընտրությունները»։

Մենք օրերս գրել ենք, որ Փաշինյանը դեմ չէ հրաժարվել այդ դրույթից կամ, ինչպես ինքն էր ժամանակին ասում, Սերժ Սարգսյանի կոստյումից, միայն թե նորը նույնպես պետք է իր հագով կարվի։ Գործող Սահմանադրությամբ՝ ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով, իսկ ԸՕ-ում նախատեսված է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը (54 %): Այս դրույթը ժամանակին բացատրվեց քաղաքական ճգնաժամերի հանգուցալուծման խնդրով: Համաձայն ԸՕ-ի՝ կայուն մեծամասնություն գոյություն ունի այն ժամանակ, երբ ընտրություններին մասնակցած ուժերից մեկը միայնակ հավաքել է ձայների 54 տոկոսը, կամ` ընտրությունից հետո 7 օրվա ընթացքում ԱԺ անցած առավելագույնը 3 ուժ ձեւավորում են կոալիցիա, որն ունենում է մանդատների 54 տոկոսը։ Այս դրույթը ենթադրում է, որ եթե չի ձեւավորվում կայուն մեծամասնություն, ապա պետք է ընտրությունների երկրորդ փուլ լինի, որին մասնակցում են ամենաշատ քվե ստացած առաջին 2 ուժերը։

Երեւանի վերջին ընտրություններից հետո Փաշինյանի թիմում հասկացել են, որ չունեն այլեւս մեծամասնության քվեն եւ հնարավոր է առաջիկա ընտրություններին ոչ միայն կայուն մեծամասնություն չձեւավորեն, այլեւ մեծամասնություն` 50+1, ուստի ժամանակն է հրաժարվել կայուն մեծամասնության դրույթից։ Սակայն Նիկոլ Փաշինյանը դեմ է այն տարբերակին, որն առաջարկվում է քաղհասարակության կողմից, այն է՝ բացառել, այսպես կոչված, «փոքրամասնության» կառավարությունը։

Ճիշտ հակառակը՝ իշխող թիմում հենց այդ ճանապարհով են ուզում գնալ՝ եթե չկարողանան բարձր տոկոսներ խփել եւ կայուն մեծամասնություն ապահովել, ապա Սահմանադրությունը փոխեն այնպես, որ ձեւավորվի փոքրամասնության կառավարություն: Այսինքն` անգամ եթե ՔՊ-ն չունենա 50+1, բայց լինի ամենաշատ ձայներ ստացած ուժը, ձեւավորի իշխանություն, փոխարենը մի քանի ոչ առանցքային պաշտոն կզիջեն ընդդիմությանը։

Սակայն այս մոդելը ռիսկեր է պարունակում, քանի որ պետական կառավարումը կարող է ստանձնել մի քանի ուժ, եւ կոլեկտիվ անպատասխանատվություն կտիրի: Սիրիայում վերջին սահմանադրական փոփոխություններից հետո մոտավորապես այս համակարգն է ներդրվել, որը նպաստում է պետության քանդմանը։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մշակած հայեցակարգում «կայուն մեծամասնության» փոխարեն 3 տարբերակ է առաջարկվել: Հիշեցնենք, որ 2 տարի գործող Խորհուրդն ամիսներ առաջ բարեփոխումների հայեցակարգ ներկայացրեց վարչապետին, սակայն նա որոշեց, որ ոչ թե պետք է բարեփոխել մայր օրենքը, այլ գրել նորը, ինչն Ադրբեջանի նախագահի պահանջն է։ Հայեցակարգում 3 տարբերակներից առաջինը. եթե չի ձեւավորվում կայուն մեծամասնություն, ՀՀ նախագահն իրավունք ունի կա՛մ արձակել խորհրդարանը, կա՛մ «նշանակել ԱԺ առավել մեծ թվով պատգամավորների վստահությունը վայելող վարչապետ՝ ձեւավորելով, այսպես կոչված, «փոքրամասնությունների կառավարություն»»: Սրանով նաեւ կբարձրանա նախագահի ինստիտուտի կշիռը։

Երկրորդ. «Կիրառել Երեւանի քաղաքապետի ընտրության մոդելին համանման ռեժիմ եւ որպես վարչապետ ընտրել առավել շատ ձայներ ստացած թեկնածուին։ Այլ կերպ ասած, դիտարկվում է հնարավորություն` ձեւավորել «փոքրամասնության» կառավարություն»։

ՔՊ-ում կողմ են այս երկու տարբերակին էլ, բայց առավել հակված են երկրորդին, որպեսզի կախվածություն չունենան նախագահից: Ի դեպ, Երեւանի դեպքում օրենսդրությունը չի սահմանում կայուն մեծամասնություն, եթե որեւէ ուժ 50+ հավաքի, նրա ներկայացուցիչն էլ դառնում է քաղաքապետ, սակայն ուշագրավ է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում անորոշ է ձեւակերպված՝ ասվում է համանման մոդել, բայց չի մանրամասնվում, թե առավել շատ ձայներ ասելով ինչ նկատի ունեն` 50 +, թե խոսքն այն ուժի մասին է, որն ամենաշատ ձայներն է ստացել։

Կատեգորիկ մերժում են Խորհրդի առաջարկած երրորդ տարբերակը՝ բացառել փոքրամասնության կառավարության ձեւավորման հնարավորությունը, եւ եթե որեւէ ուժ 54 տոկոս չի հավաքում, «Խորհրդարանը կարձակվի իրավունքի ուժով այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ մեկը չի ստանա մեծամասնություն կամ չի ձեւավորի կոալիցիա»: Ընդ որում՝ այս տարբերակում առաջարկում են կոալիցիա կազմելու իրավունք ընձեռել ոչ թե առավելագույնը 3 ուժի, այլ հանել սահմանափակումը։

Իշխանությունը փորձելու է սղղացնել իրեն հարմար մոդելը: Եթե չստացվի, ապա խորհրդարանում կտապալեն Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունը՝ մեղքը գցելով, ասենք, Իշխան Զաքարյանի վրա, ում մեկ ձայնի շնորհիվ ՔՊ-ն այսօր կարողանում է սահմանադրական օրենքներ ընդունել։