22/12/2024

Ո՞րն է Զախարովայի խոսքի տողատակը՝ ամենեւին ոչ բուն օժանդակությունը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի պաշտպանական ոլորտին 10 միլիոն դրամի աջակցությունը, որ Եվրամիությունը կցուցաբերի եվրոպական խաղաղության հիմնադրամից, հետապնդում է Կովկասի ապակայունացման աշխարհաքաղաքական նպատակ:

Զախարովայի հայտարարություններին իհարկե հայ հանրության ականջները վարժվել են վաղուց, սակայն այդուհանդերձ դրանց պետք է արժանացնել ուշադրության, բայց ոչ թե նրա հետ լեզվակռվի մեջ մտնելու թեթեւսոլիկության տրամաբանության մեջ, ինչի վրա փորձում են սոցցանցային միավորներ հավաքել կառավարող մեծամասնության խորհրդարանական մի շարք ներկայացուցիչներ, այլ քաղաքական իրողությունների տրամաբանության:

Ո՞րն է Զախարովայի խոսքի տողատակը: Հասկանալի է, որ ամենեւին ոչ բուն օժանդակությունը: Տողատակն այն է, որ, եթե Եվրամիությունը Կովկասում հավակնի ռազմավարական դիրքերի, ռազմավարական ազդեցության, ապա դրան ի պատասխան Ռուսաստանը կդիտարկի ռազմական հակադարձման տարբերակները: Իսկ, թե ովքեր են այդ տարբերակների գործընկերները Մոսկվայի համար, պարզ է վաղուց՝ Թուրքիա եւ Ադրբեջան:

Այսօր իհարկե Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունը բավականին, նկատելի սառն է: Բայց, երբ առաջ գա Կովկասում ստատուս-քվոյի փոփոխության հարց, ապա մեծ հավանականությամբ այդ հարաբերությունը կջերմանա՝ ավանդական առեւտրի տրամաբանությամբ: Դրան կներգրավվի նաեւ Իրանը, քանի որ Թեհրանը թույլ չի տա, որ Ռուսաստանն ու Թուրքիան եւս մեկ անգամ երկուսով բաժանեն Կովկասը: Մենք այս իրողությանըւ կարող ենք նայել ամենախիստ հայացքով, բայց մեզ համար գլխավոր հարցը այն է, թե ինչ պետք է անենք այդ հնարավոր սցենարներից խուսափելու, դրանք թույլ չտալու համար: Անկասկած է, որ հնարավոր որեւէ ապակայունացման սցենարի համար Ռուսաստանը մեղադրելու է Արեւմուտքին, իսկ Արեւմուտքը՝ Ռուսաստանին:

Բայց, մեր խնդիրն է երբեք չմոռանալը, որ այդ փոխադարձ մեղադրանքների ու շահերի բախման մեջտեղում Հայաստանն է, որի հնարավոր որեւէ կորուստ չի փոխհատուցվելու Մարիա Զախարովային տրված ամենաճոխ, պերճախոս եւ սուր պատասխանով անգամ: Հետեւաբար, Հայաստանի պետական անվտանգության համար խիստ կարեւոր տարբերակվածությունը՝ թե արտաքին քաղաքական, թե պաշտպանական ու տնտեսական ոլորտներում, լինելով ռազմավարական հրամայական, այդուհանդերձ պետք է մշակվեն մի գերխնդրի առաջնահերթությամբ՝ թույլ չտալ Հայաստանի վրա որեւէ նոր բախում, որը ինչ որ մեկին թույլ կտա Հայաստանի որեւէ նոր պարտության հաշվին հաղթանակ տանել Հայաստանում եւ Կովկասում:

Այդ ամենով հանդերձ, Մարիա Զախարովային հնարավոր է պատասխանել նաեւ նրա իսկ այն արտահայտությամբ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարակշռված խաղաղությունը կլինի ռեգիոնալ խաղաղության հիմք: Դա իսկապես այդպես է, բայց ռեգիոնալ խաղաղությամբ «հետաքրքրված», գործնականում սեփական շահ հետապնդող գերտերություններին պետք է թերեւս պարզ լինի, որ հավասարակշռված խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լինի ուժերի համեմատելի հավասարակշռություն: Հայաստանը ներկայումս փորձում է լուծել այդ խնդիրը՝ օգտագործելով իր ինքնիշխան սուբյեկտության լեգիտիմ իրավունքը եւ այդ հարցը լուծելու համար գործակցելով ամենատարբեր միջազգային խաղացողների հետ:

Հայաստանը դա անում է ռեգիոնում ոչ թե հավասարակշռություն խախտելու, այլ խախտված հավասարակշռություն վերականգնելու համար: Ըստ էության, Հայաստանը փորձոււմ է վերականգնել այն, ինչ ավելի քան երկու տասնամյակի քաղաքականությամբ հետեւողականորեն փլուզել է Զախարովայի անմիջական ղեկավարն ու նրա գլխավորած գերատեսչությունը: Ընդ որում, պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ իր արտաքին քաղաքականությունը կառուցում է հղվելով ռեգիոնալ իրողություններից: Այլ կերպ ասած, արտաքին-անվտանգային քաղաքականություն կառուցում է ոչ թե ռեգիոնալ իրողություններ փոխելու, այլ ռեգիոնալ իրողությունների պարագայում անհրաժեշտ հավասարակշռության իր բաժինն ապահովելու, հետեւաբար՝ ռեգիոնալ կայունության եւ համակեցության իր լուման ապահովելու համար:

Ընդ որում, այդ իմաստով Հայաստանը որեւէ կերպ բացառություն չէ արտառեգիոնալ գործընկերների հետ սերտ աշխատանքի առումով: Դրրանով աչքի են ընկնում Կովկասի բոլոր դերակատարներն անխտիր, հետեւաբար Զախարովան կամ որեւէ մեկը չունի Հայաստանից Կովկասի «խորթ զավակ» կերտելու որեւէ հիմք: