23/12/2024

Քանի՞ կուսակցություն է գրանցվել 6 ամսում. հիմնադիր համագումար է հրավիրել Քոչարյանի աջակիցների նախաձեռնած ուժը

Հայաստանի Հանրապետությունում հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների գրանցումների «բում» է։

Անցած 5 ամիսների տվյալները վկայում են, որ ամսական կտրվածքով մեր երկրում ավելի քան 40 հիմնադրամ է գրանցվել, 3 կուսակցություն և 2 հարյուրից ավելի հասարակական կազմակերպություն։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում իրավաբանական անձանց պետական գրանցումների վերաբերյալ ամփոփ տվյալների՝ 2024 թվականի հունվարին գրանցվել են մասնավորապես 44 ՀԿ, 5 հիմնադրամ, փետրվարին՝ 12 հիմնադրամ, 34 ՀԿ, 1 կուսակցություն, մարտին՝ 14 հիմնադրամ, 45 ՀԿ, ապրիլին՝ 10 հիմնադրամ, 40 ՀԿ, 1 կուսակցություն, մայիսին՝ 4 հիմնադրամ, 47 ՀԿ։

Հունիսին էլ, ըստ էլեկտրոնային ռեգիստրում հրապարակված հաշվետվության՝ պետական գրանցում են ստացել 1 կուսակցություն, 33 ՀԿ և 6 հիմնադրամ։

Ամիսներ առաջ, նշենք, հայտնի դարձավ հերթական կուսակցության՝ «Քեթրինի Միհրան»-ի՝ Միհրան Պողոսյանի հիմնադրած «Հայոց համազգային միասնություն» անունով ուժի ի հայտ գալու մասին, որը պետական գրանցում է ստացել ս.թ. փետրվարին և ակտիվ մասնակցում է «սրբազան շարժման» հավաքներին:

Կուսակցություն գրանցելու նախաձեռնությամբ հանդես եկավ պաշտպանության նախկին նախարար, ՌԴ-ում գտնվող Արշակ Կարապետյանը, սակայն նրա հիմնադրած «Համահայկական ճակատ»-ը պետական գրանցման առաջին փորձը ձախողեց, ստիպված եղավ երկրորդ անգամ հիմնադիր համագումար հրավիրել և սպասում է պետռեգիստրի պատասխանին։ Հուլիսի 15-ին էլ պետական գրանցում է ստացել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հիմնադրած «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։

Նշենք, որ azdarar.am հարթակում զետեղված է հերթական կուսակցության հիմնադիր համագումարի վերաբերյալ. խոսքը «ԱռԱջ» աջակենտրոն կուսակցության մասին է, որպես համագումարի օր հայտարարված է հուլիսի 26-ը։ Հատկանշական է, որ որպես կուսակցության հասցե նշված է մայրաքաղաքի ամենաթանկ փողոցներից մեկը՝ Կենտրոն, Բայրոնի 3, տարածք 1։

Կայքերից մեկը վերջերս հայտնել էր, որ կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն են քաղաքական ակտիվիստներ, նախկին նախագահ Ռ. Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մանթաշյանը, Սևակ Խաչատրյանը, կրտսեր Քոչարյանի գործով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Որպես նախաձեռնող խմբի անդամ նշված էր նաև օրերս կյանքից հեռացած Հովհաննես Հարությունյանի անունը։

Հարկ է նկատել, որ Ռ. Քոչարյանը դեռևս 2018-ի սեպտեմբերին «Ռիա նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում խոսել էր կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին։ «Կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Դու հայացքդ հառում ես այն մարդկանց, որոնց գիտես, շրջապատին, որի հետ շփվել, աշխատել ես։ Սակայն հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ պետք է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ, եռանդուն մարդկանց»,-մասնավորապես նշել էր Քոչարյանը՝ հավելելով՝ ներկայիս ընդդիմադիր դաշտում տեսնում է «շատ լուրջ վակուում, որը պետք է լցնել՝ ելնելով երկրի շահից»։

Նա, սակայն, 2021-ի արտահերթ ընտրություններին որոշեց գնալ ոչ թե նոր թիմով ու թարմ դեմքերով, այլ հին ու զառամյալ՝ 130-ն անց ՀՅԴ-ի և նախկին ՀՀԿ-ական Վահե Հակոբյանի հիմնադրած, հանրությանն անհայտ «Վերածնվող Հայաստան»-ի հետ դաշինք կազմելով։

Նշենք, որ նորաստեղծ «ԱռԱջ»-ի երիտթիմը, դատելով մամուլում հայտնված որոշ հայտարարություններից, հերքում է կուսակցության կապը նախկին նախագահի հետ։