Հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ գիտակցության չգալով՝ ևս մահացել է:
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երեկ՝ հուլիսի 26-ին, Լոռու մարզում ողբերգական ավտովթարի մասնակից «BMW X3» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը, երբ «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելիս է եղել, դիմել է փախուստի և լքել է ՀՀ պետական սահմանը:
Ըստ աղբյուրի, պարզվել է որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նա կարճ ժամանակում է հասցրել լքել ՀՀ սահմանը, իսկ նրա կողմից վարած ավտոմեքենայում՝ առջևի նստատեղի աջ կողային հատվածում, հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված:
Նրա հետ վթարի պահին եղել է Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Անդրանիկ Ավագյանը, ում ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղ էլ նա հայտնել է, որ մեքենայի սրահում գտնվող թմրանյութի նմանվող զանգվածը պատկանում է իրեն և պահել է իր մոտ՝ հետագայում օգտագործելու նպատակով:
Թմրանյութի հայտնաբերման փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Ա. Ավագյանի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Բաց մի թողեք
Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. «Toyota»-ն բախվել է ծառերին, վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր. Լուսանկար
Բագրատ Սրբազանն ԱԺ է գնացել, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հանդիպել
Խոշոր վթար՝ Լոռիում. բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն ու «Mercedes»-ը, վիրավnրներ կան. Լուսանկար