26/12/2024

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդը 4 տարով պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին նախագահի պաշտոնում. Լուսանկար

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում, հայտնում է Tasnim-ը։

Գործակալության տվյալներով՝ Թեհրանում տեղի ունեցած արարողության ժամանակ Խամենեին պաշտոնապես լիազորել է Փեզեշքիանին՝ ստանձնել պաշտոնը։

Արարողության ընթացքում Փեզեշքիանը Խամենեից հաստատման հրամանագիր է ստացել և պաշտոնապես հաստատվել չորս տարով։

684.webp (67 KB)

Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին երկրի խորհրդարանում, որտեղ վերջինս հրապարակային երդում կտա։

Գործակալությունը նշում է, որ իրանական օրենսդրության համաձայն՝ երդմնակալությունից հետո երկու շաբաթվա ընթացքում նոր նախագահը պետք է ներկայացնի իր ծրագիրն ու նախարարների թեկնածությունները։

Պատգամավորները մեկ շաբաթ կքննարկեն առաջարկվող նախարարների լիազորությունները, ապա վստահության քվեի վերաբերյալ վերջնական նիստ կանցկացնեն:

Իրանում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում բոլոր ձայները հաշվելուց հետո հաղթել էր  Մասուդ Փեզեշքիանը:

Քվեարկությունը նշանակվել էր մայիսի 19-ին ավիավթարի հետևանքով գործող նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո: