02/07/2025

Ովքե՞ր են «սրբազան շարժման» «խռոված» համաառաջնորդ Սուրեն Պետրոսյանի կուսակցության նվիրատուները

Civic.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ կուսակցությունների տարեկան հաշվետվությունները։ Հերթն այս անգամ «սրբազան շարժման» երբեմնի («սառեցվա՞ծ» թե՞ «խռոված») համաառաջնորդ Սուրեն Պետրոսյանի գլխավորած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությանն է, որը նույնպես օրենքով սահմանված կարգով հրապարակել է իր 2023 թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունը։

Նշենք, որ սույն քաղաքական ուժը մասնակցում էր նաև 2023 թ. սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ՏԻՄ ընտրություններին և ստացել է 2 345 քվե։ Կուսակցությունը, նշենք, ԿԸՀ էր ներկայացրել իր և ավագանու նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերը։ Դատելով ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված կուսակցության հայտարարագրից՝ այն հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 22.08.2023 թվական, չի ունեցել ոչ մի գույք, ինչպես նաև դրամական միջոցներ և եկամուտ։

«Ազդարար» հարթակում հրապարակված 2023թ. տարեկան հաշվետվության մեջ էլ, նկատենք, նշված է, որ կուսակցությունը հաշվետու տարում ստացել է 14 մլն 355 հազար դրամ նվիրատվություն և մասնավորապես օրենքով սահմանված չափը գերազանցող կամ չթույլատրված աղբյուրներից ստացված 150 հազար դրամ նվիրատվություն։ Կուսակցության 11 նվիրատուների թվում են ինքը՝ ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը, որը 8.08.2023 թվականին նվիրաբերել է 2 մլն դրամ, ապաև՝ 28.08.2023 թվականին ևս 200 հազար դրամ, Պետրոսյանի եղբայր, ավագանու նախընտրական ցուցակում ընդգրկված Արմեն Ռաֆիկի Պետրոսյանը, որը նվիրաբերել է 2 մլն 500 հազար դրամ, ինչպես նաև Սիլվա Եղիազարյանը, որը ենթադրաբար Պետրոսյանի մայրն է, նա էլ 200 հազար դրամ է նվիրաբերել։

Հատկանշական է, որ Արմեն Պետրոսյանն իր՝ 2.08.2023 թվականին ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է, որ չի աշխատում, չունի դրամական միջոցներ, սակայն 23.08.2023 թվականին, ԿԸՀ հայտարարագիր ներկայացնելուց մի քանի օր անց, նման խոշոր գումար է նվիրաբերել կուսակցությանը։ Սուրեն Պետրոսյանն էլ 5 մլն 650 հազար դրամ դրամական միջոց է հայտարարագրել ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում։

«Ժողովրդավարական համախմբում» զարգացման հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող, ավագանու նախընտրական ցուցակի մեկ այլ ներկայացուցիչ էլ՝ Հասմիկ Գաբրիելյանը, իր ԿԸՀ 2.08.2023 թվականին ներկայացրած հայտարարագրում որպես եկամուտ նշել է 170 հազար դրամ աշխատավարձ, 0 դրամ դրամական միջոց, սակայն 30.08.2023-ին 500 հազար դրամ է նվիրաբերել կուսակցությանը։ Կուսակցության խոշոր նվիրատուներից է նաև մեկ այլ Պետրոսյան՝ Անահիտ Պետրոսյանը, որը երկու անգամ է նվիրատվություն կատարել՝ մի անգամ 1 մլն 500 հազար դրամ, հաջորդ անգամ՝ 1 մլն 150 հազար դրամ։

Ակնհայտ է, որ նվիրատվությունները կատարվել են ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում։ Ենթադրում ենք, որ «Ժողովրդավարական համախմբում»-ի նվիրատուներից՝ Սուրեն Պետրոսյանի հետ ազգակցական կապ ունեցող անձինք օգտվել են «ուրիշի դրամապանակից», պարզապես նվիրատվությունները կատարել են իրենց անունով։

Նշենք, որ ԿԸՀ վերստուգիչ-վերահսկիչ ծառայության հրապարակած եզրակացության մեջ 2023 թ. սեպտեմբերի 20-ի դրությամբ Պետրոսյանի գլխավորած կուսակցության նախընտրական հիմնադրամի ֆինանսական մուտքերը կազմել են 11 մլն 350 հազար դրամ, ելքերը՝ 11 մլն 333 հազար 840 դրամ, մնացորդը՝ 16 հազար 160 դրամ։

Կուսակցությունը պետական գրանցում է ստացել 2021-ին, գտնվում է Երևանի Այգեստան թաղամասում։