27/12/2024

Էրդողանը հատում է սահմանները, մինչև ուր կհասնի ․․․

Ինչպես մենք մտել ենք Լիբիա եւ Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել, անհնար ոչինչ չկա, մենք պետք է միայն ուժեղ լինենք,- իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության տեղական կառույցի նիստին Ռիզեում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:

Նա կրկին անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանում Պաղեստինի ինքնավարության առաջնորդին ելույթի առաջարկության եւ պաղեստինյան կողմի մերժման թեմային: Այդ մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին եւ հավելում, որ Թուրքիայի «Ապագա» կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար Դավութօղլուն առաջարկել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստին հրավիրել ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Հանիային:

Մամուլին հայտնի է դարձել, որ Գազայում հրադադարի հաստատման հարցով մեկնարկում են Քաթարի վարչապետի, իսրայելական «Մոսադի» եւ ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենների ու Եգիպտոսի ռազմական հետախուզության պետի բանակցությունները, բայց Իսրայելը եւ Լիբանանը լայնածավալ պատերազմի շեմին են, ինչից Թուրքիան կարող է օգտվել:

Բաքվի «Թուրան» գործակալությունը գրել է, որ Վաշինգտոնից վերադառնալով՝ Էրդողանը հանդիպել է Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Բահչելիի հետ, որ երկու սկզբունքային հարց է առաջադրել՝ Սիրիայի հետ բանակցություններում բացառել թուրքական զինված ուժերի հեռացումը եւ առանց Բաքվի համաձայնության չբացել Հայաստանի հետ սահմանը:

Բահչելին նաեւ Իսրայելի հետ կոշտ հարաբերությունների կողմնակից է: «Թուրանի» մեկնաբանի կարծիքով՝ թուրք ազգայնականների առաջնորդի պահանջով է, որ Էրդողանը սառեցրել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության հետ խորհրդատվությունները: Նա, ընդսմին, ասում է, որ Բահչելին իր կողմնակիցների լայն ցանց է ստեղծել ոստիկանությունում, դատախազությունում եւ դատարաններում, եւ արդեն «ձեռքը հասցրել է բանակին»:

Էրդողանն, իհարկե, վաղը կամ տեսանելի ապագայում Իսրայելին պատերազմ չի հայտարարելու, էականը նրա կողմից ապագա Թուրքիայի տեսլականի բացահայտումն է՝ լինել ուժեղ, որպեսզի ոչ մի նպատակ անհնարին չլինի:

Այս համատեքստում ո՞րն է հայ-թուրքական կարգավորման հեռանկարը: Դա պայմանավորված է Հայաստան-Ադրբեջան «հաշտությամբ»։ Ըստ էության՝ այո, բայց Անկարան հետեւողականորեն պնդում է, որ միշտ եղել է, կա եւ լինելու է Ադրբեջանի կողքին, թեեւ «Թուրանի» մեկնաբանը համոզված է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ բանագնացների «պայմանավորված հանդիպումն Էրդողանը հետաձգում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահանջով»:

Էրդողանը հերթական անգամ հիշեցրել է, որ քառասունչորսօրյա պատերազմն ինքն է վարել: Դա Ալիեւին արված ակնարկել է, որ քայլերը պետք է համաձայնեցնի իր հետ, թե ցանկանում է միջազգային դերակատարներին ինչ-որ հիշեցում անել, որ եթե չեն կարողացել ԼՂ հարցում Թուրքիային զսպել, այնպես էլ Գազայում ոչնչի չեն հասնի, եթե շարունակեն իրեն անտեսել:

Ամեն դեպքում Իսրայելի դեմ հայտարարությունը վկայում է, որ Թուրքիան ոչ միայն մնում է ագրեսիվ, այլեւ նոր հավակնություններ է ներկայացնում: Արձանագրելով, որ Կենտրոնական Ասիայի երկրները մեծացնում են ռազմական ծախսերը, Բաքվի իշխանական լրատվամիջոցն ընդհանրացնում է, որ թուրքախոս պետությունների, Ադրբեջանի եւ Թուրքիայի «ռազմական դաշնակցությունն ինստիտուցիոնալ տեսք է ընդունում»:

«Թուրանի բանակը» ծրագրավորվում է որպես ուժի ինքնուրույն բեւեռ: «Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի անհնար ոչինչ չլինի», ասելով Էրդողանը նկատի ունի այդ ուժը: Բայց որքանո՞վ է հավանական, որ Թուրքիան միայն իր պոստխորհրդային թուրքախոս պետությունների հնարավորություններով կարող է նման ամբիցիոզ նախագիծ կյանքի կոչել: Թուրքախոս պետությունների համախառն ՀՆԱ-ն շուրջ մեկ տրիլիոն դոլար է: