22/11/2024

Ալիևը կարող է Պուտին – Էրդողան – Իսրայել հանդիպում – բանակցությունների միջնորդ լինել, այդքան կա՞

«Ռուսաստանյան լրատվամիջոցը գրում է, որ եթե Իսրայելի եւ Թուրքիայի ներկայիս հարաբերությունները եւ վերջին տասնամյակում Թուրքիայի իրականացրած ռազմագործողությունները համադրվեն, ապա կարելի է ասել, որ Իսրայելի դեմ պատերազմ սկսելու համար Անկարան օպտիմալ հնարավորություններ ունի»։

Մոտ մեկ ամիս առաջ Բաքվի մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ստամբուլում եւ այլ քաղաքներում Ադրբեջանի Socar պետական ընկերության գրասենյակները թուրք ազգայնականների կողմից հարձակման են ենթարկվել, ոստիկանությունը միջամտել է ուշացումով։ Ցուցարարները պահանջել էին, որ Ադրբեջանը դադարեցնի Իսրայելին նավթի մատակարարումը։

Թուրքիան պաշտոնապես արգելել է Իսրայելին ավիաբենզինի վաճառքը։ Հավանական է, որ Էրդողանի «մենք մտել ենք Ղարաբաղ» հայտարարության Բաքվի «քաղաքավարի հերքումը» պայմանավորված է նաեւ դրանով։

Regnum-ը «նրբանկատորեն» շրջանցում է «Ղարաբաղ մտնելու» հարցում Թուրքիային Ռուսաստանի աջակցությունը, բայց հիշեցնում է, որ 2018թ. թուրքական ուժերը Սիրիայի Աֆրին քաղաք են մտել «Ռուսաստանի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ», եւ շարունակում, որ Էրդողանն, իհարկե, Իսրայելին ուղղակի պատերազմ չի հայտարարի, բայց «Գազայում դեսանտ իջեցնելու հավանականությունը մեծ է»։

Դրա համար երկու տարբերակ կա՝ ծովից եւ Եգիպտոսի տարածքից։ Իսրայելա-թուրքական լարվածության սկիզբ համարվում է շրջափակված Գազա մարդասիրական օգնություն հասցնելու Թուրքիայի փորձը, երբ «Մավի Մարմարա» նավի ստուգման ժամանակ իսրայելական ուժերը կրակ էին բացել եւ սպանել մի քանի թուրք նավաստիների։ Այդ պատճառով ավելի քան մեկ տասնամյակ Թուրքիան եւ Իսրայելը դիվանագիտական հարաբերությունները խզել էին։

Թուրքիան կկրկնի՞ «խաղաղության քարավանի» այդ փորձը, թե՞ կընտրի Եգիպտոսի հետ պայմանավորվելու եւ նրա տարածքով Գազայի հատված զորախումբ մտցնելու տարբերակը։ Ռուսաստանյան լրատվամիջոցը, որը աֆիլացված է ԱԳՆ-ի եւ հատուկ ծառայությունների հետ, ամեն դեպքում խորհուրդ է տալիս Էրդողանի հայտարարությանը լուրջ վերաբերվել։

«Սիրիա եւ Լիբիա մտնելուց առաջ Էրդողանը մի քանի անգամ զգուշացրել է, բայց նրա հայտարարություններն ընկալվել են որպես պարծենկոտություն,» — նկատելի է տալիս մեկնաբանության հեղինակը։ Իսրայելա-պաղեստինյան կարգավորման ԱՄՆ նախաձեռնության վերջնական տապալումն, անշուշտ, նվեր կլինի ոչ միայն Թուրքիայի, այլեւ առաջին հերթին Ռուսաստանի համար։

Բայց Էրդողանն իրոք կգնա՞ ԱՄՆ հետ բաց դիմակայության, կվտանգի՞ Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը։ Ադրբեջանցի գրեթե բոլոր փորձագետները 2021թ. Էրդողան-Ալիեւ Շուշիում ստորագրած հռչակագիրը գնահատել են որպես Ռուսաստանի կողմից Ադրբեջանի դեմ ցանկացած ճնշման հակակշիռ, Բաքվի ինքնիշխանության երաշխիք։

Ալիեւը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ Ռուսաստանի նախագահի հետ եւս մեկ հանդիպում կունենա, եւ Մոսկվա-Բաքու հարաբերություններում այլեւս ոչ մի խնդիր չկա։ Ասվածն անուղղակիորեն նշանակում է, որ նա այլեւս Էրդողանի հովանավորության կարիքը չունի։ Ալիեւը, ակնարկել է, որ, ընդհակառակը, ինքը կարող է Էրդողան-Պուտին երկխոսության միջնորդ լինել ու նաեւ նպաստել Իսրայելա-թուրքական լարվածության թուլացմանը։

Տեսականորեն, գուցե, այդպես հնարավոր է։ Բայց Էրդողանը, հավանաբար, այդ «նվերը» չի ընդունում, քանի որ դա նրան «գահազրկում» կարժենա։ Երեւում է՝ «թուրքական աշխարհի կաթսայում երկու գլուխ չի եփվում»։ Իսկ դեռ քանի՞ «գլուխ» կարող է հայտնվել, եթե Էրդողանի «գահը երերա»,՝ դժվար չէ կանխատեսել։ Կենտրոնական Ասիայում ոչ պակաս ամբիցիոզ առաջնորդներ կան՝ Տոկաեւ, Միրզիեեւ, Ժապարով…

Թուրքիան եւ Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, ինչի համար Իլհամ Ալիեւը բազմիցս շնորհակալություն է հայտել նրանց, սակայն Լեռնային Ղարաբաղում այլ երկրների զինվորականներ չեն հայտնվել, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արձագանքելով Թուրքիայի նապագահ Էրդողանի այն հայտարարությանը, թե մի օր էլ Իսրայել կմտնեն այնպես, ինչպես մտել են Լիբիա եւ Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «աննհիմն են խոսակցությունները այլ երկրների զինուժի մասնակցության մասին»:

Նա ձեւակերպել է «Ադրբեջանի տարածքային ամբողջության եւ ինքնիշխանության վերականգնման» գործողություն, ինչը սակայն այլ բան չէ, քան ագրեսիան Արցախի նկատմամբ եւ օկուպացիան: Էականն այս դեպքում իհարկե այն է, որ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը փաստորեն «անհիմն» է որակում Էրդողանի հայտարարությունը: Իհարկե այդ մասին չկա ուղիղ խոսք, Էրդողանն էլ ուղիղ չի հայտարարել, որ թուրքական զինուժ է մտել Լեռնային Ղարաբաղ, քանի որ նա իհարկե քաղաքականապես տգետ չէ: Բայց, նաեւ, միայն քաղաքականապես տգետ է պետք լինել չհասկանալու համար, որ Էրդողանը հենց դա էլ նկատի է ունեցել: Եվ այստեղ բանը բոլորովին այն չէ, որ Արցախի դեմ ագրեսիային ներգրավվել է թուրքական օդուժը:

Թուրքիայի զինուժն ըստ էության մասնակցել է թե օդում, թե ցամաքում, ընդ որում մասնակցել է թե կանոնավոր ստորաբաժանումներով, թե նաեւ ներկրված վարձկաններով: Այդ ամենի մասին վկայող փաստերը բազմաթիվ են, պարզապես այլ հարց է, թե ով է ուզում նկատել դրանք, իսկ ով՝ ոչ: Բայց Էրդողանը դրանք պարբերաբար հիշեցնում է Ալիեւին: Եվ ահա, Ալիեւի «նյարդերը» կարծես թե տեղի են տալիս: Կասկածից վեր է, որ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը խոսել է հենց նրա ցուցումով: Այդօրինակ արձագանքները չեն կարող լինել այլ կերպ: Անշուշշտ հասկանալի է, որ այդ պատասխանը պարզապես «նյարդայնությունից» չէ, որ եղել է:

Այստեղ թերեւս արտացոլվում է այն, ինչի մասին ինքս խոսում եմ արդեն շաբաթներ շարունակ, առ այն, որ կա փոխադարձ լարվածություն Բաքվի եւ Անկարայի միջեւ: Նկատենք, Էրդողանի բացակայությունը Շուշիից, որտեղ կայացավ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողով եւ Էրդողանը, որ տվել էր դրան մասնակցելու համաձայնություն, Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովում չին-ադրբեջանական ռազմավարական համաձայնագրի ստորագրումից հետո ֆուտբոլի պատրվակով չեղարկեց այցը:

Ալիեւն ասելով, որ եղել է միայն քաղաքական աջակցություն եւ ինքը մի քանի անգամ հայտնել է շնորհակալություն, ըստ էության ակնարկում է, որ ոչնչով պարտք չէ Էրդողանին: Սա իհարկե պետք չէ ընկալել պարզունակ հակադրություն: Անշուշտ, Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են կապված լինել բազմաթիվ թելերով ու համատեղ շահերով: Սակայն ակնառու է, որ Իլհամ Ալիեւը դրսեւորում է «անկախ խաղացողի» իր հավակնությունը, իսկ սա իհարկե ենթադրում է բազմաթիվ նուրբ շերտեր, որոնց մասին ինքս խոսել եմ անցնող շաբաթների եւ անգամ ամիսների ընթացքում:

Ի դեպ, Ադրբեջանի բավականին հատու պատասխատնը ուշագրավ է նաեւ շատ լոկալ դրվագի համատեքստում՝ հուլիսի 30-ին կայանալիք հայ-թուրքական հանդիպման: Հայ-թուրքական սահմանին հանդիպելու են Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները: Ըստ ամենայնի, Ադրբեջանի արձագանքը կանխարգելիչ է, որպեսզի Բաքվի «ինքնուրույնությունից» դժգոհ Անկարան «չմոռանա» իրենց մասին: