19/02/2025

Ինչո՞ւ Եվրոպան այս ամառ դարձավ անտի-տուրիստական բողոքների էպիկենտրոնը. Լուսանկարներ

Այս ամառ զբոսաշրջության դեմ բողոքի ցույցերը տարածվեցին ամբողջ Եվրոպայում, ցույցեր տեղի ունեցան Նիդերլանդներում, Հունաստանում և Իսպանիայում:

Հուլիսի սկզբին ցուցարարները երթով շարժվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքի հայտնի զբոսաշրջային թաղամասերով ՝ տուրիստներին ջրել ջրային ատրճանակներով և վանկարկել «զբոսաշրջիկներ, գնացեք տուն»:

Իսկ վերջերս հազարավոր մարդիկ բողոքում էին իսպանական Մալյորկա կղզում։ Բողոքի ակցիայի կազմակերպիչները պնդում էին, որ կղզու զբոսաշրջային մոդելը «աղքատացնում է աշխատողներին և հարստացնում միայն շատ քչերին»։

Բացասական արձագանք զբոսաշրջության պատճառով

Բողոքի ցույցերի հիմնական պատճառներից մեկը բնակարանների գների աճն է, քանի որ շատ տեղացիների համար գրեթե անհնար է դարձել  բնակարան ձեռք բերելը։

Բարսելոնայի դպրոցներից մեկի ուսուցիչ Կառլոս Ռամիրեսը տարիներ շարունակ գումար է խնայել իր առաջին տան համար և ըստ նրա պետությունից ստանում է «պատշաճ» աշխատավարձ, սակայն Կատալոնիայում գները սրընթաց աճում են:

Ինչպես Հարավային Եվրոպայի մյուս բնակիչները, որոնց քաղաքները առավել հայտնի են ամառային հանգստի համար, Ռամիրեսը նույնպես մեղքի մեծ մասը դնում է զանգվածային զբոսաշրջության վրա:

«Տեղի բնակիչների, հատկապես երիտասարդների համար ավելի ու ավելի դժվար է դառնում սեփական բնակարան ձեռք բերելը։ Տարիների ընթացքում ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս», – ասում է ուսուցիչը։

Բարսելոնայի քաղաքապետ Ժաումե Կոլբոնիի խոսքով՝ վերջին տասնամյակում քաղաքում վարձավճարներն աճել են 68 տոկոսով: Այս միտումը բնորոշ է եվրոպական շատ քաղաքների։

Շատ բնակիչներ հոգնել են դրանից։ Նրանցից շատերը ծայրահեղ միջոցների են դիմել իրենց ձայնը լսելի դարձնելու համար, իսկ տեղացիները, որոնք բողոքում են Կանարյան կղզիներում, դեռ ապրիլին հացադուլ էին հայտարարել:

Աճող դժգոհություն

Կառլոս Ռամիրեսը նշում է, որ ուրախ էր տեսնել, որ այդքան շատ բնակիչներ են միացել ցույցին, որին, ըստ Բարսելոնայի քաղաքային խորհրդի, մասնակցել է մոտ 2800 մարդ:

«Շատ մարդիկ, շատ ընկերություններ այժմ զգուշացնում են զբոսաշրջիկներին խուսափել Իսպանիա այցելելուց։ Անկեղծ ասած կարծում եմ, որ դա աշխատեց», – ասաց Ռամիրեսը։

Քվինսլենդի համալսարանի Կայուն զբոսաշրջության փորձագետ Անտյե Մարտինսը ասում է, որ նման բողոքները վատ հետևանքներ կարող են թողնել․ «Բարսելոնան այժմ շատ վատ համբավ ունի և շատերը պարզապես վախենում են այցելել»։

Եվրոպական զբոսաշրջության հանձնաժողովի գործադիր տնօրենն էլ ենթադրում է, որ բողոքի ցույցերը եզակի են և չեն արտացոլում Իսպանիայի կամ Եվրոպայի ողջ իրականությունը։

Ընդհանուր առմամբ Մարտինսը կարծում է, որ սա բախում չէ զբոսաշրջիկների և տեղացիների միջև։ Այն պարզապես արտացոլում է երկրի ոչ կայուն կառավարումը, որ իշխանությունները փոխեն իրենց քաղաքականությունը։

Գործողությունների ձեռնարկը

Եվրոպական որոշ քաղաքներում իշխանությունները վճռական գործողություններ են ձեռնարկում ՝ փորձելով վերահսկել զբոսաշրջության մակարդակը: Ինչպես օրինակ Վենետիկում գործում է մուտքի վճար, որը նախատեսված է զբոսաշրջիկների թիվը կարգավորելու համար:

Վենետիկի քաղաքապետի խոսքով՝ 5 եվրոյի վճարը (ապրիլի 25-ից հուլիսի 14-ը) բերել է ավելի քան 2,4 միլիոն եվրո, ինչը սպասվածից ավելին էր։