14/12/2024

Ալիեւի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի անհավատալի արկածներն ԱՄՆ-ում

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել հատուկ հանձնարարություններով Իլհամ Ալիեւի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի ամերիկյան գործուղման մասին:

Ըստ այդմ, նա բավական ներկայացուցչական հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Կարպենտերի, պետական քարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Օ՛Բրայենի, նրա առաջին տեղակալ Կիմի, Կենտրոնական Ասիայի հարցերով պետդեպի վարչության տնօրեն Կուպերի եւ սենատոր Ռիկետի հետ:

Ամիրբեկովը մասնակցել է նաեւ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի կազմակերպած կլոր սեղանին, որին մասնակցել են հեղինակավոր մի քանի ուղեղային կենտրոնների ղեկավարներ եւ առաջատար մասնագետներ:

Ամիրբեկովը դիվանագիտական կարիերայի մեծ մասն անցկացրել է Եվրոպայում, մասնագիտացած է հատկապես Ֆրանսիայի հետ հարաբերությունների հարցերում, իսկ մի շրջան կոորդինացրել է Վատիկանի հետ կապերը: Ադրբեջանի դիվանագիտական կորպուսում նա ունի արեւմտյան կողմնորոշման լոբբիստի համարում:

Բավական ուշագրավ է, որ Ալիեւը հատուկ հանձնարարություններով իր ներկայացուցչին Վաշինգտոն է գործուղել, երբ ԱՄՆ-ում քաղաքական «միջսեզոն» է, իսկ հուլիսի 20-ին նա գրեթե բաց տեքստով ասել է, որ սպասում է նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին:

Քարոզչական առումով Էլչին Ամիրբեկովի առաքելությունը հասկանալի է. Իլհամ Ալիեւը Վաշինգտոն է գործուղել իր վարչակազմի «գլամուր» ներկայացուցչի, բայց նրա վաշինգտոնյան գործուղումը համընկել է հայ-ադրբեջանական կարգավորմանը Միացյալ Նահանգների «խոր ներգրավվածության» մասին պետական դեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությանը, որն իր հերթին հաջորդել է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում փոխպետքարտուղար Օ՛Բրայանի ելույթին:

Եվ այլեւս հրապարակայնացված է, որ հայ-ադրբեջանական կարգավորմանն ԱՄՆ-ի ներգրավվածությունը հետապնդում է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության թուլացմանը կամ առհասարակ չեզոքացմանը:

Ռուսաստանի եւ Չինաստանի հետ Ադրբեջանն ունի ռազմավարական համագործակցության պայմանավորվածություն: Չինաստանն առերեւույթ հայ-ադրբեջանական կարգավորման մասնակից չէ եւ շահառու լինելու նկրտումներ չի դրսեւորում: Ռուսաստանն անցյալ շաբաթ վերստին հայ-ադրբեջանական բանակցությունների «ամենակոմֆորտ պայմաններ» է առաջարկել:

Ամիրբեկովի վաշինգտոնյան գործուղումը վկայում է, որ Ալիեւը հակվում է ԱՄՆ միջնորդության ֆորմալացմանը: Բայց ի՞նչ է դրա դիմաց նրան առաջարկում Վաշինգտոնը՝ մեկ, երկրորդ՝ Ալիեւը վստահություն ունի, որ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունը Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության «վերբեռնում» չի՞ ենթադրում:

Կամ համոզված է, որ դեմոկրատնե՞րն են նախագահական ընտրություններում հաղթելու: Իսկ գուցե Ամիրբեկովը «ֆլիրտ է արել», որպեսզի ապահովի COP 29-ի հանդեպ Վաշինգտոնի բարյացակամությունը, եւ Ալիեւը պարզապես մի քանի ամիս ժամկետով է շահում: Երեւանը որքանո՞վ է տեղեկացված ԱՄՆ նախագահի աշխատակազմի, պետական դեպարտամենտի եւ, մանավանդ, պաշտպանության նախարարի օգնականի հետ Էլչին Ամիրբեկովի բանակցություններից:

Ուղեղային ի՞նչ կենտրոնների կազմակերպած կլոր սեղանի է մասնակցել Ալիեւի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը, Հայաստանի պատկան կառույցները նրանց հետ քննարկումներ նույնպես ունեցել են, ունենու՞մ են կամ ունենալու՞ են: Ամիրբեկովը Վաշինգտոնում է գտնվել, երբ հայ-թուրքական սահմանին կայացել է կողմերի հատուկ բանագնացների եւս մեկ հանդիպում: