22/11/2024

Ինչից կամ՝ ումից է վախենում Ալիևը, որ խոսում է սադրանքների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը օգոստոսի 3-ին ելույթ ունենալով այդ երկրի ՊՆ կոլեգիայի նիստում, հայտարարել է, որ բանակը պետք է միշտ պահի իր մարտունակությունը եւ պատրաստ լինի պատասխանել ցանկացած սադրանքի, «որպեսզի ոչ ոք իրենց հետ չկարողանա խոսել վերջնագրի եւ թելադրանքի լեզվով»:

Հետաքրրքիր է, այդ ո՞վ է Բաքվի հետ խոսում թելադրանքի եւ վերջնագրի լեզվով, ինչպես ակնարկում է Հասանովը: Այն, որ Ադրբեջանն ինքն է այդ լեզվով խոսում արդեն մի քանի տարի, բավականին բացահայտ է:

Ադրբեջանն այդ լեզվով խոսում է Հայաստանի հետ, իրականացնելով շանտաժի քաղաքականություն եւ փորձելով կորզել այդ կերպ քաղաքական զիջումներ: Բայց, որ ինչ որ մեկը թելադրանքի ու վերջնագրի լեզվով խոսի Ադրբեջանի հետ, կարծես թե նկատելի չէ: Թե՞ դա տեղի է ունենում այսպես ասած սենյակներում, ինչպես մի անգամ 2016-ին Իլհամ Ալիեւն էր հայտարարել, թե փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը:

Հայ հանրության մեջ առ այսօր այդ հայտարարությունը քննարկումների ու ներքաղաքական բանավեճերի առարկա է: Ներկայիս իշխանության ընդդիմախոս նախկին իշխանության ներկայացուցիչները բերելով այդ փաստարկը փորձում են ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը կեղծում է, ասելով, թե իրականում ոչ ոք պատրաստ չէր ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմից դուրս: Սակայն, իրողությունների տրամաբանությունը քիչ հավաստի է դարձնում, թե Ալիեւը եղել է այդպիսի ճնշման տակ:

Դա բոլորովին չի նշանակում, թե հավաստի է դառնում Նիկոլ Փաշինյանի եւ ներկայիս իշխանության այն պնդումը, թե Արցախը Ադրբեջանի մաս Հայաստանը ճանաչել էր վաղուց՝ 2018-ից առաջ: Այդ հայտարարությունը պարզապես պրոգանդիստական հնարք է, ոչ ավելի:

Բայց, թերեւս պրոպագանդիստական հնարք է նաեւ Ալիեւի հայտարարությունը, ցույց տալ հանրությանը, թե ինքն այնքան հերոսական ղեկավար է, որ չի ընկրկում Արցախը ճանաչելու միջազգային ճնշման առաջ: Գործնականում, այդօրինակ հնարքների ներքո Ադրբեջանը պատրաստվում էր միջազգային հանրության լռության պայմաններում պատերազմ սանձազերծել Արցախի դեմ՝ այն ամբողջությամբ օկուպացնելու նպատակով, խաղալով հենց միջազգային դերակատարների օրեցօր ուժգնացող շահերի բախման վրա:

Այժմ, երբ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը ըստ էության կրկնում է «հնարքը», ցույց տալով, թե ինչ որ մեկը Բաքվի հետ խոսում է վերջնագրի ու թելադրանքի լեզվով, բայց իրենք ամուր են ու թույլ չեն տա դա՝ այդ թվում բանակի մարտունակությամբ, պետք է թերեւս ավելի հավանական համարել այն, որ Ադրբեջանը ոչ թե ինչ որ վերջնագրի է դիմակայում, այլ ինքն է պատրաստվում ինչ որ սադրանքի:

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Մերձավոր Արեւելքը հերթական անգամ հայտնվել է պատերազմի «կարմիր եզրագծին»: Ադրբեջանի ագրեսիայի միջավայրային սնուցման աղբյուրը մշտապես եղել է Մերձավոր Արեւելքի իրավիճակը: