Մերձավոր Արևելքում նոր հակամարտության վտանգի, իրավիճակի սրման ու լարվածության մեծացման չափերն օր օրի ընդլայնվում են:
Առավել ահագնացող են դարձնում իրավիճակը տարբեր երկրների կողմից իրենց քաղաքացիներին ուղղված ահազանգերը՝ Լիբանանը կամ Իրանն անմիջապես լքելու վերաբերյալ: Նման հայտարարությամբ են արդեն իսկ հանդես եկել Եվրոպական տասնյակ երկրներ, այդ թվում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ Միացյալ Նահանգները խնդրել է Լիբանանում գտնվող ամերիկացիներին երկիրը լքել անհապաղ և դա անել ցանկացած հնարավոր միջոցներով:
Իրանը խոստացել է «դաժան վրեժ լուծել» Իսրայելից՝ մեղադրելով նրան հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության մեջ։ Իսրայելը, վաղուց որդեգրած գործելաոճին հավատարիմ, չի մեկնաբանել խմբավորման առաջնորդի սպանությունը։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, թե Իսրայելը «խիստ պատիժ» է կրելու սպանության համար:
Հանիեի սպանությունը վտանգի տակ է դրել և կարծես ի չիք է դարձնում հրադադարի և Գազայի պատանդների ազատ արձակման մասին բանակցությունները:
Ինֆորմացիոն արտահոսք կամ չճշտված տեղեկատվություն
Առայժմ, Մերձավոր Արևելքի երկրները և ամբողջ աշխարհի՝ տարածաշրջանում ներգրավված դերակատարները շունչները պահած սպասում են իրադարձությունների հետագա զարգացմանը՝ չիմանալով կոնկրետ ժամկետներ, բայց ունենալով ենթադրություններ:
Sky News Arabia-ն, մինչդեռ, առաջ անցնելով կոնկրետ հայտարարություններից, հղում անելով հետախուզական ծառայություններում ունեցած աղբյուրին, գրել է, որ Իսրայելի վրա հարձակումը կկազմակերպվի հրեա ժողովրդի համար նշանակալից ամսաթվի՝ Tish’a B’Av-ին, օգոստոսի 13-ին: Սա ազգային սգո օր է, երբ ավերվել են Երուսաղեմի Առաջին և Երկրորդ տաճարները:
«Հարձակումը պատասխան կլինի Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի, «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներից Ֆուադ Շուքրի և ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատար Մուհամեդ ադ-Դեյֆի սպանությանը»,- նշել է հեռուստաալիքը։
Այս տեղեկատվությունը ոչ հաստատվել է, ոչ էլ՝ հերքվել, սակայն նշված օրը եթե տեղի ունենա հարձակումը,ը ուժեղ հուզական և հոգեբանական ազդեցություն կունենա Իսրայելի վրա և կարող է մեծացնել խոցելիության և վախի զգացումը իսրայելական հասարակության մեջ՝ վերակենդանացնելով այս օրվա հետ կապված պատմական տրավմաները։
Հարձակումը կարող է պայմանավորված լինել նաև անակնկալի հասնելու մտադրությամբ. կրոնական օրերին անվտանգության միջոցառումները կարող են ավելի շատ ուղղված լինել խռովությունները կանխելուն, այլ ոչ թե ռազմական հարձակումներին:
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, նշել էր Իրանի պատասխան հարվածի այլ հավանական ժամկետ՝ իր տվյալներով՝ հարձակումը կարող էր տեղի ունենալ օգոստոսի 5-ին։ Ենթադրվում է, որ Թեհրանի հարձակումը կիրականացվի նույն սցենարով, ինչ նախորդն էր ապրիլին, սակայն այն կլինի ավելի մասշտաբային, և դրանում կարող է ներգրավված լինել լիբանանյան Հեզբոլլահի իրանամետ խմբավորումը։
Ինչ վախեր ունի Արևմուտքը և ինչպես են ծավալվել իրադարձությունները
Հանիեն, ով մասնակցում էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալությանը, սպանվեց Բեյրութում՝ Իսրայելի «Հըզբոլլահի» ավագ հրամանատար Ֆուադ Շուքրի սպանվելուց ժամեր անց:
Արևմտյան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Իրանը կարող է հակահարված տալ Իսրայելին հենց «Հըզբոլլահ»-ի ձեռքով, որին նա երկար ժամանակ աջակցում է: Եվ սա, անշուշտ, կբերի Իսրայելի լուրջ արձագանքին, կսկսվի նոր էսկալացիա:
ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ շարունակում են դիվանագիտական ճանապարհով փորձել նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Կանադան և Հորդանանը կոչ են արել իրենց քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Լիբանանը։ Երկրի միակ միջազգային օդանավակայանում՝ Բեյրութում, աննախադեպ թվով չվերթներ են չեղարկվում։ Որոշ տոմսերի գները զգալիորեն աճել են, սակայն խուճապի կամ երկրից մարդկանց զանգվածային փախուստի նշաններ դեռ չկան։
«Հըզբոլլահ»-ը սկսել էր հրթիռակոծել Իսրայելը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից հարավային Իսրայելի վրա հարձակումից մեկ օր անց՝ իր գործողությունները Գազայում պաղեստինցիներին աջակցություն անվանելով: Այնուամենայնիվ, «Հըզբոլլահ»-ի հարձակումները հիմնականում սահմանափակվել են սահմանամերձ շրջաններով, և երկու կողմերն էլ բազմիցս հայտարարել են, որ շահագրգռված չեն հակամարտությունն ընդլայնելու մեջ:
Մինչդեռ Իսրայելի և Իրանի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ 12 երեխա սպանվեց գրավյալ Գոլանի բարձունքներում տեղի ունեցած հարվածի հետևանքով։ Իսրայելը մեղադրեց «Հըզբոլլահ»-ին և խոստացավ «խիստ» հատուցում, թեև խմբավորումը հերքում էր իր առնչությունը:
Օրեր անց Շուքրը՝ «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի մերձավոր խորհրդականը, սպանվեց Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով: Չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, նույնպես մահացել էր։
«Հըզբոլլահ»-ը խոստացել էր պատասխանել Շուքրի սպանությանը, որը տեղի էր ունեցել Բեյրութի հարավային արվարձանում խմբավորման հենակետ Դահիյա քաղաքում, այնուհետ հուլիսի 3-ի կեսգիշերն անց խմբավորումը տասնյակ հրթիռներ էր արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող Բեյթ Հիլել քաղաքի ուղղությամբ։
Սոցցանցերում հրապարակված կադրերում երևում էր, թե ինչպես էր իսրայելական «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը որսում հրթիռներ: Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող թիրախներին։
Հուլիսի 3-ին Բեյրութում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ նրանք, ովքեր կնախընտրեն մնալ Լիբանանում, պետք է «պատրաստեն արտակարգ իրավիճակների ծրագիր» և պատրաստ լինեն «երկարատև ժամանակով ապաստանելու»:
Աջակցում են Իսրայելին՝ Իրանի դեմ
Պենտագոնը հայտարարել է, որ ավելի շատ ռազմանավեր և կործանիչներ է ուղարկում տարածաշրջան՝ օգնելու Իսրայելին պաշտպանվել Իրանի և նրա կողմնակիցների հնարավոր հարձակումներից: Դաշնակիցները նմանատիպ ռազմավարություն կիրառեցին ապրիլին, երբ Իրանը ավելի քան 300 հրթիռ և անօդաչու թռչող սարք արձակեց Իսրայելի վրա՝ ի պատասխան Սիրիայում իր դիվանագիտական համալիրի վրա հարձակման, որի մեղավորը Իսրայելն էր:
Շատերը մտավախություն ունեն, որ ստեղծված իրավիճակում Իրանը նման կերպ կարձագանքի Հանիեի սպանությանը ևս:
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ լրացուցիչ զորքեր, հյուպատոսական սպաներ և սահմանապահ պաշտոնյաներ է ուղարկում տարհանմանը օգնելու համար և կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանը, քանի դեռ առևտրային թռիչքները հասանելի են: Բրիտանական երկու ռազմանավ արդեն գտնվում են տարածաշրջանում, իսկ թագավորական ռազմաօդային ուժերը տեղակայել են տրանսպորտային ուղղաթիռներ։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, որ իրավիճակը տարածաշրջանում «կարող է արագորեն վատթարանալ»:
Ուրբաթ օրը Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հեռախոսով խոսել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ, նշել, որ Իրանը «անկասկած կօգտագործի իր անօտարելի և օրինական իրավունքը»՝ պատժելու Իսրայելին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է իսրայելցիներին, որ «առջևում դժվար օրեր են», սակայն ասել է, որ երկիրը պատրաստ է «ցանկացած սցենարի»:
Բաց մի թողեք
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար
Էրդողանը կփորձի՞ հասնել հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են բանկոմատի պայթյունի մեջ կասկածվող թոշակառուին