20/09/2024

Ի՞նչ էր ուզում Իսրայելը, երբ իրականացրել է Թեհրանում Հանիայի սպանությունը

Մինչ աշխարհը սպասում է, թե ինչ պատասխան է տալու Իրանը Իսրայելին, Թեհրանում հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը սպանված Իսմայիլ Հանիայի փոխարեն ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար է ընտրվել Յահյա Սինվարը, որը համարվում է ՀԱՄԱՍ-ի ամենաարմատական դեմքերից մեկը:

Սինվարը երկար տարիներ անցկացրել է իսրայելական բանտերում, իսկ Թել Ավիվը նրան համարում է նաեւ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի վրա հարձակկման կազմակերպիչներից մեկը:

Փաստացի ստացվում է, որ Թեհրանում սպանելով Հանիային, որը ըստ էության ՀԱՄԱՍ-ի չափավոր դիրքորոշում ունեցող քաղաքական առաջնորդ էր, բանակցում էր Իսրայելի հետ, փորձում էր գալ համաձայնությունների Գազայում կրակի դադարեցման եւ պատանդառված իսրայելցիների ազատ արձակման հարցում, փոխարինում է առավել արմատական դիրքորոշում ունեցող գործիչ: Դա՞ էր ուզում Իսրայելը, որ իրականացրել է Թեհրանում Հանիայի սպանությունը:

Ուզում էր ստանալ ՀԱՄԱՍ-ի առավել անհաշտ ու արմատակա՞ն առաջնորդ: Իսրայելի համար դա հնարավորություն է հետագայում ի՞ր գործողությունների արմատականությունը արդարացնելու համար, թե՞ այդուհանդերձ միարժեք չէ, որ Թեհրանում սպանությունը հենց Իսրայելի ձեռքի գործն է եւ Հանիան ավելի շատ խանգարում էր ոչ թե Իսրայելին, այլ ուրիշ խաղացողների: Միեւնույն ժամանակ, արդյո՞ք հնարավոր է ««տարանջատել» Իսրայելն ու վարչապետ Նաթանյահուին: Այսինքն, կարո՞ղ է լինել իրավիճակ, երբ անձնապես Նաթանյահուիեւ Իսրայել պետության շահերը գտնվեն հակոտնյա ռեժիմում:

Միանգամայն հնարավոր է, որովհետեւ բավականին ակնառու է, որ Նաթանյահուի քաղաքական հեռանկարն ու անգամ անձնական անվտանգությունը «պահվում» են մերձավորարեւելյան ներկայիս լարվածության վրա: Թվում է, որ հենց իրավիճակը կանգ առնի, կանգնի պատերազմը Գազայում եւ էապես նվազի ռեգիոնալ մեծ պատերազմի վտանգը, կարող է դադարել արդեն Նաթանյահուի քաղաքական կարիերան, ինչը կունենա ընդհուպ իրավական հետեւանք նրա համար, հաշվի առնելով գոյություն ունեցող կոռուպցիոն գործերը: Բայց, արդյո՞ք պատկերը հակառակը չէ Իսրայելի համար:

Համենայն դեպս ակնառու է, որ թե իսրայելական հանրության, թե քաղաքական վերնախավի տրամադրությունները բոլորովին միատարր չեն: Մյուս կողմից, քանի դեռ երկիրը գտնվում է պատերազմի մեջ, գործնականում բարդ է քաղաքական պայքարը Նաթանյահուի դեմ: Եվ այդ իմաստով, ՀԱՄԱՍ-ի առավել ռադիկալ առաջնորդի ընտրությունը գործնականում այդ պայքարը առնվազն մի փոքր էլ բարդացնող հանգամանք է: