Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանա-հայկական կարգավորման հարցը:
Այս մասին ասվում է Պուտինի՝ Բաքու այցի մանրամասների մասին ռուսական կողմի հրապարակած պաշտոնական տեղեկատվության մեջ։
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինը պետական այցով կգտնվի Ադրբեջանում օգոստոսի 18-19-ը։
«Նախագահները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական կարգավորման թեմայի շուրջ»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում:
Բաքվի իշխանական լրատվամիջոցը «կանխատեսում» է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջանական պետական այցի «օրակարգը քննարկվել է» ԱԽ քարտուղար Շոյգուի «տրանզիտային կանգառի» օրը:
Ավելի վաղ Իլհամ Ալիևը մինչև տարեվերջ ռուս-ադրբեջանական ևս մեկ հանդիպում է անոնսավորել: Բայց տպավորություն կար, որ դա տեղի կունենա ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովից և COP29-ից հետո:
Պուտինը Բաքու է այցելում այդ միջոցառումներից և ԱՄՆ նախագահական ընտրություններից երկուսուկես-երեք ամիս առաջ: Եվ, ինչպես haqqin.az-ն է «ենադրում», քննարկելիք առանցքային հարցերից մեկը, թերևս՝ ամենագլխավորը, վերաբերում է 3+3 ձևաչափով Հարավային Կովկասի «անվտանգության և կայունության օպտիմալ սցենարի մշակմանը»:
Կասկածել պետք չէ՝ գործ ունենք Իլհամ Ալիևի աշխատակազմից տեղեկատվական արտահոսքի հետ, որ, եթե դիվանագիտականից «թարգմանենք», կստացվի, որ Վլադիմիր Պուտինը մեկնում է Բաքու, որպեսզի հայ-ադրբեջանական կարգավորման բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները չեղարկվեն:
Նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստակամ է ներգրավված մնալ հայ-ադրբեջանական բանակցություններին՝ «ինչ ձևաչափ էլ կողմերն ընտրեն»: Բաքվի «Թուրան» գործակալությունն օրվա ընթացքում փոխել է այս լուրի խորագիրը և ձևակերպել, որ Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական բանակցությունների Մինսկի խմբի ձևաչափն «ակտուալ չի համարում»:
Այս վերագրումից կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիևը փորձելու է Պուտինից հայտարարություն կորզել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «փաստացի անգործունակ է»: 3+3 ձևաչափն այն է, ինչ Բաքուն ներկայացնում է որպես Իլհամ Ալիևի «բացառիկ նախաձեռնություն»: Բայց նույնիսկ «ոզնուն է հասկանալի», որ դա Մոսկվայի մտահղացումն է:
Ընդ որում, եթե մինչ այժմ այդ «ձևաչափը կաղ» էր, քանի որ երկու հանդիպումներին Վրաստանը չի մասնակցել, ապա ներկա իրավիճակում, երբ «Վրացական երազանքը» Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ խնդիրներ ունի, հավանական է, որ Թբիլիսին միանա Թուրքիայում նախատեսվող քննարկումներին:
Չափազանց ուշագրավ է, որ Պուտինի Բաքու այցին ընդառաջ տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հեռախոսազրույց: Այդ մասին, սակայն, Բաքվի լրատվամիջոցները հայտնում են՝ հղելով Թուրքիայի նախագահի գրասենյակին: Տարեսբանից Էրդողանը «անհամբեր սպասում է» Պուտինի Անկարա այցին, իսկ նա մեկնում է Բաքու: Թուրքիայի նախագահի համար դա նվաստացու՞մ է:
Նա կընդունի՞, որ Ալիևը Պուտինի և իր հարաբերություններում միջնորդ լինի: Արեւմուքը և Ռուսաստանը կգնա՞ն «ազդեցության գոտիների փոխանակման»: Թե Վլադիմիր Պուտինը նպատակադրված է Հարավային Կովկասն ամբողջությամբ վերաֆորմատավորել որպես Արեւմուտքի դեմ «հաղթական պատերազմի պլացդարմ»: Օգոստոսի 19-ը Մոսկվայում «պուտչի» 33-րդ տարելիցի օրն է: Խորհրդային հանրապետություններից միայն Ադրբեջանն է ողջունել այն:
Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ փլուզումն անվանել է 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունը: Պատահակա՞ն է, որ նա Բաքվում Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարություն կհրապարակի հենց այդ, բայց նաև Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի տասնմեկերորդ ամսվա օրով:
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել