25/12/2024

Հարիսի «այո»-ին սպասելով. սկսվել է Դեմոկրատական կուսակցության համագումարը

Չիկագոյում մեկնարկել է ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության համագումարը։ Այն տեղի կունենա օգոստոսի 19-ից 22-ը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սպասվում է, որ հանրագումարի շրջանակում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես կհամաձայնի առաջիկա ընտրություններում առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Բացի այդ, պատվիրակները պետք է հաստատեն կուսակցության քաղաքական պլատֆորմը։

Դեմոկրատների համագումարի նախօրեին քաղաքի գլխավոր փողոցներից մեկում՝ Միչիգան ​​պողոտայում, սկսվել է պաղեստինամետ հանրահավաքը, որին մասնակցում է մի քանի հարյուր մարդ։ Ցուցարարների ձեռքերում «Դադարեցրեք զենքի մատակարարումը Իսրայելին», «Վերացրեք Գազայի շրջափակումը» և այլ կարգախոսներով պաստառներն են։

Ցուցարարները, ի թիվս այլնի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրում են Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանության իրականացնելու մեջ, իսկ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին՝ դրան աջակցելու մեջ։

Ոստիկանության աշխատակիցները Միչիգան ​​պողոտայի մոտ փակել են մի քանի փողոց։ Ցուցարարների շարասյունին նախորդում են իրավապահների մեքենաները։

Բազմաթիվ համայնքային կազմակերպություններ հայտարարել են դեմոկրատների ազգային համագումարի ժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպելու ծրագրերի մասին: Սպասվում են հազարավոր բողոքի ցույցեր։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի վերջին հրաժարվեց վերընտրվելու ցանկությունից: Այնուհետ նա որպես իրեն փոխարինող առաջարկեց ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսին:
Համաձայն առցանց ընտրությունների արդյունքների՝ Հարիսը բավականաչափ ձայներ է ստացել Դեմոկրատական ​​կուսակցության պատվիրակներից՝ երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու համար։ Օգոստոսի 7-ին նա հայտարարեց, որ պաշտոնապես դարձել է դեմոկրատներից պետության ղեկավարի թեկնածու։