ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այցելել է Մերձավոր Արեւելք: Իսրայելում նա հայտարարել է, որ Գազայում հրադադարի հասնելու այս նախաձեռնությունը կարգավորման թերեւս «լավագույն» եւ գուցե «վերջին հնարավորությունն» է:
Խոսքը Կատարի ու Եգիպտոսի ներգրավմամբ Գազայում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի հասնելու մասին է, որին մասնակցում է նաեւ ԱՄՆ: Պետքարտուղար Բլինքենի բնորոշումը հնչում է բավականին կատեգորիկ՝ «գուցե վերջին հնարավորությունն» է:
Իսկ ի՞նչ կլինի դրանից հետո՝ իրան-իսրայելական պատերա՞զմ, թե՞ Միացյալ Նահանգները պարզապես կդադարեն փնտրել մերձավորարեւելյան հրադադար, քանի որ այլեւս ամբողջապես կլանված կլինեն նոյեմբերին սպասվող ընտրական գործընթացով, իսկ դրանից հետո բոլոր դեպքերում Սպիտակ տուն կարող է մտնել վարչակազմ, որն այլ վերաբերմունք կունենա իրավիճակին, քան պետքարտուղար Բլինքենի գլխավորած դիվանագիտական թիմը:
Շաբաթներ առաջ, երբ նագահա Բայդենը հրաժարվեց թեկնածությունից եւ նրա փոխարեն առաջ եկավ փոխնախագահ Հարիսի թեկնածությունը, ամերիկյան հեղինակավոր մամուլը հայտնեց տեղեկություն, որ Հարիսի հաղթանակի դեպքում մի քանի առանցքային պաշտոնյաներ չեն լինի Սպիտակ տան նրա վարչակազմում:
Այդ պաշտոնյաների շարքում էր նշվում նաեւ պետքարտուղար Բլինքենի անունը: Հասկանալի է, որ Տրամպի հաղթանակի դեպքում առավել եւս ավելորդ է խոսել Բլինքենի պաշտոնավարման մասին:
Այդպիսով, հնարավոր է, որ պետքարտուղար Բլինքենը ապրում է իիր դիվանագիտական գործունեության վերջին ակտիվ շաբաթները: Խոսքն իհարկե ֆիզիկական ակտիվության մասին չէ, քանի որ այն կարող է շարունակվել մինչեւ նոր նախագահի պաշտոնամուտ եւ նոր պետքարտուղարի նշանակում:
Խոսքն այն մասին է, որ մոտիվացիոն իմաստով Էնթոնի Բլինքենը «ապրոիմ» է թերեւս իր դիվանագիտական ակտիվության վերջին շաբաթները եւ հնարավոր է, որ դրա արդյունքը կարող է նաեւ էական դեր ունենալ ԱՄՆ ներքին պրոցեսներում ներդեմոկրատական տրամադրությունների եւ դեմոկրատական կուսակցության ներսում ուժերի հարաբերակցության վրա, այդ կերպ նաեւ որոշակիորեն կանխորոշելով Հարիսի հնարավոր հաղթանակի պարագայում վարչակազմի ձեւավորման գործընթացում ուժերի հարաբերակցությունը: Այս հարցը երկրորդական չէ Հայաստանի համար: Անշուշտ ոչ այն պարզունակ տրամաբանությամբ, թե ԱՄՆ նախագահի ընտրությանն ու՞մ կամ ո՞ր թիմի հաղթանակն է ձեռնտու Հայաստանի համար:
Պարզունակ, որովհետեւ այդ հաղթանակի հարցում Հայաստանը չունի որեւէ ազդեցություն, հետեւաբար Երեւանի առանցքային հարցը որեւէ արդյունքի առավելագույն պատրաստ լինելն է, այլ ոչ ցանկալի արդյունք դիտարկելը: Հարցը Հայաստանի համար երկրորդական չէ այն իմաստով, որ պետքարտուղար Բլինքենը «անձնական ներգրավվածության» հարց է դիտարկել նաեւ հայ-ադրբեջանական խնդիրը, համենայն դեպս դատելով պետքարտուղարության խոսնակի պարբերական հայտարարություններից:
Եթե մերձավորարեւելյան հարցում նա խոսում է կարգավորման «գուցե վերջին հնարավորության» մասին, ապա հարց է առաջանում, թե ի՞նչպիսին է նրա պատկերացումը Հայաստան-Ադրբեջան գործընթացի մասին եւ արդյո՞ք Բլինքենն անձամբ չի համարում, որ այստեղ այդ «վերջին հնարավորությունը» արդեն իսկ բաց է թողնված:
Իսկ գուցե «հանձնված» է Կրեմլի՞ն, դրա դիմաց ակնկալելով, որ Կրեմլն էլ կօժանդակի Նահանգների «վերջին հնարավորությանը» Մերձավոր Արեւելքում: Պուտինի Բաքու այցից առաջ Կրեմլը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական կարգավորումը կլինի քննարկման առանցքային թեմաներից:
Հետաքրքիր է, թե Պուտինի այցից հետո կլինի՞ Բլինքենի հեռախոսազանգ Ադրբեջան, եւ ի՞նչ ժամանակային ինտերվալում: Դա թերեւս կլինի ինդիկատոր, թե արդյո՞ք Հայաստան-Ադրբեջան հարցը եղել է ամերիկա-ռուսական այն շփումների փաթեթում, որ տեղի էին ունեցել օրեր առաջ հետախուզությունների եւ պաշտպանության նախարարությունների մակարդակում:
Բաց մի թողեք
Պուտինին «չի հաջողվել ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցության հարցում համոզել Հնդկաստանի վարչապետին»
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայություններն ի՞նչ են կորցրել Բաքվում
Ո՞ր երկրները եւ ի՞նչ պատճառաբանությամբ են դեմ եղել ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի իրավահավասար անդամակցությանը