16/09/2024

Թուրքիան տարածաշրջանում Ռուսաստանին չի վստահում, ինչ սպասել ․․․

Թուրքիան մտադիր է կարգավորել Սիրիայի հետ հարաբերությունները: Այդ մասին Անկարան հայտարարել է ամիսներ առաջ: Արտաքին գործերի նախարար Ֆիդանը նույնիսկ բացահայտել է, որ դեռեւս Ազգային հետախուզական ծառայության տնօրենի պաշտոնում գաղտնի քննարկումներ է ունեցել սիրիացի գործընկերների հետ:

Մամուլում տեսակետ էր շրջանառվել, որ Թուրքիայի եւ Սիրիայի նախագահները կարող են հանդիպել Մոսկվայում: Այդ կանխատեսումներն իրականության չդարձան.

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հասկացրեց, որ Էրդողանի հետ կհանդիպի, եթե Թուրքիան զորքերը դուրս բերի Սիրիայի հյուսիսային շրջաններից կամ առնվազն հրապարակային խոստում տա: Անկարան պարզաբանեց, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը հարգում է, բայց զորքերը դուրս կբերի, եթե լուծվի իր անվտանգության հարցը.

Ըստ էության, թուրք-սիրիական կարգավորման մոսկովյան միջնորդությունը հաջողություն չունեցավ կամ, գուցե, այս փուլում եւ առհասարակ Ռուսաստանին Ասադ-Էրդողան հաշտությունը ձեռնտու չէ: Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահի Բաքու այցին ընդառաջ Իրանում Թուրքիայի դեսպան Քիրլանգիչը Tasnim գործակալությանը հարցազրույցում հույս է հայտնել, որ թուրք-սիրական կարգավորման հարցում Իրանը կառուցողական մոտեցում կցուցաբերի:

Դեսպանի գնահատմամբ՝ Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերումը «այդ երկրում ԱՄՆ գործողություններից հետո քաոս կստեղծի»: Ակնարկը վերաբերում է Սիրիայի հյուսիսի այսպես կոչված՝ «փաստացի քրդական ինքնավարությանը»: Թուրքիան համարում է, որ դա ամերիկյան նախագիծ է եւ վճռականորեն պնդում, որ «իր սահմանների մոտ ահաբեկչական պետության ստեղծում թույլ չի տա»:

Թուրք-սիրիական հաշտեցման Անկարայի նախաձեռնությունը կառուցված է այն կանխավարկածով, որ «քրդական ինքնավարության» ոչնչացումը ձեռնտու է նաեւ Ասադին, քանի որ այդ դեպքում Սիրիայի տարածքային ամբողջականությունը ֆորմալ առումով վերականգնվում է, թուրքական զինված ուժերի ներկայությունը՝ Դամասկոսի կողմից ճանաչվում:

Դժվար է ասել՝ Ռուսաստանի նախագահը փորձե՞լ է այս հեռանկարի օգտակարության հարցում Ասադին համոզել, բայց հաջողության չի հասել, թե՞ Մոսկվայում նման քննարկումներ չեն եղել, եւ Անկարան ձգտում է դրան հասնել Իրանի միջոցով: Իրանում Թուրքիայի դեսպանը խնդիրը դիտարկել է Սիրիայի հարցով ռուս-թուրք-իրանական պայմանավորվածություններից դուրս, բացառապես թուրք-իրանական քննարկումների կտրվածքով եւ ամփոփել, որ Թուրքիան եւ Իրանը «տարածաշրջանում կայունություն հաստատելու հարցում մեծ դեր են խաղում»:

Դեռեւս մունիցիպալ ընտրություններից առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչական լայնածավալ ռազմագործողություն» սկսելու ծրագրի մասին, որը պետք է մեկնարկեր հունիսին: Թուրքիան այդ ուղղությամբ միայն սահմանափակ քայլեր է ձեռնարկում, ընդ որում՝ միայն Իրաքի հյուսիսում:

Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն չի կայացել, եւ Անկարան այդ հարցում Մոսկվային չի վստահում կամ եզրակացության է եկել, որ Ասադի նկատմամբ Իրանի ազդեցությունն ավելի ծանրակշիռ է: Օդային աղետի ենթարկվելուց կարճ ժամանակ առաջ Իրանի նախագահ Ռեիսին այցելել է Անկարա, հայտարարվել է, որ Էրդողանը փոխադարձ այց կկատարի, բայց դա տեղի չունեցավ:

Ավելին, Էրդողանը ներկա չէր Ռեիսիի հրաժեշտի արարողությանը: Թուրքիան արարողակարգի բարձր մակարդակով չմասնակցեց Իրանի նախագահ Փեզեշքիանի երդմնակալությանը: Թուրք-իրանական շփումների մասին առ այսօր պաշտոնական տեղեկատվություն չկա:

Թուրք-սիրիական հաշտեցման հարցում Իրանն ինչպե՞ս կարող է կառուցողական լինել, եթե Թեհրանը եւ Անկարան բարձր մակարդակի շփումներ չունեն: Ընդ որում, գոնե հրապարակային առումով հայտնի չէ նաեւ Իրան-Սիրիա ակտիվ հարաբերությունների մասին: