13/12/2024

Արցախի և Կիպրոսի նշանակության քանդակը՝ պատրաստված Աղավնոյից բերված քարով․ Լուսանկարներ

Սիսիանում՝ Զորաց քարերի մոտակայքում՝ «Էպիկենտրոն» արվեստ լաբորատորիայում բացվեց ճանաչված արվեստագետ, «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Ավագյանի «Աշխատել Ազատագրման համար» Արցախի և Կիպրոսի նշանակության քանդակը՝ պատրաստված Աղավնոյից բերված քարով։

Ինչպե՞ս է ծնվել գաղափարը, որը նաեւ ընդհանրություններն է ընդգծում Արցախի ու Կիպրոսի ճակատագրերի: Աշոտ Ավագյանը հիշեցրեց, որ սա «Ռեւանշ լինելու է» շարքի հինգերորդ պերֆորմանսն է. «Սա այդ շարքից է, ես քարեր էի բերել Աղավնոյից, մեկը անցյալ տարի ինստալյացիա ենք արել, որը վերաբերվում էր Արցախի զավթմանը, այս տարի էլ փորձեցինք ազատագրման հետ կապել: Մենք եւ հույները՝ Կիպրոսը նույն ճակատագրերն ունենք, մեր երկրները բռնազավթված են, բայց կա մարդկանց մի փոքր խումբ, որը չի հաշտվում այդ մտքի հետ, եւ վստահ եմ, որ նույն կերպ մտածողներ կան նաեւ հույների մեջ: Դրա համար էլ որոշեցինք այդ երկուսը միացնել իրար, որովհետեւ գաղափարական իմաստով երկուսի պարագայում նույն հիմքն է: Եվ մեր, եւ իրենց դեպքում ըմբոստ մարդկանց ցանկությունը նույնն է: Այդպես ծնվեց ինստալյացիան:Քարը կիսեցինք, երկու մասի բաժանեցինք, որպեսզի եւ Արցախը խորհրդանշեր, եւ Կիպրոսը»: Արվեստագետը ընդգծեց, որ քանդակի վրա աշխատել է իր աշակերտը՝ Վահե Եղյանը:

«Մենք առաջարկեցինք, որ այն փշալարը, որը կապվում էր այդ գաղափարին, որը հետո պետք է բացվի, երբ ազատագրենք Արցախը, ազատագրվի Կիպրոսը, իբրեւ մասունք մասնակիցները կտրեն ու տանեն իրենց հետ՝ որպես գաղափարի մաս, որովհետեւ բոլոր մասնակիցները վստահ են, որ ռեւանշ լինելու է եւ մի օր անպայման ազատագրվելու է բռնազավթված հայրենիքը, եւ այդ փշալարի կտորը իրենք պետք է տանեն Արցախ ու այնտեղ մի տեղ թաղեն: Մենք նաեւ կրակ վառեցինք, ինչու միշտ անում ենք, եւ որոշվեց, որ մասնակիցները պատերազմից հետո ունեցած բոլոր բացասական հույզերը, որոնք ապրել են, նետեն կրակի մեջ, այրեն: Այս ամենը միտված է ապագային, բայց ոչ այն հայտնի ապագային (ՔՊ-ի կարգախոս «ապագա կա» -ին,-Գ.Հ) »: