14/12/2024

Արեւմտամետների նախաձեռնած ստորագրահավաքը կրկին հետաձգվում է

Հայաստանի արեւմտամետ ուժերից ձեւավորված «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի նախաձեռնած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը կրկին հետաձգվում է:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած անցած շաբաթ Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մեզ ասաց, որ օգոստոսի կեսերին սկսում են, սակայն հարթակն օրերս հայտարարեց, որ գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի կեսերին։

Թեեւ նախաձեռնող խումբն արդեն ձեւավորվել է եւ կազմից լիազոր ներկայացուցիչ է ընտրել արդարադատության նախկին նախարար, Երեւանի ավագանու, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին, ով հանդես է գալու ԿԸՀ-ում, իսկ ստորագրահավաքից հետո՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ներկայացնելով նախագիծը։

Տեղեկություն կա, որ հարթակում այս օրերին բուռն քննարկումներ են գնում ընդհանրապես ստորագրահավաքի նպատակահարմարության վերաբերյալ:

Պատմեցին, որ թեպետ հակառուսների քանակը Հայաստանում վերջին շրջանում աճել է, սակայն այն պատկերը չունի, որը ցուցադրում են տեղեկատվական հարթակներում: Այսինքն՝ չնայած արեւմտամետները դրսից մեծ ֆինանսական աջակցության շնորհիվ փորձում են համապատասխան քարոզչությամբ «փակել» տեղեկատվական դաշտը, բայց իրականում, պատկերավոր ասած՝ «գետնի վրա» արեւմտամետների թիվն այդքան մեծ չէ:

Եվ եթե անգամ ստորագրահավաքի առաջին փուլը հաղթահարեն, ապա երկրորդ փուլում փաստի առաջ կարող են կանգնել։ Նշենք, որ առաջին փուլում պահանջվում է 50 հազար ստորագրություն, որպեսզի, համաձայն Սահմանադրության, հարցը մտնի ԱԺ օրակարգ։ Չընդունվելու դեպքում անհրաժեշտ կլինի 300 հազար ստորագրություն` նախագիծը մեխանիկորեն հանրաքվեի դնելու համար։