22/11/2024

Քաղաքական համակարգը վերածվում է ավտոկրատիայի՝ ով էլ իշխանություն լինի

Հայաստանում «ընդդիմությունից հիասթափվածություն կա, հայրենասիրական կոչերը չեն աշխատում» և եզրակացնում «որ իշխանափոխության համար պետք է «ընկեր Լենինի մարտավարությունն ընտրել՝ աշխատել «ներքեւների» հետ»:

Եթե հեղինակը դեռ կոմկուսակցության պատմության կաղապարների ազդեցության տակ է և հավատում է, որ 1917թ. նոյեմբերի 7-ին Ռուսաստանում ոչ թե կազմակերպված պետական հեղաշրջում, այլ «իրոք բանվորա-գյուղացիական ապստամբություն է տեղի ունեցել»՝ ցավալի է:

Բայց երբ ձևակերպվում է, որ Հայաստանում 2018թ. իշխանափոխություն տեղի չէր ունենա, եթե Նիկոլ Փաշինյանը «ներքևներին» չխոստանար, որ «վերադարձնելու է ժողովրդից կողոպտվածը», արդեն վտանգավոր է, որովհետև թեզի հեղինակն ինստիտուցիոնալ ընդդիմությանը հորդորում է քաղաքական-պետական-ազգային օրակարգը «փակել գզրոցներում» և սկսել «ներքևներին» ներշնչել, որ Հայաստանը «ոչ մի խնդիր չունի, բացի Նիկոլ Փաշինյանի և նրա ձևավորած համակարգի հեռացումից»:

Որ «Ոսկեպարով՝ Արցախ» կարգախոսը չի աշխատում, փաստ է, բայց ո՞վ է ասել, թե դա հայրենասիրական կոչ է կամ հայրենասիրությունը կոչ է, և եթե ոմանք և որոշները ձախողվել են, ապա Հայաստանում «հայրենասիրական օրակարգն այլևս պահանջված չէ» և պետք է անցնել «հացի բունտի» բոլշևիկայն փորձով «ապացուցված ռազմավարության»:

Ոչ ոք և ոչ մի այլ քարոզչություն իշխանությանը ավելի ձեռնտու չէ, քան սա, որովհետև ընդդիմությունն ընդունի կամ մերժի՝ փաստ է, որ Հայաստանում, եթե «հայրենասիրական կրիտիկական զանգված չի հավաքում», ինչպես հրապարակման հեղինակն է արդարացիորեն արձանագրում, ապա «հացի բունտի» մասնակիցներ հազիվ թե գտնվեն, որովհետև երկրում «կրիտիկական աղքատություն» պարզապես չկա:

Այդ քարոզչությունը հազիվ թե միայն հեղինակի մտքի ծնունդն է և հենց դրանով էլ Հայաստանի համար սպառնալիք է: Ինչու՞: Որովհետեւ գործող ինստիտուցիոնալ ընդդիմության ձախողումն առհասարակ ֆատալիստական է համարում, բացառում քաղաքական այլընտրանքը: Իսկ երկիրը, որ այլընտրանք չունի, որտեղ միայն պետք է գործի «պատերազմ՝ պալատներին, խաղաղություն՝ խրճիթներին» բոլշևիկյան կարգախոսը, դատապարտված է:

Այդ տրամաբանությամբ՝ եթե գործող իշխանությունը 2025թ. բյուջեով նախատեսի, որ, դիցուք, նվազագույն կենսաթոշակը 100 հազար դրամ է, աշխատավարձը՝ դրա կրկնակին, ապա Հայաստանն այլևս ոչ մի խնդիր չի ունենա: Եւ քանի որ թոշակի, աշխատավարձի կրկնապատկումը դեռևս իրատեսական չէ, ուրեմն ընդդիմությունն իր հանրահավաքներում պետք է ոչ թե երկրի արտաքին խնդիրներից, նրա անվտանգային, քաղաքակրթական ընտրությունից խոսի, այլ՝ բարձրանա ամբիոն և մարդկանց պոպուլիստական խոստումներ տա:

Այս քարոզչությունը, որքանով հասկացվում է, ոչ թե իշխանության կամ անձամբ Նիկոլ Փաշինյանի, այլ քաղաքական այն «սերմերի» դեմ է, որոնք մի քանի ուժեր պաշտպանում են և որպես հնարավոր այլընտրանք՝ փորձում ինստիտուցիոնալ տեսքի բերել: Եւ խնդիրն այստեղ այդ «սերմերի» ծլունակության կամ «սպասվող բերքի» նկատմամբ զգուշավորությունը չէ:

Երեւույթն ինքնին չափազանց վտանգավոր է և խորքային առումով զուգորդվում է Լուկաշենկոյի հայտարարությանը, որ «հայերը ոչ մեկին պետք չեն» կամ «ու՞ր պիտի գնան նրանք»: Այսինքն, հայերին «պետք է ՀԱՊԿ-ի անվտանգության երաշխիքներ, ԵՏՄ «էժան երշիկ», և մի իշխանություն, որ այն կբաշխի սոցիալական արդարության բոլշևիկյան սկզբունքով»:

Հայրենասիրական կոչերով դա չի ստացվել, չի ստացվում: Պուտինի Բաքու այցից հետո Հայաստանի ոչ մի քաղաքացի այլեւս չի հավատա, որ «Ուկրաինայում հաղթելուց հետո Ռուսաստանը կանցի Ադրբեջանի եւ Թուրքիայի հարցերի լուծմանը, եւ Ժիրինովսկու կանխատեսումը, որ Արարատը Հայաստանում կլինի, իրականություն կդառնա»:

Մնում է Հայաստանի քաղաքացուն ներշնչել, որ «եղածը եղած է, ավելին չկորցնելու համար պետք է կենտրոնանալ սոցիալական արդարության, համազգային բարիքն արդարացի բաշխելու խնդիրների լուծման վրա»: Դրա համար գործող իշխանությանն այլեւս չպետք է «դավա-ան-հողատու» ասել: Դա չի աշխատում, որովհետեւ ուղղակիորեն ծնում է ռազմավարական դաշնակից երկրի նկատմամբ առնվազն կասկածամտություն:

Այլ բան է, եթե ասեն «Նիկոլ-թալանչի»: Եւ եթե ընդդիմադիր մամուլը դիտարկվի, ապա կհամոզվենք, որ այդ քարոզչությունն արդեն սկսված է: Փաշինյանի, նրա ընտանիքի նիստուկացի, ուղեւորությունների մասին, դրանց շուրջ տեղեկատվական հոսքերն այլ իմաստ, քան հանրությանը նրանց նկատմամբ ատելություն ներշնչել, չունեն: Այդպիսով փորձ է արվում Հայաստանում մեռցնել հանրության քաղաքական ինքնագիտակցությունը, երկիրը վերածել կենցաղային բամբասախոսության ճահճի՝ ինչպիսին Խորհրդային Միությունն էր:

Նման իրավիճակում քաղաքական համակարգը վերածվում է ավտոկրատիայի՝ ով էլ իշխանություն լինի: Իսկ դա Հայաստանի պետականության մահն է, որովհետեւ ավտոկրատիան պահելու մի հնարավորություն կա միայն՝ ներգրվել ու անդամակցել ավտորիտարների ակումբին: Այս հեռանկարին առաջինը գործող իշխանությունը պիտի դիմադրել: Դա նրա պատմական առաքելությունն է եւ ամենալուրջ փորձությունը: