Խորհրդային միության ժամանակ ասում էին՝ սառնարանն էլ բացում ես, Բրեժնևն է խոսում (մյուս ղեկավարներին նույնպես դա վերաբերում էր): Հիմա մարդ կա, այդ բոլորին անցել է:
«Փաստ» օրաթերթը գրում է. Այնպես որ, մի շտապեք բացել սառնարանի դուռը, առավել ևս, որ մեծ մասի սառնարանի պարունակությունը գնալով տխուր է դառնում: Չի բացառվում, որ այնտեղից մեկ էլ, հոպ, Նիկոլ Փաշինյանը սկսի բացականչել. «Շնորհավորում եմ ձեր ճանապարհը, շնորհավորում եմ ձեր նոր կոյուղագիծը, շնորհավորում եմ ձեր բորդյուրները…»:
Չէ, բայց լուրջ, օրնիբուն խոսելու Փաշինյանի «բռնկումներն» արդեն անեկդոտային դրսևորումներ են ստանում: Ավելին, պարզվում է, Փաշինյանին էլ է արդեն դա հոգնեցրել: Օրերս, երբ հերթական անգամ բեմականացված «չնախատեսված կանգառ» էր կատարել հայրենակիցներից մեկի բոստանում, ասաց բառացիորեն հետևյալը. «Առավոտից հեռուստացույցով խոսում եմ, Ֆեյսբուքով խոսում եմ, Ինստագրամով խոսում եմ, Տիկ-տոկով խոսում եմ, կենդանի խոսում եմ, քնած խոսում եմ, արթուն խոսում եմ… էլի՝ ա՜, լա՜վ, էլի… Չի զգացվում, որ լսում եք…»:
Իսկ ի՞նչ է զգացվում: Ի՞նչ է հուշում Փաշինյանի այս խոստովանական «բռնկումը»:
Հիշյալ դժգոհապոռթկմամբ Փաշինյանն ընդունում է, որ նախ՝ ավելի շատ խոսելով է զբաղված, քան թե գործ անելով: Մյուս կողմից՝ Փաշինյանը թերևս առաջին անգամ ընդունում է իր համար դառը իրականությունը. չնայած օրնիբուն խոսում է, անգամ՝ քնած և կենդանի, բայց հաշվի առնող չկա: Լսող չկա, էլի: Ժողվարչապետը չունի զգացողություն, որ իրեն լսում են:
Ու նաև չլսվելուց է, կարծում ենք, գալիս այդ բորբոքվածությունը:
Հա, բայց ի՞նչ է խոսում, ախր: Փաշինյանին, հնարավոր է, հաճելի է մնալ իր շուրջը բեմականացվող թիկնապահված «իրականության» մեջ: Բայց մյուս կողմից՝ Փաշինյանի դեպքում, եթե խոսացածի կեսը սուտ դուրս չգա, ինչպես ասվում է՝ էլի լավ է: Այսինքն, երբ նա ասում է, թե շարունակ խոսում է, դա կարող է ընկալվել որպես շարունակ ստել կամ, քպական լեզվով ասած, «ֆռռացնել»:
Այլ կերպ ասած՝ առավոտյան հեռուստացույցով «ֆռռացնում» է, Ֆեյսբուքով «ֆռռացնում» է, Ինստագրամում, Տիկ-տոկում «ֆռռացնում» է, արթուն, քնած «ֆռռացնում» է: Էհ, թվում է՝ այդքան «ֆռռացնողին» ո՞վ հավես ունի շարունակ լսել, էլ չենք ասում՝ նյարդեր ունենալու մասին: Չնայած, հանուն արդարության, Փաշինյանը մի քիչ համեստություն է անում. կարծում ենք՝ ցավալիորեն դեռ ոչ միայն լսողներ, այլև հավատացողներ կան: Հակառակ դեպքում այս վիճակում չէինք լինի…
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են