22/11/2024

Վրաստանի ներքաղաքական աշունը թերեւս Հայաստանի համար կունենա առավել էական նշանակություն, քան «թեժ աշունը»

Դատելով Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հայտարարություններից, Վրաստանում աշնանը սպասվում է չափազանց կոշտ դիմակայություն:

Դրա մասին է վկայում այն, որ Վրացական երազանքի առաջնորդները արդեն խոսում են ընդհուպ այն մասին, որ կարգելեն Միխայիլ Սահակաշվիլու առաջնորդած քաղաքական ուժի՝ Ազգային միավորված շարժման գործունեությունն ու «Նյուրենբերգյան» դատավարություն կանցկացնեն այդ ուժի նկատմամբ: Հայաստանը բնականաբար պետք է անմասն մնա ներվրացական հարաբերությունների առնչությամբ որեւէ ուղղակի, կամ անուղղակի միջամտությունից, սակայն թերեւս պետք է պատրաստ լինի Վրաստանում իրադարձությունների զարգացման մի քանի սցենարի, ընդհուպ այն,որ հարեւան երկրում կարող է լինել որոշակի ապակայունացման շրջան, ինչը Հայաստանի համար կենթադրի հաղորդակցային բարդություններ:

Սա իհարկե գուցե առավել ծայրահեղ սցենարն է եւ պետք է ակնկալել, հուսալ, որ Վրաստանի աշնանային ընտրական ցիկլը կավարտվի այդ երկրի համար առանց ցնցումների, քանի որ Վրաստանի կայունությունը Հայաստանի համար ունի աներկբա կարեւորագույն նշանակություն; Բայց, այդուամենայնիվ, դատելով հնչող երանգներից, ու նաեւ աշխարհաքաղաքական իրողություններից, Կովկասում սրվող աշխարհաքաղաքական դիմակայությունից, այդ հարցում Վրաստանի հիմնարար նշանակությունից ու դերից, անհրաժեշտ է դառնում ընդհուպ ծայրահեղ սցենարների կանխատեսումն ու դրանց պատրաստվելը, հաշվի առնելով, որ Վրաստանը Հայաստանն արտաքին աշխարհի կապող ցամաքային երկու ճանապարհներից մեկն է, իսկ հիմնական շուկաներին կապելու տեսանկյունից՝ գերիշխողը:

Միեւնույն ժամանակ, այստեղ անշուշտ հարցը միայն լոգիստիկան չէ, այլ նաեւ ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակի զարգացման տրամաբանությունը: Եթե Վրաստանում Վրացական երազանք կուսակցությունը պահպանում է իշխանությունն ու երկրի կայունությունը, ապա դա ենթադրելու է Կովկասում իրադարձությունների հետագա զարգացման մի ռեժիմ, իսկ, եթե կորցնում է իշխանությունը կամ երկրի կառավարումը՝ բոլորովին այլ ռեժիմ ու տրամաբանություն:

Ընդ որում, Վրաստանում ապակայունությունը բարձրացնելու է Ադրբեջանի «բաժնետոմսերի» գինը, ու դրա մասին է վկայում այն, որ ադրբեջանական պրոպագանդան իր գերակշռող մասով Վրաստանի իրադարձություններին ու հեռանկարներին անդրադառնում է աշխարհաքաղաքական սրացման հեռանկարի վրա ակնհայտ խաղադրույքային տոնայնությամբ:

Ըստ էության, զգալիորեն նաեւ դրանով է պայմանավորված լինելու, թե որքանով է բարձր լինելու Երեւանի այն մտավախության հավանականությունը, որ հունիսին արտահայտել էր արտգործնախարարությունը, կապված Կլիմայի գագաթնաժողովից հետո Ադրբեջանի սադրանքների հնարավորության առնչությամբ:

Մեծ հաշվով, Վրաստանի ներքաղաքական աշունը թերեւս Հայաստանի համար կունենա առավել էական նշանակություն, քան հայաստանյան քաղաքական հերթական «թեժ աշունը», ինչի մասին խոսվում է սեպտեմբերին ընդառաջ: