Հնդկաստանի վարչապետ Մոդդի Կիև այցի հաջորդ օրը Ռուսաստանի նախագահ Պուտինը «պաշտպանության նախարարության հրամանատարական կետերից մեկում (այլ կերպ ասած՝ բունկերում) Կուրսկի ուղղությամբ իրավիճակի մասին լսել է ԳՇ պետ Գերասիմիովի և ԳՇ Գլխավոր օպերատիվ վարչության պետ Ռուդսկոյի զեկույցները»:
Այդ մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին և հավելում, որ Կուրսկի ուղղության զորամասերի հրամանատարներն իրավիճակի մասին «զեկուցել են հեռախոսով»:
Կուրսկի մարզ ուկրաինական զորախմբի ներթափանցումից հետո սա պաշտոնապես հայտարարված երկրորդ դեպքն է, երբ Վլադիմիր Պուտինը լսում է ԳՇ պետ Գերասիմովի զեկույցը: Առաջին հանդիպմանը Գերասիմովը հավաստիացրել էր, որ ռուսական զորքերը «ջախջախում են ագրեսորին և շուտով նրան Ռուսաստանի սահմաններից դուրս կմղեն»: Լրանում է Կուրսկում մարտական գործողությունների երրորդ շաբաթը: Օգոստոսի 24-ին Գերասիմովը Պուտինին զեկուցել է, որ ռուսական զորքերը «դիմակայում են հակառակորդին»: Համենայն դեպս, դա է պաշտոնական ձևակերպումը:
Զորքերին մարտական ինչ խնդիրներ է առաջադրել ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը՝ հայտնի չէ: Փոխարենը լրատվամիջոցները հայտնում են, որ ուկրաինական գերությունից ավելի քան հարյուր ռուս զինծառայող ազատ է արձակվել: Ընդ որում, փոխանակման մասին խոսք չկա: Մեծ է հավանականությունը, որ Կիևը մարդասիրական այդ քայլին գնացել է Հնդկաստանի վարչապետի խնդրանքով կամ հորդորով:
Դա կարող է դրական ազդել Հնդկաստանի հնարավոր միջնորդության նկատմամբ Պուտինի վերաբերմունքին, բայց սա բացառապես ենթադրություն է: Ավելի հավանական է, որ Պուտինը ԳՇ պետի զեկույցը լսելու անհրաժեշտություն է ունեցել այն տեղեկատվության համատեքստում, որ Միացյալ Նահանգները քննարկում է Ռուսաստանին խորքային հարվածներ հասցնելու հարցը:
Դա այլևս գաղտնիք չէ, այդ մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Կիրբին: Ընդսմին, նրա ձևակերպումներից ավելի շատ տպավորություն է ստեղծվում, որ Վաշինգտոնի համաձայնությունն արդեն իսկ կա, քննարկվում են «տեխնիկական խնդիրներ»: Ամերիկացի պաշտոնյան բաց տեքստով ասել է, որ Ուկրաինան կարող է «հարվածներ հասցնել այն սահմանից անդին, որտեղից գալիս է սպառնալիքը»:
Շատ մեծ է հավանականությունը, որ Պուտինը ԳՇ պետին և մյուս զինվորականներին հանձնարարել է «Կուրսկի աղեղ-2» ռազմագործողություն մշակել և իրականացնել: Եւ գուցե, այդ մասին տեղեկացվածության պատճառով է, որ Միացյալ Նահանգները 125 միլիոն դոլարի «կիրիզիս-օգնություն» է ցուցաբերել Ուկրաինային: Դատելով այդ «փաթեթի» մասին տեղեկատվությունից, ԱՄՆ-ը հիմնականում հակատանկային պայքարի և շարժական ՀՕՊ միջոցներ է հատկացնում:
Ի՞նչ ընթացք եւ հետեւանքներ կունենան մարտական գործողությունները, եթե Ուկրաինան Կուրսկի եւ հարակից մարզերի ուղղությամբ ամերիկյան եւ բրիտանական հեռահար հրթիռներ, գերճշգրիտ ռումբեր եւ համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ գործի դնելու լիարժեք արտոնություն ստանա: Ռազմական գործողությունների գոտում երկու՝ Զապորոժիեի եւ Կուրսկի, ԱԷԿ կա: Կողմերը ողջախոհության սահմանը կհատե՞ն:
Բաց մի թողեք
Թեհրանը բարձրաձայնում է տնտեսական նշանակությամբ ձեւավորվող հարթակի «անվտանգության զուգահեռի» օրակարգը
Մոսկվան այլեւս Հայաստանի դեմ «խաղում է բաց քարտերով»՝ Ադրբեջանի հետ գլխավոր սպառնալիքը
Ֆրանսիա – Ադրբեջան նոր լարվածություն, ինչ կանի կամ կասի Մակրոնը