Հիսուսի 33 մետրանոց արձանը գրեթե պատրաստ է, նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանն անձամբ էր այցելել արվեստանոց՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու: Բայց թե կոնկրետ երբ այն կտեղափոխվի Հատիսի գագաթ՝ Ծառուկյանը չնշեց, առաջարկեց սպասել՝ Հայաստանի Փրկիչը պետք է «ամենալավը» լինի:
«Հիմնական խնդիրն այսօր ոչ թե ձևի համար, դուք երևի նայում, տեսնում եք, որ աշխարհում սենց բան չկա, որ պետք է մերը լինի ամենալավը, ամենագեղեցիկը, ամենահզորը։ Դա կախված է Աստծուց, կամեցողությունից, գործունեությունից», – ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդը:
44 մետրանոց պատվանդանի վրա 33 մետրանոց արձան տեղադրելու՝ ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությունն ավելի քան երկու տարվա պատմություն ունի: Հատիսի գագաթին շինարարությունը 2022-ի ամռանը մեկնարկել էր առանց կառուցապատման շինթույլտվության։ Կրթության և գիտության նախարարությունն այն ժամանակ պահանջել էր դադարեցնել շինարարությունը՝ պատճառաբանելով, թե լեռան փեշերին հուշարձաններ կան: Հարցը, սակայն, այլևս լուծված է․ Գագիկ Ծառուկյանն այսօր վերահաստատեց՝ «Ծառուկյան» հիմնադրամն ու նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել, իսկ նախնական նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել:
«Խնդիրը եղել էր, որ այնտեղ կային ամրոցներ, որը մենք պայմանավորվել ենք, ուսումնասիրել ենք, կարող եք գնալ, տեսնել, հայտնաբերել ենք…. որ ես պատրաստակամ եմ եղել դրանք վերակառուցելու։ Դա ավելի մեծ պատմություն է տուրիզմի համար, որ գան, սա էլ կտեսնեն, նա էլ կտեսնեն», – շեշտեց նա։
Մայր Աթոռը քննադատել էր Գագիկ Ծառուկյանի այս նախաձեռնությունը, պնդել, թե Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ առաքելական եկեղեցու դարավոր պաշտամունքային ավանդույթին։ Վարչապետ Փաշինյանը, սակայն, կանաչ լույս էր վառել դեռ երկու տարի առաջ, երբ պետական կառույցները Ծառուկյանի ներկայացրած նախագիծը չէին էլ հասցրել ուսումնասիրել։
«Կարծում ենք, որ ինքը բավականին էական զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության համար կմեծացնի, և նաև հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն», – այդ ժամանակ ասել էր նա։
Նույնը կրկնեց ԲՀԿ առաջնորդը, թե այս նախաձեռնությամբ Հայաստան տուրիստական մեծ հոսքեր կլինեն: «Մեր երկիրը շատ բարենպաստ է տուրիզմի համար։ Պարզ է՝ գազ չունենք, բենզին, ոսկի չունենք, նավթ չունենք, բայց ունենք լավ տուրիստական երկիր, որտեղ մարդիկ կարող են գալ-գնալ։ Իսկ տուրիզմը համարվում է ոսկու հանք, որ պետք է կարողանանք ճիշտ կազմակերպել։ Եթե մեր երկրում տարեկան 5-10 միլիոն մարդ գնա-գա, 5-10 միլիարդ դրամ գումար մնալու է մեր երկրում։
Հիմա ամբողջ Հատիսի շրջակայքում գնացեք, հարցրեք՝ մարդիկ, ով գնացել է, ուզում են վերադառնան, մի բան կառուցեն», – շեշտեց Գագիկ Ծառուկյանը։
Մինչ Հատիս լեռան գագաթին Հիսուսին ներկայացնող արձանի շուրջ քննարկումները շարունակվում են, Լիբանանից օրերս ցամաքային ճանապարհով Հայաստան բերվեց կաթոլիկ եկեղեցու սուրբ, նշանավոր վանական Սուրբ Շարբելի արձանը:
Համաքրիստոնեական սրբին խորհրդանշող արձանը դրվելու է Հայաստանում, բացումը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: Ցամաքային փոխադրումը տեւել է յոթ օր:
Արձանի տեղադրման շուրջ սոցիալական ցանցերում քննարկումներ են ընթանում. շատերը տարակուսում են, թե ի՞նչ կապ ունի լիբանանյան ծագումով մարոնի սուրբը Հայաստանի հետ, եւ ո՞վ է նրա արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակը:
«Արեւելք»-ի տեղեկություններով տասը մետրանոց արձանը տեղադրվելու է Եղվարդի շրջանում, եւ այն լինելու է Կովկասում Սուրբ Շարբելի առաջին ուխտավայրը:
Սուրբ Շարբելի բազմաթիվ ուխտավայրեր կան Լիբանանում, Վատիկանում եւ կաթոլիկ հավատքի այլ բնակավայրերում: Շուտով Սիդնեյում բացվելու է Լիբանանից հետո աշխարհում ամենամեծ սուրբշարբելյան ուխտավայրը: Սուրբ Շարբելի սրբատեղիները ուխտավայրեր են դառնում ոչ միայն կաթոլիկների, այլեւ՝ մյուս դավանանքների տեր հավատացյալների համար: Ուխտավայրերում կարելի է հանդիպել նույնիսկ իսլամադավանների, որոնք հավատում են Սուրբ Շարբելի հրաշագործություններին եւ ուխտի գնում նրա անվան սրբավայրեր:
Լիբանանցի մի խումբ գործարարներ որոշել են համակաթոլիկյան պաշտամունքի արժանացած սրբի արձանը տեղադրել նաեւ Հայաստանում եւ հանդես են եկել նախաձեռնությամբ:
Նախաձեռնությունը ողջունել են Հայաստանում կաթողիկե եկեղեցին եւ Լիբանանի մարոնիական ղեկավարությունը, ընտրվել եւ օրհնվել է վայրը, նրանց հովանավորությամբ էլ կատարվելու է արձանի եւ դրան կից ուխտավայրի բացումը:
Հայաստանում Սուրբ Շարբելի ուխտավայր հիմնելու նախաձեռնությունը լիբանանյան «Գարդենիա Լեբնիզ ֆարմսի» ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալինն է, որը Հայաստանում ներդրումային խոշոր ծրագիր է իրականացնում: Ընկերությունը բարձրորակ բրենդային սննդամթերք է արտադրում, Եղվարդում, Բագրատաշենում հիմնել է այգիներ, տարբեր մշակաձեւերով ծառատեսակներ է աճեցնում, այդ թվում՝ Հայաստանում մինչ այդ չաճեցված մի շարք ծառատեսակներ (մայրու ընկույզ, շագանակենի, պեկան ընկույզ եւ այլն): Ընկերությունում աշխատում են ինչպես տեղացիներ, այնպես էլ՝ սփյուռքահայեր եւ արաբներ: Նրանց հիմնած այգիների տարածքում էլ հիմնվել է ուխտավայրը: Ըստ նախատեսվածի, այն նաեւ զբոսաշրջային նշանակություն է ունենալու Հայաստանի համար:
Գործարարը արձանը պատվիրել է լիբանանցի նշանավոր քանդակագործ Ջորջ Մախլուֆի արհեստանոցում, այն պատրաստված է ապակեպլաստիկից, խեժից եւ այլ նյութերից: Նախատեսվում է, որ նույն արհեստանոցում մի արձան էլ Վրաստանում դրվելու համար է պատրաստվելու:
Հայաստանում Սուրբ Շարբելի արձանի բացման արարողությանը հրավիրված են բազմաթիվ հոգեւորականներ եւ բարձրաստիճան հյուրեր ինչպես Լիբանանից, այնպես էլ՝ այլ երկրներից, արարողությունը հեռարձակվելու է լիբանանյան հեռուստաընկերություններով:
Լիբանանում Սուրբ Շարբելի պաշտամունքը ավանդույթ դարձած իրողություն է. ամեն ամսվա 22-ին լիբանանյան Սուրբ Մարոնի Աննայա վանքը վերածվում է ուխտավայրի. հազարավոր մարդիկ այցելելով վանք՝ աղոթում են, խմում վանքի ջրից, թաթախվում այնտեղից հոսող յուղով (որը ճրագամանի մեջ լցվելով՝ բնական լույս է արձակում), իրենց հետ տանում ինչպես ջուրը, յուղը, այնպես էլ Ս. Շարբելի պատկերով մասունքներ, հուշանվերներ:
Ամեն տարի բազմաթիւ մարդիկ հանդես են գալիս հայտարարություններով, թե ինչպես է Սուրբը բժշկել իրենց, հարազատներին, կատարել անիրական թվացող երազանքներ: Սուրբ Շարբելի մասին գրքեր են լույս տեսել բոլոր լեզուներով, այդ թվում՝ հայերենով. այդ գրքերը ցուցադրվում են նրա ուխտավայրի գրադարանում: Լիբանանի նրա գլխավոր ուխտավայրում բացվել է նաեւ Սուրբ Շարբելի թանգարանը:
Սուրբ Շարբել Մախլուֆը ծնվել է 1828 թվականի մայիս 8-ին՝ Լեռնալիբանանի գյուղերից մեկում՝ Բըքահ Քաֆրայում, բազմազավակ ընտանիքում: Հայրը՝ Անթուն Մախլուֆը եւ մայրը՝ Բրիջիթան, եղել են բարեպաշտ մարդիկ: Շարբելը շատ փոքր էր, երբ մահացավ հայրը: Մայրն ամուսնացավ մի հավատացյալ մարդու հետ, որ հետագայում մեծ դեր ունեցավ Շարբելի կյանքում:
22 տարեկան տղան որոշում է մտնել Մայֆուքի Տիրամոր վանք ու նվիրվել աղոթական կյանքին: Այս վանքում էլ նա փոխում է իր մկրտության անունը՝ Յուսեֆ, ստանալով երկրորդ դարի նահատակ Շարբելի անունը: Նորընծայական շրջանը ավարտելուց հետո փոխադրվում է Սուրբ մարոնիական Աննայա վանք, ուր 1853 թվականի կատարում է ուխտը, այնուհետեւ տեղափոխվում է Լիբանանի Քիֆիֆանի վանք՝ փիլիսոփայություն եւ աստվածաբանություն ուսումնասիրելու համար:
1859 թվականին Շարբելը ձեռնադրվում է կուսակրոն քահանա: Իսկ 1875 թվականին մտնում է ճգնարան, ուր 23 տարի անցկացնում է լռության եւ աղոթքների մեջ՝ դառնալով Աննայա դարավոր վանքի մենավոր հայրերից մեկը:
Մենաստանում Շարբելն ապրում էր ժուժկալ եւ աղոթական կյանք, ինչի համար ստացավ «Աստծով արբած մարդ» անունը: Նա քիչ էր քնում, շատ աղոթում: Մարդիկ գալիս էին հրաշագործ Շարբելի մոտ՝ զանազան հիվանդություններից բուժվելու, արտերը բերքառատ դարձնելու եւ այլ նպատակների համար:
Ավանդույթն ասում է, որ 1898 թվականի Ծննդյան տոնին նախորդող շաբաթ օրը ճգնավորը պատարագ է մատուցում: Բարձրացնելով սկիհը՝ արտասանում է «Ճշմարիտ Աստված» աղոթքը, որի ընթացքում ձեռքերը կծկվում եւ անշարժանում են: Հայր Մակարիոսը նրան ուղեկցում է իր սենյակ: Ութ օր Սուրբ Շարբելը տառապում է անասելի ցավերից, սակայն չի դադարում աղոթել: Սուրբը մահանում է 1898 թվականին Ծննդյան տոնի երեկոյան:
Հայր Շարբելին հուղարկավորում են վանքի հանրային գերեզմանատանը: Հարեւանությամբ ապրող մարդիկ 45 գիշեր նրա շիրիմի վրա շողացող լույս են տեսնում: Գերբնական երեւույթների կրկնվելու պատճառով պատրիարք Էլիաս Էլ Հայեքը թույլատրում է բացել գերեզմանը, որի մեջ հայտնաբերում են Շարբելի չքայքայված մարմինը եւ կոնքից հոսող ջրախառն արյուն: 1926 թվականին մարմինը տեղափոխում են նոր գերեզման:
1950 թվականին ապրիլի 22-ին մարմինը զննում են բժշկական եւ եկեղեցական երկու հանձնաժողով: Նկատում են, որ այն մնացել է նույն վիճակում, բայց արնահոսում է:
1965 թվականին Հռոմի Պապ Պողոս VI-ը նրան դասում է երանելիների շարքը, իսկ 1977 թվականի հոկտեմբերի 9-ին՝ հռչակում Սուրբ:
Բաց մի թողեք
Ինչ է «Արբատ» ստորաբաժանումը և ինչպես է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը
Ի՞նչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Ինչո՞ւ Փաշինյանը չի հիշում այն փաստաթուղթը, որը ստորագրել է 2020 թ. պատերազմի ավարտին