10/09/2024

Փարիզն էական շահեր ու հետաքրքրություններ ունի մեր ռեգիոնում. որտե՞ղ, ի՞նչ ուղղությամբ

Տելեգրամի սեփականատեր Պավել Դուրովին ձերբակալելու Ֆրանսիայի որոշումը շարունակում է լինել միջազգային լրահոսի թոփ թեմաներից մեկը, եթե ոչ՝ թոփը: Վարկածների պակաս իհարկե չկա, թե ինչո՞ւ է Ֆրանսիան գնացել այդ քայլին:

Թեեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ չկա քաղաքական հետապնդում եւ իրավապահներն ու դատարանն են որոշում կայացնողները, այդուհանդերձ հազիվ թե որեւէ մեկը հավատա, որ այդօրինակ աղմկոտ ձերբակալությունը կարող էր տեղի ունենալ առանց քաղաքական որոշման եւ բարձր մակարդակի հավանության: Հետեւաբար, վստահ հնարավոր է ասել, որ Դուրովի ձերբակալությունը Ֆրանսիայի քաղաքական որոշումն էր:

Թե ինչու՞, ի՞նչ նպատակ կամ մոտիվ է ունեցել այդ որոշումը, սա արդեն գնահատականների, մեկնաբանությունների, դիտարկումների եւ վերլուծությունների հարց է: Ինչպես այսպիսի բոլոր դեպքերում, պաշտոնական պարզաբանումները ըստ էության քիչ հավաստիություն կամ ամբողջություն են պարունակում հանրային ընկալումներում:

Դուրովի վերաբերյալ ինչ որոշում կկայացնի Ֆրանսիայի դատարանը չորեքշաթբի, կտեսնենք: Առայժմ ակնառու է, որ Ֆրանսիան խաղաց սրացման վրա: Կա առնվազն այն հանգամանքը, որ կատարված ձերբակալությունը մի կողմից «նյուզմեյքեր» է դարձրել Տելեգրամը՝ որի հանդեպ հանրային ուշադրությունը բազմապատկվել է նույն Ֆրանսիայում, իսկ ԱՄՆ-ում հավելվածը դարձել է ներբեռնումների քանակով երկրորդը, եւ «նյուզմեյքեր» է դարձրել Ֆրանսիան: Սա հատկանշական հանգամանք է, եթե նկատի առնենք նաեւ այն, որ Փարիզը տեւական ժամանակ է կիր միջազգային վարքագծով աչքի է ընկնում հենց «սրացման», «կտրուկ» տրամաբանության վրա խաղով:

Օրինակ, Ֆրանսիան, որ ուկրաինական պատերազմի առաջին տարի արեւմտյան հարթությունում թերեւս ամենախաղաղարար նկարագրով էր, հանկարծ դարձավ ամենաարմատականը եւ սկսեց ընդհուպ խոսել Ուկրաինա արեւմտյան զորք տեղակայելու մասին, ընդ որում այնպես, որ Մակրոնի այդ հռետորաբանությանը սկսեցին դեմ արտահայտվել հենց արեւմտյան երկրների, ՆԱՏՕ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները: Խոշոր հաշվով, «սրացման վրա» խաղ էր նաեւ Ամառային օլիմպիադայի բավականին աղմկոտ բացումը, որը ֆորմալ իմաստով կազմկոմիտեի գործն էր, սակայն հազիվ թե որեւէ մեկին հնարավոր է համոզել, որ այսօր համաշխարհային քաղաքականությունը չի խառնվում համաշխարհային սպորտին: Եվ ահա, չէր հասցրել աշխարհը «հանդարտվել» օլիմպիական շոկից, որ մատուցեց Ֆրանսիան, Փարիզը գնում է նոր քայլի եւ ձերբակալում Տելեգրամի սեփականատեր Դուրովին, ինչը անկասկած իր ազդեցությունն է թողել միջազգային քաղաքականության խաղաքարտերի՝ մինչ այդ եղած դասավորության վրա:

Հիմա «վեր կանգնենք» անմիջականորեն Դուրովի հարցից, եւ հարց տանք՝ Ֆրանսիայի համար սա իսկապե՞ս ընտրված մարտավարություն է, որի մշակները ելնում են այն հանգամանքից, որ Փարիզը ունի մի շարք առանձնահատկություններ քաղաքական մտապատկերի եւ ռազմավարության իմաստով, եւ միեւնույն ժամանակ նաեւ ունի որոշակի ռեսուրսային սղություն՝ առավել հանդարտ խաղ վարելու համար, հետեւաբար որդեգրել է «շոկային թերապիայի» մարտավարությունը:

Որովհետեւ, այդ դեպքում հարց կառաջանա, թե որտե՞ղ, ի՞նչ ուղղությամբ. եւ իհարկե ինչ բովանդակությամբ ու շեշտադրումով է Ֆրանսիան ծավալելու «նոր շոկը»: Իսկ այդ հարցը առավել եւս կարեւոր է մեզ համար, հաշվի առնելով այն, որ Փարիզն էական շահեր ու հետաքրքրություններ ունի մեր ռեգիոնում: