22/11/2024

Մոսկվայում հրդեհված Կրոկուսի Աղալարովը Բաքվում, նախկին կնոջ՝ Ալիեւի դստեր հետ լուսանկարի հրապարակումը ինչո՞վ է բացատրվում

Ադրբեջանի նախագահի կայքը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ին Իլհամ Ալիեւը, առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան եւ նրանց դուստր Լեյլան ներկա են գտնվել LANDAU դպրոցի եւ նորակառույց հյուրանոցի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Sea Breeze հանգստյան գոտում:

Դպրոցին, ըստ երեւույթին, տրվել է խորհրդային հանրահայտ ֆիզիկոս Լանդաուի անունը, որը ծնունդով Բաքվի հրեաներից է:

Այս տեքստը, ըստ ամենայնի, վերաբերում է նոր հանգստյան գոտու բացմանը Կասպից ծովի ափին, որը կառուցվել է Իլհամ Ալիեւի մերձքաղաքային առանձնատանը հարող տարածքում։ Այս հանգստյան գոտին, ինչպես նշվում է, հավանաբար, փակ է այլ բնակիչների համար, եւ դժվար է հասկանալ, թե ովքե՞ր են լինելու «Լանդաու» անվամբ դպրոցի ուսանողները։ Հնարավոր է, որ դպրոցը, որն կրում է հանրահայտ ֆիզիկոս Լանդաուի անունը, իրականում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն է կամ ուղղված է այլ նպատակների։

Այս ենթադրության օգտին խոսում է նաև այն փաստը, որ Բաքվի իշխանական մամուլը հաստատել է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը օգոստոսի 11-ից մինչև 24-ը հանգստացել է Sea Breeze հանգստյան կենտրոնում՝ ընկերուհու եւ թիկնապահի հետ։ Դուրովը, ըստ տեղեկությունների, այդ ընթացքում սպասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

Պուտինը Բաքվից Հյուսիսային Կովկաս է մեկնել օգոստոսի 19-ին: Գաղտնիք է մնում, թե Պավել Դուրովն ինչու՞ եւս հինգ օր մնացել է Բաքվում, եթե Պուտինը «նրան չի ընդունել» կամ նրանց «հանդիպումը կայացել է օգոստոսի 18-ի երեկոյան»:

Անհավանական չէ, որ Դուրովն օգոստոսի 28-ին կարող էր ներկա գտնվել Լանդաուի անվան դպրոցի եւ հյուրանոցի բացման արարողությանը, կանգնած լիներ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների կողքին, եթե ինչ-ինչ հանգամանքներ նրան չդրդեին լքել Ադրբեջանի տարածքը եւ «փրկություն գտնել ֆրանսիական բանտում»,՝ ինչպես որոշ մեկնաբաններ են ենթադրում:

Իլհամ Ալիեւի կազմակերպած միջոցառումը, սակայն, աչքի է ընկնում եւս մեկ ինտրիգով. Աղալարովների ֆեյսբուքյան ընտանեկան էջը Sea Breeze-ի միջոցառումից լուսանկար է հրապարակել, որտեղ Իլհամ Ալիեւի դուստրը «նախկին ամուսին» Էմին Աղալարովի եւ, ամենայն հավանականությամբ, վերջինիս մոտ հետ է:

Էմին Աղալարովը «Կրոկուս-հոլդինգի» սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Արաս Աղալարովի որդին է: Ի՞նչ փուլում է «Կրոկուս Սիթի Հոլի» ահաբեկչության գործով նախաքննությունը՝ մամուլում տեղեկություններ չկան: Ռուսաստանյան մամուլը, սակայն, ակնարկել է, որ Արաս Աղալարովը «հրաժարվել է պետական փոխհատուցումից»:

Նախաքննության առաջին օրերին տեսակետ է տարածվել, որ շինությունը «անշարժ գույքի պետական ռեգիստրում գրանցված չէ»: Կարծիք է հնչել, որ Արաս Աղալարովը պետք է «նույնպես պատասխանատվության ենթարկվի»: Այդ մասին տեղեկություն չկա, հայտնի չէ՝ նա գոնե Քննչական կոմիտե՞ է հրավիրվել:

Ուշագրավ է, որ Ալիեւի հետ բանակցություններից հետո Պուտինը Մոսկվա է վերադարձել Հյուսիսային Կովկասի երեք սուբյեկտներ այցելուց հետո: Բաքվում նա այդ ռեգիոնի խորքային իրավիճակի մասին որեւէ տեղեկություն ստացե՞լ է: Օգոստոսի 28-ին ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է Հյուսիսային Կովկասում միանգամից հինգ ահաբեկչություն կանխելու մասին:

Այս «խճանկարի» ֆոնին ինչո՞վ է բացատրվում Էմին Աղալարովի Բաքվում գտնվելը, նախկին կնոջ՝ Իլհամ Ալիեւի դստեր հետ լուսանկարի հրապարակումը, ինչից, ի դեպ, Ալիեւի պաշտոնական կայքը ձեռնպահ է մնացել:

«Կրոկուսի» ահաբեկչությունը նախկին ամուսիններին միավորե՞լ է: Աղալարովների «Կրոկուս հոլդինգում» ի՞նչ մասնաբաժին ունեն Լեյլա Ալիեւան կամ Էմին Աղալարովից ունեցած նրա երեք զավակները: Ինչու՞ Պավել Դուրովը Բաքվում «հանգստավայր է ընտրել» հատկապես Sea breeze «առողջարանային գոտին»: