20/09/2024

Ե՞րբ կիրականացվի Ադրբեջանի հետ սահմանազատման հաջորդ փուլը և սահմանի ո՞ր հատվածում

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են հարցին, թե ե՞րբ կիրականացվի Ադրբեջանի հետ սահմանազատման հաջորդ փուլը և սահմանի ո՞ր հատվածում։

«Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը»,- ասվում է պատասխանում:

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը ստորագրվել է։ Փաստաթուղթը կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար: