16/09/2024

Վրաստանը չի ընթանում այնպես, ինչպես մենք կցանկանային ԵՄ-ում, Թուրքիան այստեղ ունի կարեւոր դեր

Վրաստանը չի ընթանում այնպես, ինչպես մենք կցանկանայինք, հայտարարել է Լատվիայի արտգործնախարարը, ասելով, որ Բրյուսելում օգոստոսի 29-ին մեկնարկող ԵՄ արտգործնախարարների հավաքի ընթացքում կքննարկվի Վրաստանի հանդեպ գործողությունների հարցը:

Նրա խոսքով, կքննարկվեն իհարկե ոչ թե պատժիչ, այլ խրախուսող գործողություններ՝ թե ինչպես օժանդակել Վրաստանին, եթե Թբիլիսին վերադառնա ժողովվրդավարության ճանապարհ, ինչպես ձեւակերպել է Լատվիայի ԱԳ նախարարը: Օրեր առաջ այս հարցին անդրադարձել էի, դիտարկելով այն, որ բրյուսելյան հավաքին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Անկարան՝ վերջին հինգ տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ:

Ինչպես դիտարկել էի, որ Եվրամիության այդ հրավերը պայմանավորող էական գործոններից մեկը թերեւս լինելու է հենց Վրաստանի հարցը, որը դառնում է ոչ միայն Կովկասի, այլ ազդեցության առավել լայն աշխարհագրական ընդգրկումով՝ միջազգային կարեւոր հարցերից մեկը:

Գործնականում, Լատվիայի ԱԳ նախարարի հայտարարությունը հաստատում է գնահատականս, որ բրյուսելյան հավաքի առանցքային հարցերից մեկը լինելու է Վրաստանի հանդեպ վերաբերմունքը՝ այդ երկրում խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, որը նշանակված է հոկտեմբերի 26-ին:

Թուրքիան այստեղ աննշուշտ ունի կարեւոր դեր, հաշվի առնելով թե ռեգիոնալ աշխարահգրությունը, թե Վրաստանում Թուրքիայի բավականին շոշափելի տնտեսական ազդեցությունը: Միաժամանակ, Եվրամիության համար առանցքային գործոն է թերեւս այն, որ Մոսկվան իր հերթին փորձելու է Վրաստանի ընտրության հանդեպ դիրքավորման առումով իր մոտեցումների շրջանակ ներգրավել Ադրրբեջանին: Բրյուսել մեկնելուց առաջ, Անկարայի արտգործնախարար Ֆիդանը ընդունեց Անկարա ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովին:

Անկասկած, քննարկելիք հարցերի շրջանակը լայն է, միաժամանակ բավականին տեսանելի է Թուրքիայի խանդը՝ Ռուսաստանի հետ Ադրբեջանի, կամ ավելի ստույգ՝ Պուտինի հետ Ալիեւի պայմանավորվածությունների առնչությամբ, այն դեպքում, երբ Բաքու պետական այց կատարած Պուտինն ավելի քան մեկ տարի է «ժամանակ չի գտնում» Անկարա այցելելու համար: Այդուհանդերձ, կարո՞ղ են Անկարան ու Բաքուն քննարկել Վրաստանի հարցում «աշխատանքի բաժանման» հարցը, երբ մեկն իր ծառայությունները կվաճառի Ռուսաստանին, իսկ մյուսը՝ Եվրամիությանը, իսկ հետո ստացված հասույթը մեկտեղել ընդհանուր մի «կաթսայում»:

Միեւնույն ժամանակ, ըստ ամենայնի այդօրինակ «ռիսկերից» ապահովագրվելու համար էր նաեւ Պուտինն օրեր առաջ ջերմորեն շնորհավորում Մեհրիբան Ալիեւայի ծննդյան տարեդարձը, որին 2019 թվականի նոյեմբերին պարգեւատրել էր Մոսկվայում՝ որպես Ադրբեջանում Ռուսաստանի «իսկական բարեկամ»: Ի դեպ, Մեհրիբան Ալիեւան 2017 թվականին Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակվելուց ի վեր որեւէ անգամ այց չի կատարել Թուրքիա: