10/09/2024

Շատ կարեւոր է դառնում Հայաստանի համար հասկանալ, թե ինչ է կատարվում ՌԴ վերնախավում

Կրեմլի խոսնակ Պեսկովը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի ՊՆ առնչությամբ կատարվող բարձրաստիճան ձերբակալությունները կհասնեն նաեւ նախկին նախարար, այժմ ԱԽ քարտուղար Շոյգուին, պատասխանել է, որ իրավական գործընթացները որոշվում են դատարանում եւ դատարանն է միակ տեղը, որտեղ վճռվում է, թե ով է մեղավոր, եւ մեղավո՞ր է, թե՞ ոչ:

Ռուսաստանում ձերբակալությունները շարունակվում են եւ նախօրեին ձերբակալվել է ՊՆ նախկին փոխնախարար, բանակի գեներալ Պոպովը, որն այդ պաշտոնը թողել էր հունիսին: Նա համարվում է այսպես ասած Շոյգուի շրջանակի ներկայացուցիչ:

Դա բնական հարց է առաջացնում լրագրողների մոտ, թե արդյո՞ք շղթան ի վերջո կփակվի Շոյգուի վրա: Պեսկովը փաստորեն չի «փակում» հարցը, այլ թողնում է բաց՝ «չգիտենք, ինչ կորոշի դատարանը»: Իսկ, քանի որ Ռուսաստանում դատարանը թերեւս Կրեմլի պոլիտբյուրոն է, Պեսկովը փաստորեն ասում է, որ Շոյգուի ճակատագիրը կորոշի այդ «պոլիտբյուրոն»:

Այլ կերպ ասած, այդ հարցը «բաց» է: Իսկ, թե ինչ կորոշի «պոլիտբյուրոն», թերեւս կախված կլինի, թե իրեն ինչպես կպահի Շոյգուն: Այդ իմաստով, պաշտպանության նախկին նախարարը, որ ներկայիս ռուսական վերնախավում ելցինյան շրջանից մնացած եզակի բարձրաստիճան գործիչներից է, եթե ոչ՝ բարձրաստիճաններից միակը, մեծ հաշվով փաստացի արդեն իսկ գտնվում է «պայմանական ազատազրկման» ռեժիմում:

Այդ գործընթացները լինելով ներռուսական-ներվերնախավային, այդուհանդերձ ուշադրության են արժանի նաեւ միջազգային տեսանկյունից, եւ առավել եւս հայաստանյան դիտանկյունից, հաշվի առնելով այն ազդեցությունը, որ Ռուսաստանն ունի Հայաստանին վերաբերող հարցերում՝ թե անմիջապես Հայաստանի իմաստով, թե Կովկասի ու հարակից «փոխկապակցված» ռեգիոնների:

Ավելին, հաշվի առնելով այն, որ հայ-ռուսական հարաբերության նկատելի ճգնաժամին զուգահեռ, մեծ հաշվով ընթանում է նաեւ այդ հարաբերության շատ բարդ, ծանր, սակայն որոշակի տրանսֆորմացիոն գործընթաց՝ ընդ որում նաեւ պարզապես ժամանակի ու օբյեկտիվ իրողությունների բերումով, շատ կարեւոր է դառնում Հայաստանի համար հասկանալ, թե ինչ է կատարվում ՌԴ վերնախավում:

Ռուսաստանում տեղի ունեցողը ներքին քայքայմա՞ն, քավության նոխազների տարերային եւ խուճապային փնտրտուքի՞, թե պարզապես վերնախավային վերաշերտավորման եւ վերադասավորման, այսպես ասած «կրեմլյան աշտարակների» վերադիրքավորման գործընթաց է:

Ի դեպ, տեղիի ունեցողի ֆոնին բավականին ուշագրավ է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հրապարակած սոցհարցման տվյալը, ըստ որի, Պուտինի վարկանիշը ներկայումս գտնվում է ուկրաինական պատերազի բռնկումից ի վեր ամենացածծր նիշի վրա: Խոսքն իհարկե 75 տոկոսի մասին է, սակայն ուշադրության է արժանի ինքնին հրապարակման փաստը, առավել եւս, որ խոսքը բոլորովին այսպես ասած ընդդիմադիր կամ անկախ սոցիոլոգիական ընկերության ներկայացրած տվյալի մասին չէ:

Միաժամանակ այդ ֆոնին էլ ուշադրոության է արժանի այն որոշումը, որ Պուտինը կայացրել էր Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի առնչությամբ, այնտեղ բոլոր պետական կառույցների, այդ թվում ուժային բլոկի համակարգող նշանակելով իր օգնական Դյումինին, որը նախկինում եղել է նրա թիկնազորից, եւ ռուսական փորձագիտական դաշտում դիտարկվում է ամենահավանական ժառանգորդների շարքում:

Ինչպես առիթ եմ ունեցել ասելու բազմիցս, ներռուսական այդ վերադիրքավորումների եւ փոփոխությունների դրսեւորման ամենազգայուն տարածություններից մեկը՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառներից ելնելով եղել ու շարունակում է լինել Հայաստանը:

Հետեւաբար, Հայաստանի համար առկա է իրավիճակի կառավարելիության անմիջական խնդիր, որի հանդարտ, հնարավորինս սահուն լուծումների համար պահանջվում է տեղի ունեցողի հանդեպ շոշափելի ուշադրություն: