Նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը դեռևս հուլիսի 26-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում պնդել էր, թե Երասխի հատվածում, հայ-ադրբեջանական սահմանին, մարտական հենակետ է հանձնվել Ադրբեջանին:
«Երասխի հատվածում, Արարատի զորամասի պահպանության տեղամասում կար մի մարտական հենակետ (անունը կարևոր չէ), որից դիտարկելիս, դրա գերակայության շնորհիվ, Նախիջևանի ողջ Սադարակ քաղաքը, «գայլի դարպաս» կոչվող լեռնանցքը և դրանով Նախիջևանից դեպի Թուրքիայի սահմանային անցակետ տանող միակ ճանապարհը կարծես ձեռքիդ ափի մեջ լիներ, անզեն աչքով տեսանելի էր ցանկացած տեղաշարժ։ Օրերս Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի, որ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը, մի պահ չհավատացի, ավտոմեքենայից իջա, հեռախոսով պատկերը մոտեցրեցի և լուսանկարեցի, բայց ցավոք չէի սխալվել։ Այդ ռազմավարական կարևոր նշանակության բարձունքը աթոռի պահպանության նպատակով ՀՀ կործանարար, դավաճան իշխանության հերթական անկրակոց, բայց արդեն գաղտնի զիջումն է թշնամուն»,- գրել էր նա:
Գրառմանը Րաֆֆի Ասլանյանը կցել էր Երասխ գյուղից արված նկարների կոլաժ, որտեղ բլուրի վրա երևում է ադրբեջանական դրոշը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն ի պատասխան Րաֆֆի Ասլանյանի գրառման, նույն օրը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Երասխի հատվածում դիրքային փոփոխության մասին գրառումը կեղծ է:
«Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»,- գրված էր հաղորդագրության մեջ:
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը արագորեն տարածվել էր սոցիալական ցացներում և որոշ լրատվամիջոցներում՝ 5-րդ ալիք, asekose.am, oragir.news:
ՊՆ հաղորդագրությունից ավելի ուշ Րաֆֆի Ասլանյանը պատասխան գրառում էր արել, հայտարարելով, թե պատրաստ է ՊՆ ներկայացուցչի հետ այցելել նշված մարտական դիրքի մոտակայք ու ապացուցել, որ առնվազն 2007 թվականի դրությամբ (երբ վերջին անգամ եղել է այդ դիրքում), այն ՀՀ ԶՈՒ իրավազորության ներքո է եղել: Սրանով, ի դեպ, Րաֆֆի Ասլանյանը հակասում էր իր առաջին գրառմանը, որի մեջ պնդել էր, թե այդ մարտական հենակետի փոփոխությունը տեղի է ունեցել վերջերս:
Սա այն տեղն է, որտեղից նկարել է Րաֆֆի Ասլանյանը:
Իրականում, սակայն, Ասլանյանի կողմից նշված «նոր դիրքը» բավական հին է։ Դա են վկայում տիեզերքից արված լուսանկարները։ Google Earth ծրագրի միջոցով կարող ենք տեսնել՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական դիրքերը այստեղ են առնվազն 2011 թվականից։ Եվ այս հատվածում դիրքային փոփոխություններ, ըստ էության, չեն եղել՝ բացի դիրքի կահավորումից և կատարված ամրաշիանական աշխատանքներից։
Ինչպես նշեցինք, տիեզերքից արված լուսանկարներում ադրբեջանական դիրքի կողքին երևում են նաև հայկական դիրքերը, և Ասլանյանի հրապարակած լուսանկարներում ևս այն երևում է։
«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները այցելել են Երասխ և լուսանկարել այս դիրքերը այն նույն վայրից, որտեղից լուսանկարել էր Րաֆֆի Ասլանյանը:
Ըստ Ասլանյանի՝ լուսանկարում երևացող ադրբեջանական դիրքը նախկինում եղել է հայկական, հետո հանձնվել։
Հնարավոր է՝ Րաֆֆի Ասլանյանի պնդումը հիմնված է այն բանի վրա, որ այս դիրքում տեղադրված է ադրբեջանական դրոշ, ինչը նախկինում չի եղել։ Սակայն արբանյակային լուսանկարների պատմությունը ուսումնասիրելով կարող ենք պնդել, որ ադրբեջանական հենակետը, վստահաբար, եղել է՝ առնվազն 2011 թվականից:
Տեսանյութում, ինչպես նաև, լուսանկարներում երևում են և՛ հայկական, և՛ ադրբեջանական դրոշները:
Այսպիսով, կարող ենք պնդել, որ Րաֆֆի Ասլանյանը տարածել է ապատեղեկատվություն, պնդելով, թե հայկական մարտական հենակետը հանձնվել է Ադրբեջանին:
Ալյոնա Հայրապետյան
Բաց մի թողեք
Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
Զանգեզուրի միջանցքի շուրջ նոր խմորումներ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար