22/11/2024

ՔՊ-ն ուզում է արցախցիներին ընտրության առաջ կանգնեցնել

Իշխող կուսակցության ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հինգշաբթի օրը ավանդական դարձած Նախաձեռնող խմբի նիստ են անցկացրել։ Այս անգամ ՔՊ-ականներին իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Հրապարակ թերթը գրել է․ Մեր աղբյուրի տպավորությամբ՝ ստանդարտ, առանց էմոցիաների ու բռնկումների հանդիպում է եղել, Նիկոլ Փաշինյանն էլ ո՛չ հարց է տվել, ո՛չ էլ ելույթ է ունեցել։ Նարեկ Մկրտչյանը, բոլոր նախարարների պես, ներկայացրել է, թե օրնիբուն աշխատում են, բարեփոխումների բազում ծրագրեր են մշակում, կյանքի կոչում ու պատրաստ են շարունակել աշխատանքը։ Այդուհանդերձ, քննարկման ընթացքում մի քանի ուշագրավ մտքեր ու իդեաներ են հնչել, մասնավորապես՝ արցախցիներին վերաբերող։

ՔՊ-ականները նախարարից հետաքրքրվել են, թե որքան կարող է երկարացվել բռնագաղթած արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագիրը, խոսքը 40+10 հազարական դրամների մասին է, որոնք անցած տարվա սեպտեմբերից պետությունը տրամադրում է արցախցի ընտանիքներին՝ շնչի հաշվարկով: Նախարարը հիշեցրել է, որ դեկտեմբերին ծրագիրն ավարտվում է, բայց քննարկում են սոցիալական խոցելի խմբերին աջակցությունը շարունակելու հարցը: Իհարկե, եթե պետության միջոցները թույլ տան, պետք է շատերին տրամադրել, քանի որ ֆինանսական աջակցության դադարեցումը իշխանությունների համար հղի է լուրջ հետեւանքներով։

Վիճակագրություն ու կարծիք է հնչել, որ արցախցիները ոչ մի կերպ չեն ցանկանում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել եւ բնակարանային ապահովման ծրագրին մասնակցել, հավաստագրեր ստանալ, տներ ձեռք բերել կամ կառուցել։ Նախարարի գնահատմամբ էլ՝ խայտառակ ցածր ցուցանիշ կա այս առումով: Մենք գրել էինք, որ երեք ամսվա ընթացքում ընդամենը 30 արցախցու են հավաստագիր տրամադրել, սակայն դեռ ոչ մեկն այն չի իրագործել` բնակարան կամ տուն ձեռք չի բերել։ Առաջարկ է հնչել, որ պետք է արցախցիների համար հստակ ժամկետներ սահմանել, չի կարող պետությունն անվերջ սոցիալական աջակցություն տրամադրել, ինչից արցախցիներն առանձնապես գոհ չեն, մշտապես քննադատում են, որ այդ գումարով հազիվ տան վարձ են փակում, ուստի նրանց պետք է ընտրության առաջ կանգնեցնել։ Օրինակ, առաջարկ է հնչել՝  հայտարարել, որ բնակարանային ծրագիրն անժամկետ չէ եւ գործելու է մինչեւ հաջորդ տարվա ամառ։ Այդ դեպքում արցախցիները խելոք կդիմեն նախ՝ քաղաքացիություն ստանալու համար, ապա` ծրագրից օգտվելու։ Նիկոլ Փաշինյանն այս թեմայով լռել է, փաստացի դեմ չի եղել, իսկ նախարարը ոգեւորվել է առաջարկից։

Նախարարն ասել է նաեւ, որ չնայած փողի խնդիր կա, բայց պետք է ամեն ինչ անել, որ մինչեւ 2026 թվականը նվազագույն աշխատավարձը, ՔՊ ծրագրային խոստման համաձայն, հասնի 85 հազար դրամի՝ ներկայիս 75 հազարի փոխարեն։ Բանն այն է, որ առջեւում նախընտրական փուլ է, եւ ՔՊ-ն մեկ-երկու նման որոշումներով փորձելու է վարկանիշ բարձրացնել, մոռացության տալ Արցախի կորուստն ու այն բոլոր աղետները, որ իրենց վարած քաղաքականության հետեւանքով կրել ու կրում է Հայաստանը։

Խնդրահարույց թեմաներից մեկն էլ եղել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու բնակապահովության ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2022 թվականին․ ծրագրով պետությունը 16 միլիոն դրամ է տալիս այն երիտասարդ ընտանիքներին, որոնք պատրաստ են սահմանամերձ գյուղերում տներ կառուցել եւ ապրել: 2 հազար մարդ է դիմել այս ծրագրով, բավարարվել է 500 հայտ, սակայն պետությունը պատշաճ վերահսկողություն չի սահմանել, եւ մարդիկ գումարները վերցրել են, բայց տներ չեն կառուցել։ Սա է պատճառը, որ հստակ վիճակագրություն չի ներկայացվել, թե քանի տուն է այս ծրագրով կառուցվել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ծրագիրը ժամանակավորապես կասեցրել են, մինչեւ ուսումնասիրություն կատարեն։