Այսօր Արցախի անկախության օրն է։ 1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց:
1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի արդյունքում Արցախի բնակչության 99.89%-ն «այո» ասաց անկախությանը:
1991թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Իսկ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։
Ադրբեջանը 1991 թվականի սեպտեմբերի 25-ին սկսեց Արցախյան առաջին պատերազմը։ Այն տևեց ավելի քան 3 տարի, և միայն 1994թ․ մայիսի 12-ին ստորագրվեց հրադադարի մասին փաստաթուղթը Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Արցախի դեմ կրկին սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ։ Այն դադարեցվեց նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված կրակի դադարեցման մասին հայտարարությամբ։ Այսօր Արցախն հայաթափված է ու օկուպացված Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված ավելի քան 150 հազար արցախցի այսօր հաստատվել է Հայաստանում կամ հեռացել այլ երկիր, սակայն բոլորի երազանքը մեկն է՝ կրկին վերադառնալ Արցախ։
Բաց մի թողեք
Մոսկվան զղջում է, թե՝ չի հավատում Բաքվի արցունքներին
Պուտինի պասով նվեր Ալիևին հենց Բաքվում
Հայ – չին – ադրբեջանական ռազմավարական գործակցության համադրելիության հեռանկարը