21/11/2024

Հայաստանն ի՞նչ երաշխիք պիտի ունենա, որ իրավիճակի փոփոխության դեպքում Ադրբեջանը չի գնա նոր պատերազմի

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն «կեղծիք» է որակել Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ Ադրբեջանի սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի: Նրա կարծիքով, Հայաստանի եւ Ադրբեջանի «սահմանադրության միջեւ զուգահեռ անցկացնելու փորձերն անթույլատրելի են»:

Երեւում է, որ ադրբեջանցի երիտասարդ դիվանագետը սեփական երկրի սահմանադրությանը ծանոթ չէ, ուստի հարկ է նրան մի շատ սկզբունքային հարցում օգնել: Ադրբեջանի սահմանադրության նախաբանում ամրագրված է, որ այն ընդունվում է «Պետական անկախության վերականգման մասին» ակտի հիման վրա: Վերջինս Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունել է 1991թ. հոկտեմբերի 18-ին եւ ունի նախաբան, որտեղ սեւով սպիտակին գրված է, որ Ռուսաստան կայսրությունը 1806-1828 թվականներին «օկուպացրել է Ադրբեջանը»:

1806-1828 թվականներին, մի քանի ընդմիջումներով, ընթացել է ռուս-պարսկական պատերազմ, որի հետեւանքով Պարսկաստանի տիրապետությունից Ռուսաստանին անցել են Բաքվի, Գյանջայի, Ղուբայի, Թալիշստանի (ոչ ամբողջությամբ), Երեւանի եւ Նախիջեւանի խանությունները: Հաշտության պայմանագիր ստորագրվել է 1828թ.-ին, որը որոշել է երկու երկրների սահմանը, ինչպես նաեւ Կասպից ծովում կողմերի ազատ նավագնացության ռեժիմը, բնակչության՝ մեկ երկրի հպատակությունից մյուսի ենթակայությունն ընդունելու, ռազմատուգանքների, գերիների եւ պատանդների փոխանակման կարգը:

Այդ պայմանագրով Պարսկաստանից Ռուսաստանին անցած բոլոր տարածքներն Ադրբեջանի սահմանադրության իմաստով «օկուպացված Ադրբեջան են»: Այդ տարածքներից 29,8 հազար քառակուսի կիլոմետրը միջազգայնորեն ճանաչված է որպես Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք:

Քաղաքական բնույթի ձեւակերպումները, այն, որ Ադրբեջանում օգտագործում են «ներկայիս Հայաստան» կամ «Արեւմտյան Ադրբեջան» բնորոշումները, նախագահի մակարդակով «պատմական անարդարության եւ նրա վերականգնման մասին» հայտարարությունները պայմանականորեն կարելի է չտեսնելու տալ:

Այն իմաստով, որ «այսօր Ադրբեջանում շովինիստական իշխանություն է, վաղը կգան ժողովրդավարները եւ կհրաժարվեն նման խոսույթից»: Բայց ի՞նչ անել սահմանադրության հետ, որն, ըստ էության, ոչ թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, այլ նրա ամբողջ տարածքը ճանաչում է «օկուպացված Ադրբեջան»:

Նիկոլ Փաշինյանը շատ մեղմ ձեւակերպում է արել: Եւ Այհան Հաջիզադեն էլ իր հերթին ճիշտ է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանադրությունների միջեւ որեւէ զուգահեռ անցկացնելու փորձերը անթույլատրելի են: Որովհետեւ Հայաստանի սահմանադրությունը հիմք է ընդունում 1990թ. օգոստոսի 23-ի Հռչակագիրը:

Իսկ այն միանշանակ սահմանում է, որ «Հայկական ԽՍՀ-ն վերանվանում է Հայաստանի Հանրապետություն»: Ադրբեջանի պետական անկախության վերականգնման ակտը, մինչդեռ, գրեթե ամբողջ Հարավային Կովկասը՝ Դաղստանի ինքնավարության մի մասով, անվանում է «Ադրբեջան»:

Սահմանադրական այդ նորմի առկայությամբ Հայաստանն ի՞նչ երաշխիք պիտի ունենա, որ իրավիճակի փոփոխության դեպքում Ադրբեջանը չի գնա նոր պատերազմի: Որեւէ պայմանագիր իմաստ եւ գործնական նշանակություն ունի, եթե սահմանվող նորմերը կողմերին վերապահում են համարժեք իրավունքներ եւ նրանց համար նախատեսում նույնական պարտավորություններ: