Որ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության գերության հանգամանքը դարձել է շահագրգիռ հայտնի շրջանակների, նրանց արտաքին տերերի անհիմն ու սպեկուլյատիվ շահարկումների թեման՝ արդեն առիթ ունեցել ենք արձանագրելու ։
Գերիների հարցին օրերս տեղի ունեցած ասուլիսում անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ևս մեկ անգամ արձանագրեց «դժվար հասկացողների» կամ հասկանալու հետ կապված դժվարություն ունեցողների համար՝ ՀՀ կառավարությունն ամենօրյա ռեժիմով է աշխատանք տանում բոլոր գերիների, այդ թվում՝ ԼՂՀ գերեվարված պաշտոնատար նախկին անձանց վերադարձի ուղղությամբ։ Ի դեպ, այսօր էլ՝ ԼՂՀ անկախության հռչակման օրը, լրագրողների հետ ճեպազրույցում թեմային հպանցիկ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը, ի հակառակ «գերիացավով» իբրև թե տառապող տարբեր պսևդոհումանիստների պնդումների, թե՝ իշխանությունը ձեռքերը լվացել է ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը գերությունից ազատելու պարտականությունից, հաստատել է ՀՀ վարչապետի ասածը՝ հիշյալ ուղղությամբ տարվում են որոշակի աշխատանքներ։ «Նաև տեսել եմ, որ Հայաստանի ղեկավարը չի ցանկացել բացահայտել որոշակի մանրամասներ, ես ևս զերծ կմնամ»,- հավելել է Շահրամանյանը։
Ի դեպ, գերիների ազատ արձակման հանգամանքը քննարկելու համատեքստում շատ կարևոր է հարցը՝ ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել գերի հանձնվելու կամ գերեվարվելու գործընթացը։ Այս համատեքստը շատ կարևոր է, որը միտումնավոր շրջանցվում է թեման շահարկողների կողմից, քանի որ դրա մասին խոսելու դեպքում «հետքերը» մատնացույց են անելու իրենց տերերին։ Նշենք, որ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման մասին հայտնի դարձավ 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ռուս-ադրբեջանական պլանավորված, համատեղ ագրեսիայից մի քանի օր անց։ Մասնավորապես սեպտեմբերի 27-ին հաղորդվեց, որ Հակարիի կամրջի վրա Բաքուն ձերբակալել է ԼՂՀ նախկին պետնախարար, գործարար, ՌԴ նախկին քաղաքացի Ռուբեն Վարդանյանին։ Մյուս պետական գործիչները՝ ԼՂՀ նախկին նախագահները, ինչպես նաև ԱԺ նախագահ, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը և պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը ձերբակալվել և Բաքու էին տարվել ավելի ուշ։ Մասնավորապես ԱԺ նախագահն ու նախկին նախագահերը՝ հոկտեմբերի 3-ին։ Այսինքն՝ այն ընթացքում, երբ Արցախն արդեն իսկ դատարկվել էր՝ բռնի տեղահանվել։ Մինչդեռ քարոզչական մակարդակում, նկատենք, փորձ է արվում ամրապնդել այն թեզը, թե իբր նախկին այս պաշտոնյաները պատանդ են հանձնվել Բաքվին, որպեսզի փրկեն իրենց հայրենակիցներին, այն է՝ արցախահայությունն անվտանգ կարողանա լքել Արցախի տարածքը։ Իսկ այ ԼՂՀ նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ վախկոտի պես և կամ տարատեսակ գործարքների գնալով ադրբեջանական կողմի հետ կարողացել են պլստալ գերությունից։ Որպես այդպիսի պաշտոնյա, հիշեցնենք, նշվում էր ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անունը, որն, ի դեպ, իր վերջին շրջանի հարցազրույցներից (https://www.youtube.com/watch?v=l8NUvfBYkbM) մեկում որոշակի փակագծեր է բացել շահարկվող թեմայի առնչությամբ։ Ի պատասխան լրագրողի դիտարկման՝ «գուցե պատմության մեջ մնա այն մեկնաբանությունը, որ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարվեց անձնազոհաբար, պայքարը նախընտրեց, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա անվտանգ դուրս գալ առանց ֆիզիկական կորուստների»՝ Բաբայանն արձագանքել է՝ նախ նկատելով՝ «չէի ուզում այդ մասին խոսել, բայց քանի որ հարցը հնչել է, պարտավոր եմ պատասխանել ուղիղ և ճշմարտությամբ»։
«Արցախի ղեկավարությունը կարո՞ղ եք ասել՝ երբ է ձերբակալվել՝ հոկտեմբերի 3-ին, Արցախում մարդ չկար, քաղաքացի չկար որևիցե, կային Արցախի ներքին գործերի, անվտանգության (ղեկավարները), նրանց ախրանաները, որոնք եկել են, որ սահմանով անցնեն, ադրբեջանցին ասել ա՝ մինչև ձեր ղեկավարները չհանձնվեն, մենք ձեզ չենք թողնելու գնաք, ձեզ տանելու ենք Բաքու։ Հետ են տվել էդ մարդկանց, գնացել են մի ամբողջ գիշեր, մինչև լուսաբաց բանակցել են էդ ղեկավարների հետ, որոնք Խոջալուում էին՝ ռուսական զորամասում (խաղաղապահների-խմբ.), համոզել, որ հետ գան էսինչ տունը, որտեղ մթոմ որ ադրբեջանցիների հետ հանդիպեն, եկել են ընդեղ ու ձերբակալվել՝ իմանալով էդ ամբողջը։ Արցախում, կրկնում եմ, մարդ չկար։ Հետո, ով որ պետք է էդ նախագահների անվտանգությունն ապահովեր, էդ մարդիկ հանգիստ կամրջով անցել են, եկել Հայաստան, ովքեր, նորից եմ շեշտում, պետք է ապահովեին էդ մարդկանց անվտանգությունը։ Երկու տարբերակ ունեին՝ կամ պիտի խփեին-սպանեին դրանց՝ նախագահներին, կամ պիտի հանեին ընդեղից, բայց իրանք ընտրել են երրորդ տարբերակը՝ հանձնել Ադրբեջանին, իրանք գան ստեղ։ Սա իրականությունն ա, ժողովուրդ, երբ որ ասում եմ՝ ինձ մի խոսացրեք, որ ամեն անգամ չբացեմ էն, ինչ որ կա։ Իսկ էն լրատվականները, որ իրենց պատռում են, ֆինանսավորվում էին ընդեղից։ Էն որ ասում էին՝ Բաբայանը Նիկոլի հետ Արցախը վաճառել ա, բա փողերը ուր են, եսիմինչ, այ ես իրանց եմ հարց տալիս՝ էն փողերը, որ ստանում էիք Արցախից, գիտեի՞ք, որ թալանած փողերն էիք ստանում, սիրելի լրատվական միջոցներ, էն, որ հիմա պատռում եք ձեզ։ Սա ա իրականությունը։ …Ուզում եմ ասել՝ ո՞ր մարդկանց մասին եք խոսում, որ՝ գնացին, զոհվեցին՝ հանուն ժողովրդի»։ Լրագրողի հստակեցմանը՝ ինչո՞ւ առաջին օրերին նախկին բարձրաստիճան պաշտոնյաները դուրս չեկան Արցախից, Բաբայանը պարզաբանում է՝ «որովհետև ռուսական ուժերը ասում էին, որ խնդիր չունեք, մենք ձեզ տեղափոխելու ենք։ Դրա համար հույսները դրել էին հարևանի վրա, ես էլ ասում եմ՝ սխալ ես արել, որ դրել ես»։
Ի դեպ, կայքերից մեկը վերջերս անդրադարձել էր Բաբայանի աղմկահարույց հարցազրույցին և նշել, թե այն «փոթորկել է Արցախի քաղաքական դաշտը», հընթացս էլ նշել այն պաշտոնյաների անունները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին հոգ տանել Արցախի նախկին նախագահների անվտանգության համար, սակայն, փաստորեն, ակամա «մատնել են» ու դարձել նրանց գերեվարման պատճառը։ Այդ անձինք են ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խնամի, Արցախի ՆԳ նախկին նախարար, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ՊՊԾ պետ Գրիշա Սարկիսովի որդի Կարեն Սարգսյանը, որը, ինչպես FIP-ն էր բացահայտել (https://fip.am/23983), «իրենով էր արել Արցախի ՆԳ ծառայողական շուրջ 20 մեքենաները», ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը։ Արցախի ԱԱԾ տնօրենն էլ, նշենք, ՆԳ նախկին նախարար Աշոտ Հակոբջանյանն էր, նրա առաջին տեղակալը՝ Արարատ Մելքումյանը։ Կայքը նկատել էր, թե տունը, որտեղ էլ մեկնել են Արցախի նախկին նախագահները՝ բանակցելու ադրբեջանցիների հետ, եղել է Կարեն Սարգսյանինը։
Ի դեպ, այսօր ԼՂՀ անկախության հռչակման օրվա առթիվ իր պաթետիկ, արձակ բանաստեղծություն հիշեցնող շնորհավորական տեքստում գերիների թեմային մեկ նախադասությամբ անդրադարձել է նաև Ա. Վանեցյանն ու մասնավորապես նշել՝ «մենք չենք կարող մոռացության մատնել Արցախի պետականության սիմվոլ հանդիսացող գործիչների գերությունն Ադրբեջանում»։ Օրերս էլ շնորհավորելով Բակո Սահակյանին ծննդյան օրվա առթիվ՝ Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր. «Վստահ եմ՝ արդարությունը վաղ թե ուշ կհաղթի, և Բակո Սահակյանը, Ադրբեջանում պատանդ պահվող Արցախի ռազմական և պետական գործիչները, ինչպես նաև մյուս բոլոր գերիներն ազատ կարձակվեն ու կվերադառնան իրենց տուն»։ Հետաքրքիր է՝ ԱԱԾ-ն հարցեր չունի՞ իր խնամուն, նաև ռուսական կողմի իր կոլեգաներին «պետականության սիմվոլների» գերեվարման հանգամանքների հետ կապված, թե՞ աշխատում է գերիներին հիշել միայն պատեհ առիթով՝ իր իսկ «էժանագին փիառն» (ձևակերպման հեղինակն ինքն է-խմբ.) անելու նպատակով։ Ինչ վերաբերում է այդ հարցը մոռացության չտալուն, ապա ընթերցողը, կարծում ենք, չի մոռացել ԱԱԾ նախկին տնօրենի սկանդալային հայտարարությունը գերիների վերադարձի թեմայով։ 2021-ի ԱԺ ընտրությունների նախընթաց փուլում, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի հետ դաշինք կազմած Վանեցյանը իրենից գոհ հայտարարել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց», հավելելով՝ ՌԴ-ում ու այլ երկրներում, բայց ոչ Ադրբեջանում, ունի անձնական կապեր, մարդկային հարաբերություններ, որոնք կարող են օգտակար լինել այդ հարցում։
Հետաքրքիր է՝ Վանեցյանը այս ընթացքում իր ունեցած կապերն ու մարդկային հարաբերությունները քանի՞ տոկոսով է օգտագործել՝ գերիների վերադարձի հարցում իր ներդրումն ունենալու, «արդարության հաղթանակի» համար։ Թե՞ առաջնորդվում է սկզբունքով, որ քանի իշխանություն չունի ՀՀ-ում, գերիների ու այլ «սենտիմենտալ» հարցերով զբաղվելը իր շահերից չի բխում։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Ալիևը՝ Գլոբալ հարավի և Հյուսիսի միջեւ «պոտենցիալ կամուրջ»
Ալիևը պատրաստվում է 2020-ի պատերազմի մեկնարկի օրը նշելուն
Սենսացիա. Աստված կապի է դուրս եկել Բագրատ Գալստանյանի հետ ու ցուցումներ տվել՝ ինչ անել, ոնց անել, որ ինչ լինի