Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդունել է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ վեհաժողովին մասնակցելու Ռուսաստանի հրավերը, հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինի օգնական Ուշակովը, ասելով, որ հրավեր են հղել ԲՐԻԿՍ անդամության հայտ ներկայացրած բոլոր երկրներին:
Նախօրեին, Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ դեռեւս հայտնի չէ Պուտինի՝ Թուրքիա հնարավոր այցի ժամկետը: Եթե այդ այցը չկայանա մինչեւ հոկտեմբեր, իսկ այցն ըստ ամենայնի մինչեւ հոկտեմբեր չի կայանա, ապա Էրդողանը Կազան կատարած այցը կհիշեցնի հայտնի խոսքը՝ եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, ապա Մուհամեդն է գնում սարի մոտ: Պուտինը չի գնում Թուրքիա, Էրդողանն է գնում Ռուսաստան, ընդ որում՝ ԲՐԻԿՍ անդամության «խնդրարկուի» կարգավիճակում:
Սակայն, հոկտեմբերյան այդ հնարավոր այցի հիմնական ինտրիգը գուցե այն է, թե արդյո՞ք Կազանում կարող է կայանալ Էրդողանի հանդիպումը Սիրիայի նախագահ Ասադի հետ: Սիրիան պաշտոնապես հայտ չի ներկայացրել ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար, սակայն քաղաքական հայտարարությունների մակարդակում եղել են առիթներ, երբ Դամասկոսը հայտնել է իր հետաքրքրությունը այդ կազմակերպության առնչությամբ: Սակայն, Ռուսաստանը, որն ընդունում է գագաթնաժողովը, որեւէ կերպ կաշկանդված չէ հրավիրել նաեւ Ասադին: Առավել եւս, որ հազիվ թե ԲՐԻԿՍ մյուս անդամները կողմ լինելով Էրդողանի մասնակցությանը, դեմ լինեն Ասադին հրավեր ուղարկելուն: Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը այսօր հայտարարել է, որ Էրդողան-Ասադ հանդիպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքը շարունակվում է, այն ընթանում է հատուկ ծառայությունների, դիվանագիտական եւ պաշտպանական գերատեսչությունների մակարդակում:
Ըստ նրա, նախ կլինեն հանդիպումներ այդ մակարդակում, հետո նոր միայն կլինի բարձր մակարդակի հանդիպում: ՌԴ արտգործնախարար Լավրովը նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Սիրիայից զորքը դուրս բերելու հարցը, սակայն կան նյուանսներ, որոնք կարիք ունեն համաձայնեցման:
Կասկածից վեր է, որ Թուրքիա-Սիրիա հարաբերության եւ բարձր մակարդակի անցկացման հարցերը երկկողմ շրջանակում չեն: Այդ գործընթացում նվազագույնը էական ներգրավածություն ունեն Ռուսաստանն ու Իրանը: Ավելին, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, բացառված չէ, որ Ասադի հետ ռուսական հարթակում Էրդողանի հանդիպումն է Պուտինի՝ Թուրքիա այցի ռուսական պայմանը:
Եթե հոկտեմբերին ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում Կրեմլին հաջողվի ապահովել այդպիսի հանդիպում, ինչպես նաեւ ստորագրել Իրանի հետ ռազմա-քաղաքական մեծ պայմանագիրը, որի մասին խոսվում է արդեն ավելի քան մեկ տարի, ապա դա անշուշտ բավականին մեծ միավոր կլինի Պուտինի ակտիվում:
Սակայն, թող չհնչի տարօրինակ, միավոր ոչ թե Արեւմուտքի, կամ ոչ այնքան Արեւմուտքի, որքան Չինաստանի հանդեպ:
Օրեր առաջ Չինաստանում էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Սալիվանը, որը բանակցություն է վարել արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Սուբորդինացիոն այս հանգամանքը վկայում է, որ բանակցությունը եղել է բավականին էական հարցերի շուրջ: Միաժամանակ, տեղեկություններ են տարածվում, որ ավելի մեծ թվով չինական բանկեր են հրաժարվում ռուսական փոխանցումներ իրականացնելուց:
Պեկինը զգուշանու՞մ է, թե՞ պայմանավորվում Վաշինգտոնի հետ: Բոլոր դեպքերում նկատելի է, որ Չինաստանի հետ սերտ հարաբերությամբ հանդերձ, Մոսկվան փորձում է հնարավորինս ամրանալ նրանց միջակայքում:
Եթե դա հաջողվի, ապա նրանց միջեւ կառաջանա Կրեմլի հետ խոսելու մրցակցություն, քանի որ հազիվ թե ձեւավորվի Կրեմլին այդ միջակայքում ճզմելու կոնսենսուս՝ այդ թվում մի շարք օբյեկտիվ պատճառներով:
Բաց մի թողեք
«Չնստեք կոճղին, չուտեք կարկանդակ», այն է՝ չտապալեք ավագանու նիստերը՝ հարուցելով կառավարման ճգնաժամ
Վարդան Ղուկասյանն ու Ռուբեն Մխիթարյանը կվերականգնե՞ն Սարգսյանին ու Քոչարյանին շնորհված՝ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը, որից նրանք զրկվել էին 2018-ին
Պուտինն ինչ նոր հետաքրքրություն ունի Հարավային Օսիայում, նոր կուրատորը ստուգումներ է անցկացրել