Ռուսաստանը, որի համար ընդունելի է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը», դա ընդունելով` հրաժարվո՞ւմ է «միջանցքային» պահանջից, որին ընդդիմանում է Փաշինյանը չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ Ռուսաստանի նման երկրի մասին, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե քաղաքագիտական շրջանակները պնդում են, թե որքան մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրման պահը, այնքան Ռուսաստանը ավելի է «ջղաձգվում», քանի որ տարածաշրջանից դուրս է մղվում Ռուսաստանը, եւ եթե Ռուսաստանը տնտեսական սանկցիաներ կիրառի, որքանով է Հայաստանը պատրաստ դիմակայել դրանց:
«Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, եւ մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ:
Կարելի է ունենալ խնդիրներ, դրանց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որեւէ երկրի հետ, դա արդեն ի բնե սխալ է: Եթե մենք էդ սխալները գործել ենք, մենք պետք է էդ սխալները ինքներս ուղղենք, բայց ոչ թե ուրիշների՝ այլ մեզ համար: Որովհետեւ, էլի եմ ասում, պետությունն այլ մտածողություն է, այլ ընկալում է, մտածողության բոլորովին ուրիշ հարթություն եւ մենք եթե ուզում ենք ունենալ ուժեղ, անկախ, ինքնիշխան պետություն, պետք է մուտք գործենք մտածողության այդ հարթություն եւ ամրանանք այդտեղ»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց. «Ռուսաստանի հետ կիսում ենք երկար պատմություն՝ գործընկերության, բարեկամության, խորը ավանդույթներով», ապա հավելեց, որ ինքը չի ցանկանում պատասխանել այն հարցին, թե ՌԴ-ն տնտեսական սանկցիաներ կկիրառի. «Ինչի պետք է Ռուսաստանը սանկցիաներ կիրառի, ասենք իր որ շահի համար, կամ մեր որոշման համար: Ես չեմ ուզում, որ մենք այսօր այդ բառապաշարով այդ սցենարները քննարկենք»:
Միեւնույն ժամանակ Փաշինյանը նշեց, որ միջազգային գործընկերների աջակցությունը բարձր է գնահատում, բայց արդյունավետ է համարում երկկողմ ձեւաչափը։ Առանց միջնորդների Բաքվի հետ բանակցությունները, նրա խոսքով, արդեն տվել են որոշ արդյունքներ։
Օրինակ բերեց նախորդ տարեվերջի համաձայնությունը, որով գերիներ ազատ արձակվեցին, ապրիլի 19-ի հայտարարությունը՝ հատվածական սահմանազատման մասին եւ սահմանազատման կանոնակարգի ստորագրումը, որի մասին կողմերը հայտարարեցին անցյալ շաբաթ։ «Հայաստանի ինքնիշխանության իրավազորության տարածքային ամբողջականության հետ կապված որեւէ հարց որեւէ ձեւով չի կարող կասկածի տակ դրվել», – ասաց նա:
Փաշինյանը պնդեց՝ Երեւանը բացառում է Հայաստանի տարածքով ճանապարհի տրամադրումը՝ սեփական ինքնիշխանության հաշվին, միաժամանակ կրկնեց՝ պատրաստ է այսօր էլ Ադրբեջանի համար ավտոճանապարհ բացել, պայմանով, որ կհարգվեն Հայաստանի օրենսդրությունն ու կարգավորումները։ Ի դեպ, Փաշինյանը չբացառեց, որ ճանապարհների անվտանգությունը կարող են նաեւ մասնավոր պահնորդական ընկերություններ իրականացնել՝ առանց հստակեցնելու, միջազգային, թե տեղական։
«Մենք կարող ենք լրացուցիչ մեխանիզմներ նույնպես ունենալ, եւ մեր երկրում Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի կանոնադրական խնդիրներից է նաեւ այդ հարցի լուծումը, բայց մյուս կողմից այսօր մանավանդ մեր օրենսդրության բարեփոխումների տրամաբանության մեջ նաեւ անվտանգության լրացուցիչ ապահովման գործառույթներ կարող են իրականացվել նաեւ այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն ծավալող, օրինակ, պահնորդական կազմակերպությունները», – նշեց կառավարության ղեկավարը:
Իսկ ինչպե՞ս արձագանքեց Փաշինյանը Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությանը, երբ վերջերս նա պնդել էր, թե Հայաստանը սաբոտաժի է ենթարկում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները։
Փաշինյանն այս մեղադրանքները հերքեց, ավելին, ռուսական կողմին մեղադրեց, թե տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել, այդ թվում՝ Ռուսաստանի մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող ու դրան հակասող մեկնաբանությունների պատճառով: Այսինքն, ըստ Փաշինյանի, Մոսկվան է սաբոտաժի ենթարկում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը:
«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ օրինակ, տարածաշրջանային կոմունիկացիաների հարցում որպես միջնորդ հանդես գա մի երկիր, որը Հայաստանին մեղադրում է այդ թեման սաբոտաժի ենթարկելու մեջ: Նման հայտարարություն անող ինստիտուտն իրեն դուրս է դնում բոլոր հնարավոր միջնորդություններից», – ընդգծեց Փաշինյանը:
Հասունացել է պահը, որպեսզի Հայաստանի իշխանություններն ավելի անկեղծանան ու փակագծեր բացեն մասնավորապես մեկ այլ ուշագրավ թեմայի շուրջ. Ռուսաստանը, որի համար ընդունելի է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը», դա ընդունելով` հրաժարվո՞ւմ է «միջանցքային» պահանջից, որին ընդդիմանում է Փաշինյանը:
Անցյալ տարի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Մոսկվան Երեւանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համարում է կառուցողական եւ համահունչ այն նախագծերին, որոնք վերջին տարիներին արդեն քննարկվում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
Նա այսպես էր մեկնաբանել՝ եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ, եւ որ Ռուսաստանում կարծում են, որ այդ գործընթացը կարեւորագույն դեր է խաղում Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է ողջ Հարավային Կովկասի տարանցիկ-լոգիստիկ ներուժի կայունացմանն ու բացահայտմանը:
Զախարովան հիշեցրել էր, որ երեք երկրների ղեկավարները եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում էին կայացրել 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց: «Արդեն անցկացվել է այդ խմբի 12 նիստ, հսկայական աշխատանք է կատարվել՝ տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքի ներկա վիճակի գնահատման, երկաթուղային, ավտոմոբիլային հաղորդակցությունների օպտիմալ նախագծերի ընտրության մի մասը։ Հաջողվել է ընդհուպ մոտենալ փաթեթային լուծմանը, որը ձեռնտու է բոլոր կողմերին»,-ասել էր Զախարովան։
Նա այդ օրն ափսոսանքով էր նշել, որ այս հարցերում վերջակետ դնել դեռ չի հաջողվել, քանի որ` «ոմանք պարզապես դա անելու քաղաքական կամք չունեն, եւ դա Ռուսաստանը չէ»։ Մոսկվան այս ընթացքում բազմիցս վերահաստատել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների դրույթների հիման վրա։ Մոսկվայի համար, իհարկե, կարեւորն այս դրույթի կյանքի կոչումն է` «նշված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կոչված են իրականացնելու ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:
Անցյալ տարի ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի վերոնշյալ հայտարարությունից մեկ ամիս անց դեկտեմբերի կեսերին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հայտարարեց` Մոսկվան աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը։
«Փաստացի աջակցում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործմանը՝ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով ֆինանսավորելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի շինարարությունը։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ 150 միլիոն դոլար է։ Այժմ նաեւ հիմնադրամի կոլեգիալ մարմինների համաձայնեցման փուլում է գտնվում Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու որոշումը։ Այնտեղ աջակցության ծավալը կլինի 200 միլիոն դոլար»,- ասել էր Օվերչուկը։
Մոսկվան 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակը եւս հարթակ է համարում տարածաշրջանի հարեւանների եւ երկրների փոխգործակցության համար: Հայաստանի իշխանությունն այս ձեւաչափին եւս բարյացակամորեն է վերաբերվում: Փաշինյանի կողմից վերջին ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերը լիովին տեղավորվում են Մոսկվայի ակնկալածի ու սպասումների հետ:
Լավրովի` «Հայաստանի սաբոտաժի» մասով վերջին աղմկոտ հայտարարությանն արձագանքելը հավասարակշռություն պահելու սովորական ժեստ է: Փաշինյանի դիրքորոշումը չի տարբերվում ռուսական պատկերացումներից: Երբ լրագրողը նրան հարց ուղղեց, թե ինչու է ՌԴ-ն սկսել հիշել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, արդյո՞ք ժամանակը չէ դրանից Հայաստանի ստորագրությունը հետ կանչելու, Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանն էլ չի մոռացել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապա հավելեց. «Այդ կտրուկ շարժումներ անելու կոչերը, անկեղծ ասած, ես լավ չեմ հասկանում:
Իսկ ինչո՞ւ հանենք ստորագրությունը, ինչի մենք մեր որեւէ պարտավորություն չենք կատարո՞ւմ, կամ խուսափում ենք, կամ չենք ուզում կատարե՞լ: Ոչ, չկա այդպիսի բան: Բոլոր նման մեկնաբանությունները սխալ են: «Խաղաղության խաչմերուկում» այն, ինչ գրված է, լիարժեք համապատասխանում է նոյեմբերի 9-ի հայտարարության ոգուն, տառին եւ այդպես շարունակ»:
Նա հիշեցրեց, Հայաստանն է, որ պետք է հաղորդակցություն տրամադրի. «ՀՀ-ն տրամադրում է հաղորդակցություն, օգտվող չկա այդ հաղորդակցությունից: Իսկ այդ հոդվածի բառապաշարի մյուս հատվածը միայն ու միայն մոնիտորինգի մասին է»:
Այսպես, «Խաղաղության խաչմերուկում» այն, ինչ գրված է, լիարժեք համապատասխանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն եւ տառին: Հետեւաբար, կարո՞ղ ենք արձանագրել, որ Մոսկվան էլ չի հրաժարվել «միջանցքային» պահանջից նաեւ` «Խաղաղության խաչմերուկին» աջակցելու շրջանակներում, եւ Փաշինյանը դա շատ լավ գիտակցում է…
Բաց մի թողեք
COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»