Ժնևում ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունները փետրվարի 18-ին կշարունակվեն, բայց, հավանաբար՝ «տեխնիկական օրակարգով»:
Քաղաքական քննարկումների փուլն ավարտվել է նախօրեին: Եվ հիմնական արդյունքն այն է, որ կողմերը համաձայնել են դրանց մասին տեղեկացնել «իրենց ղեկավարներին և շարունակել աշխատանքը՝ համաձայնագրի կնքմանը հասնելու ուղղությամբ»: Այս մասին մամուլին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկովը:
Ուշագրավ է, որ նա ամերիկյան ներգրավվածությունը ոչ թե «միջնորդություն» է անվանել, այլ՝ «մոդերատորություն»: Ուիթկոֆը կարևորել է նախագահ Թրամփի դերը, ում «հաջողվել է երկու կողմերին նստեցնել նույն բանակցային սեղանի շուրջ, ինչը հանգեցրել է զգալի առաջընթացի»:
Ո՞րն է «զգալի» կամ անգամ «ոչ այնքան զգալի առաջընթացը», Ուիթկոֆը որևէ կերպ նույնիսկ չի ակնարկել «միայն հպարտացել է, որ Դոնալդ Թրամփի ղեկավարության ներքո աշխատում է «սարսափելի հակամարտության ընթացքում սպանությունները դադարեցնելու նպատակով»:
Ռուսաստանը որևէ պաշտոնյայի կամ բանակցային թիմի անդամի մակարդակով ժնևյան բանակցությունների մասին տեղեկություն դեռևս չի հայտնել: Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ առաջին օրվա մասին տեղեկություն չի լինի:
Նա հրապարակայնացրել է, որ պատվիրակությունը ցուցումներ ստացել է անմիջապես Վլադիմիր Պուտինից, ով «մշտական շփումներ ունի նրա հետ»: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի պատվիրակությունը, ի տարբերություն նախորդ երկու հանդիպումների, գլխավորում է Պուտինի օգնական Մեդինսկին:
Վերջինս մասնագիտությամբ պատմաբան է և, ինչպես արեւմտյան մի դիվանագետ է Reuters-ին ասել, «բոլորին ձանձրացնում է Ռյուրիկների մասին մտավարժանքներով»:
Ժնևում Ռուսաստանի պատվիրակության հետ շուրջ չորս ժամ տևած քաղաքական բանավեճից հետո Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը սոցիալական X հարթակում գրառում է կատարել և տեղեկացրել, որ ավարտել է ԱՄՆ և եվրոպական գործընկերների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ հանդիպումը:
«Կարևոր է պահպանել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև ընդհանուր տեսլականը և գործողությունների կոորդինացիան: Կա արդյունքի համար ընդհանուր պատասխանատվության ըմբռնում: Շարունակում ենք աշխատել»,- գրել է Ումերովը:
Որքանո՞վ է իրականությանը մոտ Ումերովի լավատեսությունը, շատ կասկածելի է: Նույն օրը Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ուկրաինական ժողովուրդը չի ընդունի այն համաձայնությունը, որ կենթադրի ամբողջ Դոնբասից զորքերի դուրս բերում, բայց կընդունի շփման գծով պատերազմի դադարեցումը:

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիայի լիբերալ դեմոկրատները նոր վերլուծական կենտրոն են ստեղծում
Պեկինը վստահեցրել է, որ թույլ չի տա Մոսկվային օգտագործել միջուկային զենք․ Ֆինլանդիայի նախագահ. Լուսանկար
Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդները ստորագրել են 28 փաստաթուղթ. Լուսանկար