22/11/2024

«Զանգեզուրի միջանցք»-ի մասին ՌԴ հայտարարություններն ավելի բացահայտ են դարձել, փորձում են Բաքվին դրդել ՀՀ-ի դեմ գործողությունների. Իրանագետ

Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Դեմիրչիլուն հայտնել է Թեհրանի աջակցության մասին տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը և նշել, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մոջթաբա Դեմիրչիլուն երկուշաբթի երեկոյան՝ Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպման ժամանակ, նաև ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

Վերջին օրերին էլ իրանական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը, հայտարարեցին, որ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել Կովկասյան տարածաշրջանում տրանսպորտային միջանցքի բացման մասին։ Նաև խոսել են Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Հայաստանի տարածքով կապող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կոչելու գաղափարի շուրջ։

Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների այս խոսակցությունը չի վրիպել իրանական դիվանագիտական և լրատվական շրջանակների ուշադրությունից, հատկապես երբ նկատի ունենանք, որ Իրանը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է՝ կտրականապես դեմ է այս միջանցքի բացմանը և այն համարում է «Իրանի և Հայաստանի միջև ավանդական սահմանների խախտում։ Քննադատելով «Զանգեզուրի միջանցքին» Ռուսաստանի աջակցությունը՝ Իրանի մի շարք լրատվամիջոցներ հայտարարել են, որ Ադրբեջանի պնդումը, թե դրա գործարկումը եղել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետ կապված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հրադադարի համաձայնագրի մի մասը, «կեղծ» է։

Թեհրանում բնակվող իրանագետ, վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը այս առնչությամբ civic.am-ի հետ զրույցում նկատեց. «Ուկրաինական պատերազմում զարգացումներից հետո «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ ՌԴ դիրքորոշման փոփոխությունը պետք է պայմանավորել պատերազմի պատճառով ՌԴ համար կապուղիների հասանելիության սահմանափակմամբ և միջազգային ոլորտում մեկուսացմամբ, մյուս կողմից էլ՝ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ գործադրվող բազմակողմանի տնտեսական պատժամիջոցներով։ Համաշխարհային հանրության կողմից Մոսկվայի նկատմամբ գործադրվող քաղաքական ճնշումը ստիպել է այս երկրին փորձել այս կրիտիկական պայմաններում Բաքվին դարձնել իր առանցքային դաշնակիցը Կովկասյան տարածաշրջանում։ Եվ սա մի իրավիճակում, երբ Ադրբեջանը ռազմական, քաղաքական ու տնտեսական իր հարաբերությունները վերջին մի քանի տարիներին ավելի է ընդլայնել Իրանի թիվ մեկ թշնամի Իսրայելի հետ»։

Վերլուծաբանի խոսքով՝ «ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակի վատթարացմանը զուգահեռ, Ռուսաստանը վերջին մի քանի օրերի ընթացքում ակնհայտորեն փորձում է Ադրբեջանին դրդել կրկին հարձակում իրականացնել Հայաստանի սուվերեն տարածքի վրա, Սյունիքի մարզի ուղղությամբ, բացել, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցք»-ը և այն հանձնել Ռուսաստանին, որպեսզի անարգել կապ հաստատի իր մյուս վաղեմի բարեկամ և գործընկեր Թուրքիայի հետ»։ Միաժամանակ Ադրբեջանը և հատկապես Ռուսաստանը այս պահին փորձում են անտեսել Իրանի շահերը Կովկասյան տարածաշրջանում, Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի տարածքից անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհի անցկացման միջոցով Իրանին կախվածության մեջ պահել Մոսկվայից և Բաքվից։

Ըստ մեր զրուցակցի՝ եթե ​​այս միջանցքը կառուցվի և ավարտին հասցվի, ապա կխափանվի Իրանի տարածքով Ադրբեջանի բեռները Նախիջևան փոխադրելու տարանցիկ և ռազմավարական դերը, իսկ «Զանգեզուրի միջանցք»-ի անցումով զգալիորեն կթուլանա իրանական ապրանքների՝ Հայաստանի տարածքով արտահանման հարցում Իրանի դիրքը, ինչի հետևանքով Իրանը գործնականում կկորցնի իր ազդեցության հաղթաթուղթը։ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին Ռուսաստանի հայտարարություններն ավելի բացահայտ են դարձել և ամրապնդել են կասկածները, որ Կովկասում այդ երկրի քաղաքականությունը հիմնարար փոփոխության է ենթարկվել։ Իհարկե, հավանական է, որ Իրանի նոր նախագահ Փեզեշքիանը ՌԴ կատարելիք այցի ժամանակ կներկայացնի ԻԻՀ դիրքորոշումները ռուսների այս գործողության վերաբերյալ։ Իրանական կողմի համար արդեն ընդունված փաստ է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը լրիվ կեղծ երթուղի է։ Իրանի կառավարությունն իրավունք ունի և պետք է պահպանի իր պատմական սահմանները Հայաստանի հետ։ Թուրքա-ադրբեջանական նախաձեռնությամբ և Ռուսաստանի աջակցությամբ այս կեղծ միջանցքի կառուցումը ոչ միայն կհանգեցնի Հայաստանի տարածքով անցնող Իրանի հյուսիս-հարավ միջանցքի կորստին, այլև կփակի դեպի Եվրոպա և Սև ծով նավահանգիստները Իրանի Չաբահար նավահանգիստը կապող մայրուղին և Իրանի ու Հայաստանի ուղիղ սահմանը։ Սա միանշանակորեն դեմ է Իրանի տարածաշրջանային տնտեսական քաղաքականությանը»։

Շահմուրադյանը կարծում է՝ «Իրանում հասկացել են, որ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները թուլացնելու նպատակով ՌԴ-ի հանդեպ զուգամերձության իրենց քաղաքականությունը կարող է ինչ-որ տեղ ի շահ Իրանի թշնամիների և ի վնաս Թեհրանի խախտել աշխարհաքաղաքական հավասարումները։ Այս իրադրությունից ելնելով էլ Իրանը զգուշացրել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված Ռուսաստանի շրջադարձը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունն ի վնաս Իրանի։ Իրանագետի համոզմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջ քաշվող և, ստացվում է, Ռուսաստանի կողմից հովանավորվող, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքը» «բացելով» Մոսկվան ուղիղ երկաթուղային կապ կունենա Թեհրանի հետ, որը զենքի կարևոր մատակարար է դարձել Ուկրաինայում կռվող ռուսական ուժերի համար:

«Փաստորեն, այս հյուսիս-հարավ առանցքը վերակենդանացնում է այն, ինչը ժամանակին՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, հայտնի էր որպես «Պարսկական միջանցք»։ Ճանապարհային և երկաթուղային երթուղի, որն անցնում է Իրանի հյուսիսից Ադրբեջանի Հանրապետության տարածքով դեպի Ռուսաստան, և իրականում ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի վարկային-վարձակալության օգնության պլանով: ԱՄՆ-ն և Բրիտանիան օգնեցին Խորհրդային Միությանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ճակատագրի տարօրինակ շրջադարձով այս առանցքը այժմ կենսական նշանակություն ունի Մոսկվայի համար ԱՄՆ-ի և Արևմուտքի դեմ ներկայիս պայքարում: Եթե ​​նման ծրագիր իրականացվի, դա կնշանակի Ադրբեջանի և Ռուսաստանի համակարգված վերահսկողություն Հայաստանի հարավային սահմանին, ինչը մղձավանջ է թե՛ Հայաստանի, թե՛ Արևմուտքի համար։ Հայերը կկորցնեն վերահսկողությունը կարևոր ռազմավարական սահմանամերձ շրջանի նկատմամբ։ Հայաստանը միայնակ ի վիճակի չէ կանխել ռուսական և ադրբեջանական գործողությունները, այս ամենը հակասում է Իրանի և Հայաստանի համատեղ շահերին, ուստի Իրանը փորձում է, դեմ կանգնելով ադրբեջանա-ռուսական միակողմանի նախագծին, իր դերակատարությունը ապահովել Կովկասյան տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակման և երկաթուղիների վերաբացման գործընթացներում։

Ահա հիմա կարող ենք հասկանալ, թե ինչու Իրանը, հարգելով դիվանագիտական պրակտիկան և փորձելով չանհանգստացնել իր գործընկեր Մոսկվային, ԱԳ նախարարություն է կանչել Թեհրանում ՌԴ դեսպանին և նրան հասկացրել Իրանի մտահոգությունները և սկզբունքային մոտեցումը Կովկասյան տարածաշրջանի իրադարձությունների վերաբերյալ»։

Հ. Մանուկյան