10/09/2024

ԲՐԻԿՍ-ը չմեկնարկած՝ ճաքում է

Սերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է, որ չնայած հրավեր ստացել է, բայց ԲՐԻԿՍ-ի Կազանյան գագաթաժողովին չի մասնակցի, քանի որ այդ օրերին Սերբիա կայցելեն «կարեւոր հյուրեր»:

Այս տեղեկությունը կարելի էր սենսացիա, առավել եւս՝ Վլադիմիր Պուտինի համար անակնկալ չհամարել, եթե սեպտեմբերի 4-ին նա Ռուսաստանում՝ Վլադիվոստոկում, հատուկ հանդիպում չունենար Սերբիայի փոխվարչապետ Վուլինի հետ և չասեր, որ Կազանում սպասում է Վուչիչին:

«Մենք նրան հրավեր ուղարկել ենք, կարծում եմ, որ պարոն նախագահն այդ հնարավորությունը կօգտագործի»: Սերբիայի նախագահը հաջորդ օրը հասկացրել է, որ «հնարավորությունը չի օգտագործի»:

Ինչո՞վ է պայմանավորված Վուչիչի դեմարշը: Ըստ երեւույթին, նման որոշում նա կայացրել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Բելգրադ այցից հետո: Սերբիան Ֆրանսիայից գերժամանակակից կործանիչներ գնելու համաձայնության է հասել: Դա թույլ կտա խորհրդային արտադրության ՄիԳ-29-երը մարտական հերթապահությունից զգալի մասով հանել:

Նման գործարքի դիմաց ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին հյուրի կարգավիճակով մասնակցությունից հրաժարվելն, ամենայն հավանականությամբ, քաղաքական խոր ենթատեքստ ունի:

Եվրամիությունը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը մի իրավիճակում, երբ նա Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ է մղում, «եվրոպական արժեքներին անհարիր է»:

Սերբիան Եվրամիության անդամության թեկնածու է 2012 թվականից, ու թեեւ բանակցությունները երբեմն-երբեմն վերսկսվում են, հիմնական խոչընդոտը մնում է չհաղթահարված. ԵՄ-ն Բելգրադին առաջարկում է ճանաչել Կոսովյի անկախությունը և երաշխավորում սերբ բնակչության իրավունքները: Սերբիայի ոչ մի կառավարություն նման քայլի չի գնա:

ՌԴ նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Ուշակովն ասել է, որ ԲՐԻԿՍ-ի Կազանյան գագաթաժողովին հրավիրված առաջնորդներից առայժմ համաձայնություն ստացվել է Թուրքիայի, Բոլիվիայի, Մոնղոլիայի և Բելառուսի նախագահների կողմից:

Ուշակովը չի թվարկել բոլոր հրավիրյալներին, բայց Սերբիայի նախագահի «նվերն» արդեն փաստ է և կարող է վարակիչ լինել նաև այլ երկրների առաջնորդների համար, ովքեր ԲՐԻԿՍ-ի հետ կապված առանձին հետաքրքրություն չունեն:

Սերբիայի նախագահը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին իր բացակայությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ նույն օրերին Բելգրադ «շատ կարեւոր անձանց» կհյուրընկալվի: Վլադիմիր Պուտինի համար, թերեւս, ամենավիրավորականն այդ ձեւակերպումն է:

Ասվախից ուղղակի հետևում է, որ Վուչիչի համար այդ անձինք ավելի կարեւոր են, քան՝ Ռուսաստանի նախագահը: Սերբիայի նախագահի հյուր կարող են լինել նրա կարգավիճակի պետական գործիչներ, և խոսքն, ամենայն հավանականությամբ, եվրոպական երկրների առաջնորդների մասին է, որոնք պատրաստվում են Բելգրադ այցելել:

Պայմանականությունների տեղ, կարծես, չի մնում. Բելգրադը պարզորոշ բացահայտվում է որպես եվրոպական երկիր, որ, թեև չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, բայց սատարում է Ուկրաինայի անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Եվրոպայում Պուտինի «ակումբը» շատ էական ճեղքվածք է տալիս: