16/09/2024

Իրանը կհայտարարի միջուկային ռումբի տնօրինման մասին, ըստ այդմ՝ պատասխանել է Իսրայելին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի օպերատիվ հարցերով հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Մոհսեն Չիզարին Իրանի Իսլամական Հանրապետության հեռուստատեսությանը (IRIB) տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախկին ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը Թեհրանի արձագանքը կլինի «մի այլ և անսպասելի»:

Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամ ամերիկյան վերլուծական կենտրոնը, որի շտաբ բնակարանը գտնվում է Վաշինգտոնում, օրերս հրապարակել է ուշագրավ ուսումնասիրություն, ըստ որի՝ մեկ միջուկային ռումբ ստեղծելու համար Իրանից կպահանջվի 7 օր: 9 այդպիսի ռումբ ստեղծելու համար կպահանջվի 1 ամիս: Իրանի՝ միջուկային ռումբ ստեղծելու կարողության մասին հայտարարություններ արել են նաեւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Շաբաթներ առաջ էր, որ պետքարտուղար Բլինքենը հայտարարեց, որ իրենց տվյալով Իրանին անհրաժեշտ է մոտ երկու շաբաթ, որպեսզի ստեղծի միջուկային ռումբ: Անցել են շաբաթներ: Ավելին, ամիսներ են անցել ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հայտարարություններից, որոնք դարձյալ նշում էին, որ Իրանին շաբաթներ են բաժանում միջուկային ռումբի հնարավորությունից:

«Իրանը միջուկային տերություն կդառնա՞, թե՞ ոչ» հարցադրմանը միջազգային օրակարգում թերեւս աստիճանաբար փոխարինելու է գալիս հարցադրումը, թե «ե՞րբ կդառնա Իրանը միջուկային տերություն», կամ, գուցե՝ «ե՞րբ կհայտարարվի» այդ մասին:

Այդ իմաստով, երբ իրանցի պաշտոնյաները խոսում են Իսրայելին «անսպասելի մի այլ» պատասխանի վերաբերյալ, ապա առնվազն ենթադրություններից մեկը կարող է լինել հենց այն, որ Իրանը կհայտարարի միջուկային ռումբի տնօրինման մասին:

Իսկ դա իրապես անսպասելի, որակապես այլ պատասխան կլինի Իսրայելին, թերեւս ավելի ուժգին, քան կարող էր լինել ռազմական որեւէ հարված: